Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Եվրահանձնաժողովը երկու նոր որոշում է ընդունել, որոնք հավաստում են, որ Հայաստանի և Միացյալ Թագավորության կողմից տրված COVID-19 վկայագրերը համարժեք են ԵՄ թվային COVID վկայականին։ Այս մասին ասվում Է Եվրահանձնաժողովի տարածած հայտարարության մեջ:
Արդյունքում երկու երկրները կմիանան ԵՄ համակարգին, և նրանց կողմից թողարկված COVID-ի վկայականները կընդունվեն ԵՄ-ում նույն պայմաններով, ինչ ԵՄ թվային COVID վկայականը։ Միևնույն ժամանակ, երկու երկրները պայմանավորվել են ընդունել ԵՄ թվային COVID վկայականը ԵՄ-ից իրենց երկրներ ճանապարհորդելու համար։
Արդարադատության հանձնակատար Դիդիե Ռեյնդերսն ասել է. «Ավտանգ ճանապարհորդությունն իրականություն է ԵՄ թվային COVID վկայագրի շնորհիվ, որն այժմ առաջատար համաշխարհային ստանդարտն է. չորս մայրցամաքների 45 երկրներ միացված են համակարգին, և շատերը կհետևեն նրանց առաջիկա շաբաթներին և ամիսներին: Մենք բաց ենք այլ երկրների համար՝ միանալու մեր համակարգին»։ Այսօր ընդունված երկու որոշումներն ուժի մեջ են մտնում վաղը՝ հոկտեմբերի 29-ից։ ԵՄ թվային COVID վկայականի մասին լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել հատուկ կայքում: