ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ՝ ԿՈՆԿՐԵՏ ՓԱՍՏԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը երեկ ընդունել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով բարձրաստիճան զեկուցողների խմբին՝ պատվիրակության նախագահ, ԵԽ-ում Շվեդիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Մարթեն Էհնբերգի ղեկավարությամբ։ Հանդիպմանը ներկա է եղել ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը:

 

Պատերազմական հանցանքների ապացույցները, խոշտանգումների հիմնավորումները Արման Թաթոյանը ներկայացրել է իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի հետ միասին։ Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է 2020 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Արցախում տեղի ունեցած պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի պատերազմական հանցագործությունները։ Նա նշել է, որ ադրբեջանական զինված հարձակումներն ուղեկցվել են անմարդկային ու դաժան վերաբերմունքով, գլխատումներով ու խոշտանգումներով ինչպես ռազմագերիների, այնպես էլ քաղաքացիական գերիների նկատմամբ: Արման Թաթոյանը ներկայացրել է ապացույցներ, որ հայատյացությունն Ադրբեջանում փակ շղթայի մեջ է, գեներացվում է Ադրբեջանի իշխանությունների, այդ թվում՝ բարձրագույն մարմինների կողմից, այնուհետեւ գրեթե նույն ձեւակերպումներով լայնորեն օգտագործվում եւ խրախուսվում է մշակութային, սպորտային ու հանրային այլ գործիչների կողմից ու արժանանում հանրային գովասանքի՝ հաճախ թիրախում ունենալով երեխաների: Պաշտպանը տեղեկություններ է փոխանցել նաեւ ադրբեջանական իշխանությունների կողմից ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտման փաստերի վերաբերյալ։ Նա նշել է, որ ՀՀ պետական սահմանի հետ կապված հարցերը պետք է դիտարկվեն մարդու իրավունքների տեսանկյունից, որպեսզի դրանք երկրորդական պլան չմղեն, չսահմանափակվեն այդ իրավունքները պաշտպանելու պետության հնարավորությունները: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը մանրամասնել է, որ ադրբեջանական անօրինական արարքների հետեւանքով մարդիկ զրկվել են նույնիսկ դեռ խորհրդային ժամանակներից իրենց պատկանող տներից, հողատարածքներից, խոտհարքերից, որի հետեւանքով առաջ են եկել ոչ միայն սոցիալական, այլ նաեւ անվտանգային լուրջ խնդիրներ:

Ադրբեջանական զինվորականների անօրինական ներկայությունը ՀՀ ինքնիշխան տարածում, օրինակ՝ Սեւ լճում, անվտանգային լրջագույն խնդիրներ է առաջացրել շրջակա բնակավայրերի համար, քանի որ գտնվում են թիրախում, իսկ ադրբեջանական զինվորականները նաեւ արձակում են կրակոցներ: Դրանից բացի, մարդկանց մասը չի կարողանում զբաղվել անասնապահությամբ, որն իրենց ընտանիքների եկամտի աղբյուրն է, իսկ Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերում խոշոր ու մանր եղջերավոր կենդանիներին չեն կարողանում պահել արոտավայրերի մոտ առկա անասնագոմերում, ջուր խմեցնել կամ արածեցնել առանձին վայրերում. վտանգված է ջրային պաշարների հասանելիությունը ոչ միայն Սյունիքի, այլ նաեւ Գեղարքունիքի մարզում: Ավելին, մի շարք գյուղեր զրկված են ջրից: Արման Թաթոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի հետ միայն սահմանազատումը, առանց անվտանգության գոտի ստեղծելու, առանց ադրբեջանական զինված ծառայողների, նրանց ցուցանակների ու տեսախցիկների հեռացման, ոչ միայն չի ապահովելու ՀՀ քաղաքացիների ու, հատկապես, ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, այլեւ կդառնա իրավունքների նոր խախտումների ու նոր լարվածության պատճառ: Հանդիպման ժամանակ ինչպես Արման Թաթոյանը, այնպես էլ Սիրանուշ Սահակյանը մանրամասն անդրադարձել են նաեւ Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապությանը՝ նշելով, որ նրանց «ահաբեկիչներ» կամ «դիվերսանտներ» ներկայացնելը կոպտորեն խախտում է միջազգային պահանջները: Սիրանուշ Սահակյանը նշել է, որ հայկական կողմի բոլոր զինծառայողները եւ քաղաքացիական անձինք կարգավիճակով գերիներ են, պետք է անհապաղ ազատ արձակվեն եւ վերադարձվեն հայրենիք, առանց որեւէ քաղաքական կամ այլ նախապայմանի, իսկ ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ կոպտորեն ոտնահարելով գերիների եւ նրանց ընտանիքների իրավունքները, նրանց պատճառելով տառապանքներ եւ առաջացնելով լարվածություն հասարակությունում: Արման Թաթոյանն ու Սիրանուշ Սահակյանը նշել են, որ խախտումները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ ադրբեջանական կողմը պատասխանատվության չի ենթարկվել պատերազմական հանցագործությունների համար։ Պատվիրակության կազմում են եղել նաեւ ԵԽ-ում Ռուսաստանի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Անդորրայի, Էստոնիայի, Իսլանդիայի, Շվեյցարիայի մշտական ներկայացուցիչ դեսպաններ, ինչպես նաեւ ԵԽ գլխավոր քարտուղարության ծրագրերի գլխավոր տնօրինության ղեկավար Վերենա Թեյլորը, Երեւանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը եւ այլք։

Ն. Պ.

 

 

ՏՂԱՄԱՐԴՈՒՆ ԲԵՐՄԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿԵԼ

Հոկտեմբերի լույս 19-ի գիշերը Սեբաստիայի փողոցում ծառայություն իրականացրած պարեկները նկատել են առանց համարանիշերի «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջին ու մեքենայով փախել է, կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը եւ ճանապարհային երթեւեկության կանոնները՝ վտանգելով երթեւեկության մյուս մասնակիցների կյանքն ու առողջությունը։ Փախուստի ընթացքում «Մերսեդեսը» բախվել է մայթեզրին, ինչի հետեւանքով անվադողերը պայթել են։ Պարեկներն իրենց մեքենայով Իսակովի պողոտայում փակել են «Մերսեդեսի» ճանապարհը, սակայն վարորդը փորձել է փախչել, ու մեքենան բախվել է պարեկների ավտոմեքենային՝ վնասելով այն։ Այդ ընթացքում պարեկները կարողացել են նրան դուրս հանել մեքենայից ու բերման ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին։ Պարզվել է, որ վարորդը Երեւանի բնակիչ է, 39 տարեկան, չունի վարորդական իրավունքի վկայական, մեքենան էլ վարել է ոչ սթափ վիճակում:

 

 

ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԳԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԱԾՆԵՐԻՆ

ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ Պաշտպանի ներկայացուցիչները, այդ թվում՝ աշխատակազմի բժիշկը, այցելել են Ադրբեջանում գերությունից երեկ վերադարձած անձանց: Կիրականացվեն նրանց առողջական վիճակի ուսումնասիրություն ու անհրաժեշտ այլ գործողություններ։ Հիշեցնենք, որ երեկ ՌԴ միջնորդությամբ Ադրբեջանից Հայաստան է վերադարձվել հինգ գերի՝ Մելս Կարապետի Ամբարդյանը, Ռաֆիկ Ռոբերտի Կարապետյանը, Ժորա Վանոյի Մանուկյանը, Հովսեփ Ռոբերտի Մանուկյանը եւ Սեդրակ Սամվելի Սողոմոնյանը։ Նրանցից 3-ին` Ռաֆիկ Կարապետյանին, Սեդրակ Սողոմոնյանին եւ Մելս Ամբարդանյանին, հուլիսի 23-ին Բաքվի դատարանը դատապարտել էր 6 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի բանտում: Այդ օրը 6 տարվա ազատազրկման էին դատապարտվել եւս 10 հայ ռազմագերի։ Դրանից բացի, Բաքվի դատարանում հուլիսի 22-ին նմանատիպ դատավճիռ էր կայացվել 13 հայ գերիներից բաղկացած մեկ այլ խմբի նկատմամբ, որոնց թվում նաեւ Ժորա Վանոյի Մանուկյանն էր:

 

 

 

ՎԹԱՐՆԵՐԻ ԹԻՎԸ ՉԻ ՊԱԿԱՍՈՒՄ

Հոկտեմբերի 20-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 50 կմ հատվածում դեպի Երեւան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել քարերին ու Հյուսիս-Հարավ նոր կառուցվող ճանապարհին տեղադրված բետոնե արգելապատնեշներին, մի քանի պտույտ գլորվել եւ հայտնվել ճանապարհի երթեւեկելի գոտուց դուրս։ Վթարի հետեւանքով 5 հոգի տեղում մահացել են, 12 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Այն, որ մարզային երթուղայիններն անմխիթար վիճակում են ու մարդկային կյանքեր են խլում, գաղտնիք չէ: Ո՛չ իրավապահները, ո՛չ ոլորտի պատասխանատուները կատարվող դեպքերից դաս չեն քաղում,  ինչի հետեւանքով զոհեր ենք ունենում:

Բանն այն է, որ սա առաջին դեպքը չէ. 2011 թվականի դեկտեմբերի 21-ին ավտովթար էր տեղի ունեցել Շիրակի մարզում։ ժամը 17։30-ի սահմաններում Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կմ-ում՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, «Գազել» մակնիշի, 09 20 Լ համարանիշի մեքենայի վարորդը շրջվել էր ավտոմեքենայով։ Վթարի հետեւանքով վարորդը եւ յոթ ուղեւորները, այդ թվում՝ մեկ երեխա, մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել էին Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոց։ Ավելի ուշ ողեւորներից մեկը մահացել է:

2014 թվականին կրկին Երեւան-Գյումրի ավտոճանապարհի` Հոռոմ գյուղի խաչմերուկում խոշոր ավտովթար էր եղել, եւ փաստի առթիվ Քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի երրորդ մասի հատկանիշներով՝ ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ: Ձերբակալվել է է «Իմեքս» ընկերությանը պատկանող «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդ Մ. Վարդանյանը: Հիշեցնենք՝ բեռնատարը բախվել էր «Գազել» մակնիշի մարդատար ավտոմեքենային, ինչի հետեւանքով «Գազել»-ը պայթել էր եւ հրդեհվել։ Գյումրի-Երեւան երթուղայինի 14 ուղեւորներից 7-ը տեղում մահացել են, մյուսները՝ տեղափոխվել Գյումրիի հիվանդանոց։ Զոհվածների թվում էր միկրոավտոբուսի վարորդը, նաեւ ծանրամարտիկ, Հայաստանի պատանեկան առաջնության հաղթող Վանիկ Սարգսյանը: Վիրավորների թվում կար նաեւ 14 տարեկան երեխա։ Այս իրավիճակին պետք է լուծում տրվի, եւ կոնկրետ մեղավորների պատասխանատվության հարցը բարձրացվի՝ երթուղին սպասարկող ընկերությունը պատշաճ ստուգում է մեքենաների վիճակը արդյոք, եւ կոնկրետ Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնում ինչով են զբաղված, արդյոք ստուգել են՝ երթուղայինը շահագործման ենթակա է եղել, թե ոչ:

Ք.Մ.

 




Լրահոս