Կրթական օջախներն ու ուսումնական հաստաատությունները քաղաքական գործընթացների մաս չդարձնելու անթույլատրելիության մասին մշտապես է խոսվել։ Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, քարը քարին չթողնելով, քննադատում էր ՀՀԿ-ականներին հայաստանյան բուհերը ՀՀԿ-ականացնելու մեջ: 2018-ի ապրիլյան ընդվզման օրերին նույնպես Ռոդենի արձանի ֆոնին կանգնած` ընդդիմադիր Փաշինյանը հայտարարում էր, որ բուհերի ուսանողները, հանուն ուսման վարձի փոխհատուցման, չպետք է վիզ ծռեն ՀՀԿ երիտասարդական կառույցների առջև, խնդրեն վարձը փոխանցել ու դրա դիմաց Հանրապետականի շարքերը համալրեն:
«Բուհի ուսանողը գնում է հանրահավաքին թռուցիկ բաժանելու, ասում են՝ էս ինչ եք անում, բուհերը մի քաղաքականացրեք, բայց ոչ ոք չի ասում, որ Երևանի պետական համալսարանի խորհրդի նախագահը Սերժ Սարգսյանն է: Բոլոր բուհերի կառավարման խորհուրդները գտնվում են ՀՀԿ-ի վերահսկողության ներքո: Գնում ենք, որևէ բուհ ենք մտնում, ասում են՝ դուք օրենքը խախտեցիք, իսկ օրենքը հետևյալն է՝ պատկերավոր ասած՝ բոլորը բուհերը պատկանում են ՀՀԿ-ին, ու արգելվում է այս օրենքը կասկածի տակ դնել»,- ընդգծում էր Փաշինյանը: Բոլոր բուհերը, բարձրագոչում էր Փաշինյանը, պետք է ապաքաղաքականցվեն, ռեկտորները կուսակցական պատկանելիություն չունենան:
Ապաքաղաքական բուհերի մասին նաև Փաշինյանի խորհրդական, նախկինում կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարի պաշտոնը զբաղեցնող Արայիկ Հարությունյանն էր խոսում: 2019-ի փետրվարին արդեն խոսում էր, թե բուհերի 99 տոկոսը ապաքաղաքականացվել է: Թե ի՞նչ հիմքով էր Հարությունյանը նման խրոխտ հայտարարություն անում, հայտնի չէ: Ըստ երևույթին՝ նա նկատի ուներ, որ բուհերի հոգաբարձուների խորհուրդը ապահանրապետականացվել է, բայց ՀՀԿ-ականներին փոխարինելու են եկել ՔՊ-ականները կամ իշխանության հետ փոխկապակցված անձինք: Փաստն այն է սակայն, որ իշխանափոխությունից հետո բուհերն ապաքաղաքականցվելու փոխարեն ընդամենը նոր՝ ՔՊ-ական ժամանակներ են թևակոխել: Երևանի պետական համալսարանում, օրինակ, ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, իմքայլական նախկին պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն է նշանակվել, իսկ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը երկարատև դեերումներից հետո վերջապես գտել է իր նոր «տերերի»։ Հոգաբարձուների խորհրդի կազմում հիմնադրամը ներկայացրել է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանին, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանին, վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանին, ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանին, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին: Թե որքանով են վերոնշյալ անձինք ապաքաղաական ու ինչ կապ ունեն իշխանության կամ Փաշինյանի կաբինետի հետ, թողնում ենք ՀՀ «հպարտ ու արժանապատիվ» քաղաքացինեի դատին:
Նիկոլ Փաշինյանը խիստ վստահ տոնայնությամբ հայտարարում էր նաև բուհերի ինքավարությանը հասնելու մասին: «Բուհերը պետք է անցնեն 100 տոկոս ինքնակառավարման»,-շեշտում էր նա ու հավելում․ «Սա նշանակում է, որ բուհական ամբողջ ղեկավարությունը, սկսած ռեկտորից ավարտած մյուս պաշտոնյաներով, պետք է ընտրվեն բացառապես բուհերի ուսանողների ու դասախոսական կազմի համընդհանուր քվերակությամբ»: Այն ինչ տեղի ունեցավ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո, սակայն, բավական հուզիչ էր: Բուհերը ոչ միայն իքնավարություն չստացան, այլև բարձրագույն կրթության մասին օրենք մշակողներն ու ոլորտի պատասխանատու նախարարը սկսեցին հայտարարել, որ բուհերն, իրականում, պետությունից անկախ գործել չեն կարող, քանի որ պետբյուջեից են սնվում: Փաստորեն, իշխանության խոստումները, թե անելու են հնարավորը, որ բուհերն ապաքաղաքականցվեն ու ինքնավարություն ստանան, սին ու պաթետիկ խոստումներ էին սոսկ: Ու 2018-ից ի վեր արվեց հնարավորը, որ բուհերը կառավարելի մնան օրվա իշխանության համար։
Սևակ Վարդումյան