Թագուհի Թովմասյանն ու Կոպիրկինն անդրադարձել են ՀՀ-Ադրբեջան դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացին, Արցախի կարգավիճակին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը նոյեմբերի 1-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Թագուհի Թովմասյանը ներկայացրել է իր գլխավորած հանձնաժողովի լիազորությունները եւ գործունեությունը՝ նշելով, որ արդեն իսկ մոտ 10 արդյունավետ հանդիպում է կազմակերպվել, որոնց ընթացքում, մասնավորապես, քննարկվել են Արցախին, սահմանամերձ համայնքների բնակիչների իրավունքներին առնչվող հարցեր: Հանձնաժողովի նախագահը ՌԴ գործընկերների հետ համագործակցելու պատրաստակամություն է հայտնել: Դեսպանն իր հերթին նշել է, որ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում երկու երկրների համապատասխան մարմինների միջեւ առկա է կառուցողական փոխգործակցություն:

Կողմերը կարեւորել են հայ-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակը՝ այդ հարթությունում ընդգծելով օրենսդիր մարմինների փոխգործակցության զգալի դերը: Խորհրդարանական դիվանագիտության աշխուժացման առումով անհրաժեշտ է համարվել Հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստի անցկացումը: Անդրադարձ է եղել խորհրդարանական տարբեր հարթակներում երկու երկրների պատվիրակությունների արդյունավետ աշխատանքին:

Թագուհի Թովմասյանը խոսել է մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության սահմանափակման խնդիրների մասին: Այս համատեքստում նա տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսում է Հայաստանում ՌԴ քաղաքացիների, ինչպես նաեւ ՌԴ-ում ապրող, այդ երկրի քաղաքացի հանդիսացող եւ չհանդիսացող հայերի քաղաքացիության խնդիրների վերաբերյալ քննարկումներ կազմակերպել:

Պատգամավորը բարձրաձայնել է Ադրբեջանի գլխավոր դատախազի այն հայտարարության մասին, ըստ որի՝ այդ երկրում ՀՀ 320 քաղաքացու նկատմամբ հայտարարված է միջազգային հետախուզում: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ այդ խնդրի լուծման հարցում ակնկալում է ՌԴ աջակցությունը, որպեսզի հետախուզման մեջ գտնվող հայերը տեղեկացված լինեն իրենց նկատմամբ հարուցված քրեական գործերի եւ դրանց հետեւանքների մասին:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայ առաքելական եւ Ռուս ուղղափառ եկեղեցիների արդյունավետ համագործակցությանը, Ռուսաստանում հայ համայնքի ծանրակշիռ դերակատարությանը, ՀՀ-Ադրբեջան դեմարկացիայի եւ դելիմիտացիայի գործընթացին, Արցախի կարգավիճակին: Այս առումով կարեւորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը:




Լրահոս