Ինչ ցուցմունք են տվել ձերբակալված բարձրաստիճան սպաները․ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել․ «Օրերս տեղեկացանք, որ Դավիթ Տոնոյանի վերաբերյալ քրեական գործով ԱԱԾ-ն ձերբակալել է նույն գործով մինչ այդ վկայի դատավարական կարգավիճակով հարցաքննված ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին եւ ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին:

Բարձրաստիճան այս երկու սպաները քրեական գործով տվել էին գործի մյուս նյութերի հետ հակասության մեջ չգտնվող, Դավիթ Տոնոյանի մեղադրանքը հերքող ցուցմունքներ: Պաշտպանության կողմն ունի նաեւ այլ տեղեկություններ նշված երկու անձանց ձերբակալելու «առիթների» վերաբերյալ, որոնք այս պահին հանրայնացնելը նպատակահարմար չենք համարում:Այս գործելաոճը պաշտպանական կողմի մոտ խորացնում է առկա լուրջ մտահոգությունները՝ ցանկացած, այդ թվում նաեւ օրենքով արգելված մեթոդներով նախաքննությունը ԱԱԾ-ի նախընտրած ուղենիշով տանելու, Դավիթ Տոնոյանին, որքան հնարավոր է, երկար ժամանակ կալանքի տակ պահելու եւ արդեն իսկ փլուզված գործի՝ հիմնավոր լինելու պատրանք ստեղծելու վերաբերյալ:

Միաժամանակ հարկ ենք համարում անդրադառնալ ԱԱԾ-ի տարածած այն հայտարարությանը, որ մատակարարումից որոշ ժամանակ անց ձեռք բերված հրթիռների մի մասը չեն կրակվել և դուրս են հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն իբր ընդհանրապես չեն կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ: Այդ կապակցությամբ պետք է նշել, որ նշված տեղեկությունը առավելապես կրում է մանիպուլյատիվ ապակողմնորոշիչ նշանակություն, քանզի այն հերքվել է նույն քրեական գործով արդեն իսկ ձեռք բերված տվյալներով, մասնավորապես՝ ըստ քրեական գործի նյութերի՝ հիշյալ հրթիռների մի մասը ոչ միայն կիրառվել է 2020թվականի պատերազմի ընթացքում, այլ նաև դրանից առաջ՝ ուսումնական վարժանքների ժամանակ, իսկ դրանց անորակ լինելու, մարտական խնդիրներ չկատարելու մասին գործով որևէ տվյալ ձեռք չի բերվել:

Տեղին ենք համարում հիշեցնել նաև ՀՀ վարչապետի՝ վերջերս Ազգային ժողովում արված հայտարարությունն այն մասին, որ սույն քրեական գործը հարուցվել է վարչապետին ենթակա Ազգային անվտանգության ծառայության կողմից, եւ միջազգային բոլոր զեկույցներն արձանագրում են, որ առանց քաղաքական կամքի առկայության այս կարգի գործերը չեն կարող բացահայտվել եւ բացահայտման ուղղությամբ գնալ:

ՀՀ վարչապետին և նրա ենթակա կառույցին առաջարկում և հորդորում ենք իսկապես դրսեւորել քաղաքական կամք՝ գործի օբյեկտիվ քննությունն ապահովելու, գործով ճշմարտությունը բացահայտելու նպատակով: Այդ օբյեկտիվությունն ապահովելուց հետո միայն կանդրադառնանք անկախ փորձաքննության աջակցությամբ նախաքննության մարմնին զինամթերքի պիտանելիության, արտադրության եւ պահպանման ժամկետների, ինչպես նաեւ «շուկայական գին» հասկացությունը պարզաբանելուն»:




Լրահոս