ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ավինյանը կստանձնի Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի ղեկավարումը. ի՞նչ պայման է դրել ՔՊ-ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Իշխանությունները որեւէ կերպ չեն համակերպվում տեղական ինքնակառավարման մի քանի մարմիններում գրանցված պարտության հետ: «Ժողովուրդ» օրաթերթը դեռ օրեր առաջ էր գրել, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ջանք ու եռանդ չի խնայում Հայաստանի թեկուզ ամենափոքր համայնքում սեփական թեկնածուին «թագավոր» կարգելու համար: Մեղրի համայնքում, օրինակ, դեռ հստակ չէ, թե ի վերջո ով է համայնքապետ ընտրվելու: «Հանրապետություն» կուսակցությունը ընտրություններին ամենաշատ՝ 6 քվե է ստացել, բայց դա բավարար չէ, որ կարողանա ինքն իրենով համայնքապետ ընտրել:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է փորձում եղանակ փոխել, Մեղրիում մանդատներ ստացած «Հանրապետություն», «Ազատական» ու «Ապրելու երկիր» կուսակցություններին ասել է, թե 5 մանդատ ստացած ՔՊ-ին պետք է միանան ու օգնեն իշխանության թեկնածուին քաղաքապետ կարգել զուտ միայն այն պատճառով, որ այսօր իշխանության ղեկին ՔՊ-ն է, հետեւաբար իշխանությունն ինչպես ասի, այնպես պետք է շարժվեն: Կուսակցությունները, սակայն, բացասաբար են ընդունել Ավինյանի ասածն ու հակառակվել, թե նման տոնայնությամբ որեւէ առաջարկ չեն ընդունի:

Այդ ամենի հետեւանքն այն է, որ հոկտեմբերի 17-ից մինչ օրս հստակ չէ, թե Մեղրիում, ի վերջո, ով է համայնքապետ լինելու: Մեր ունեցած տեղեկություններով՝ իշխանությունը Տիգրան Ավինյանի առաջ պայման է դրել՝ եթե Սյունիքի ՏԻՄ ընտրություններում հաջողություն գրանցի, ապա Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի կառավարումն իրեն կվստահվի: Եվ, ըստ այդմ, նախկին փոխվարչապետը ջանում է անել հնարավորը, որ բոլոր այն համայնքներում, որտեղ իշխանությունը փոքր-ինչ մանեւրելու տեղ ունի, կարողանա ղեկավարումն իր ձեռքն առնել:




Լրահոս