Երեկ տեղի ունեցած Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ընթացքում պատգամավոր Գեղամ Նազարյանը մի շատ կարևոր և ցավոտ հարցի մասին բարձրաձայնեց։
Պատերազմի արհավիրքը, ցավոք սրտի, բազմաթիվ ընտանիքներում թե՛ մարդկային, թե՛ սոցիալական կորուստի պատճառ դարձավ, սակայն առ այսօր հենց այդ նույն ընտանիքները բախվում են խնդրի, երբ բանկերը պահանջում են վարկային պարտականությունների կատարում։
ՄԻՊ Արման Թաթոյանն էլ նշեց, որ նույնիսկ դեպք է գրանցվել, երբ վարկային կազմակերպությունը դատի է տվել Տեղ համայնքի բնակչին, ով վարկը ծառայեցրել էր անասունների ձեռքբերման նպատակին, որոնք ադրբեջանական զինուժի կողմից գողացվել են, կամ քաղաքացուց պահանջում են հիփոթեքային վարկի մարում, մինչդեռ վերջինս այդ տունը կորցրել է պատերազմի արդյունքում և նմանօրինակ շատ խնդիրներ։
Ես և Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը տեղում արագ քննարկման արդյունքում որոշեցինք երկու հանձնաժողովներով համատեղ նիստ հրավիրել, որտեղ հրավիրված կլինեն ԿԲ-ի և որոշ այլ բանկերի նախագահներ, և կքննարկվեն վերոնշյալ խնդրի և դրա հետ հետ առնչվող բոլոր հարցերը։
ՄԻՊ Արման Թաթոյանը անդրադարձավ նաև Կութ գյուղում վերջերս տեղի ունեցած ադրբեջանական զինուժի կողմից հափշտակման դեպքին՝ ավելի քան 80 խոշոր եղջերավոր, որոնք պատկանում էին 5 ընտանիքների։ Պարոն Թաթոյանը այս հարցով դիմել էր նաև Ազգային Ժողով․
«Ես ստացել եմ Ձեր և քաղաքացիների նմանաբովանդակ դիմումները։ ԱԺ ամբիոնից ինչպես հայտարարությամբ, այնպես էլ հարց ու պատասխանի ֆորմատով բարձրաձայնել եմ խնդիրը, սակայն, ցավոք սրտի, առայժմ որևէ լուծում չկա, և փոխհատուցման մասին որևէ պատկերացում չկա գործադիրում, ինչը շատ վատ ավանդույթ է այն իմաստով, որ քաղաքացիներն իսկապես իրենց անպաշտպան են զգում, և եթե ադրբեջանցիները հափշտակում են մեր գյուղացիների կովերը, ապա ստացվում է, որ գյուղացին իր խնդիրների և վարկերի հետ մնում է միայնակ, և կառավարությունը քայլեր չի իրականացնում», – նշեցի իմ խոսքում։
Նշվեց, որ Կառավարությունում քննարկումներ են իրականացվում, շրջանառվում է առաջարկ, առայժմ չունեմ այն հարցի պատասխանը, թե ինչ փոխհատուցում է նախատեսված գողացված կովերի համար, երբ կունենամ, սիրով կարձանագրեմ նաև պատասխանը։