ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԹԱՑՔ Է ՏՎԵԼ ԱՐՏԱՀԵՐԹ ԶԵԿՈՒՅՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ Աժ-ում ընթացող 2022թ. պետբյուջեի նախագծի քննարկման ավարտից հետո, ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանից ArmLur.am-ը հետաքրքրվեց, թե նա, լինելով արդարադատության նախարար, ցավում է արդյոք, որ Հայաստանում կա օրենք: Հիշեցնենք, որ Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում նախարարը հնչեցրել էր հետեւյալ արտահայտությունը. «Իմ ձեռքը լիներ՝ ընդամենը կես ժամում վեթինգն արել վերջացրել էի, բայց, ցավոք սրտի, էս երկրում կա օրենք»։

 

Ավելին՝ նախարարը հայտնել էր, որ, որպես նախարար, արդեն այդքան խոսելու բան չունի, այլ գործ ունի անելու: «Եվ ես պիտի իմ բաժին գործը անեմ, իմ բաժին խողովակը դնեմ, որ ե՛ւ Ալի Բաբան, ե՛ւ իր 40 դատավորները, ե՛ւ իր մնացած 400 ավազակները կամաց գան, մտնեն այն խցերը»: Ինչո՞ւ նախարարը չի գնում 40 ավազակների հետեւից, եւ դեռ ավելին՝ լինելով մարդու իրավունքների պաշտպան՝ նա 2013 թվականին  հրապարակել էր զեկույց, թե դատարաններում ինչ կաշառքի սակագներ են գործում: Զեկույցի մեջ նշվում է. «Կաշառքի չափը որոշվում է հայցագնի 10 տոկոսից ելնելով: Հարցվածների մեծ մասի պնդմամբ՝ կաշառքի սակագները տատանվում են հետեւյալ միջակայքում՝ առաջին ատյանում՝ 500-ից 10,000 ԱՄՆ դոլար, վերաքննիչում՝ 200-ից 15,000, վճռաբեկում՝ 10-ից 50,000»:

-«Իմ ձեռքը լիներ՝ ընդամենը կես ժամում վեթինգն արել վերջացրել էի, բայց, ցավոք սրտի, էս երկրում կա օրենք». ի՞նչ կասեք այս մասով:

-Սարկազմը գիտե՞ք՝ ինչ է. դա այն է, երբ դու շրջադարձում ես միտքը՝ հակառակ ճշմարտությանը, դա նշանակում է հեգնել կամ սարկազմով ինչ-որ բան ասել: Ձեր կարծիքով՝ իրավաբանը կարո՞ղ է ասել՝ ցավոք սրտի:  Երբ լրագրողն ինձ ասում է՝ ինչու հենց հիմա չեք անում, ինչու մեկ ժամից կամ կես ժամից չեք անում, ես ասում եմ՝ ցավոք սրտի, օրենք կա: Այսինքն՝ դա այնքան ակնհայտ է, որ սա պարունակում է հեգնանք: Եթե դու ժողովրդի անունից ասում ես՝ մի բան արա, որն ակնհայտ անօրինական է, ինձ մնում է միայն ասել, որ, ցավոք սրտի, օրենք կա, եւ ես չեմ կարող Ձեր  անօրինական պահանջը կես ժամում իրականացնել:

-Պարո՛ն Անդրեասյան, Դուք, մարդու իրավունքների պաշտպան լինելով, հայտնի, աղմկահարույց զեկույց հրապարակեցիք՝ դատավորների, կաշառքի գների հետ կապված: Ինչո՞ւ հիմա հենց նույն զեկույցի հետքերով չեք գնում:

-Ես հենց հիմա անում եմ դա իմ ձեւով, օրենքի շրջանակներում՝ հենց այդ 40 ավազակների մասին հիշեցնելով, կարգապահական վարույթներ անելով:

-Անուններ կտա՞ք 40 ավազակների:

-Եթե անուններ կարողանայի տալ, վաղուց կտայի, քանի որ այն մարդիկ, որոնք ինձ անունները այն ժամանակ վստահել են, հատուկ խնդրել են, որ դա պահվի կոնֆիդենցիալ: Մարդու իրավունքների պաշտպանը պարտավոր է պահել դա կոնֆիդենցիալ, եթե իր աղբյուրը չի ուզում բացահայտվի: Իսկ եթե ես չեմ ասելու, թե ով եւ ինչ ինֆորմացիա է ինձ տվել, ես չեմ կարող մարդկանց վարկաբեկել:

-Հիմա այդ ինֆորմացիան օգտագործո՞ւմ եք:

-Ես ուղղակի հիմա հիշում եմ համակարգը եւ փորձում եմ  օրենքի տառով օբյեկտիվ կարգապահական վարույթներ հարուցել, նաեւ անել բարեփոխումներ, որը կմաքրի նրանց, ում հիշում եմ:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 

ԹԵԺ ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ

ՀՀ պետական բյուջեով այս տարի Անկախության տոնի վրա 0 դրամ է ծախսվել: Այս մասին երեկ՝ ԱԺ հանձնաժողովներում 2022 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, նշել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: «Մենք հնարավորություն ունենք գործընկերների հետ իրականացնել ծրագիր, որպեսզի լրացուցիչ ծանրաբեռնվածություն չլինի բյուջեին: Ինչ վերաբերում է Քաղաքացու տոնին, մենք ամեն տարի պետք է նշենք: Ասեմ ավելին՝ հնարավորության դեպքում այդ բյուջեն պետք է ավելացնենք, որովհտեեւ, ի տարբերություն ձեր իշխանության տարիների, քաղաքացին մեր գերագույն արժեքն է»,- դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանին՝ ասել է Հարությունյանը:

 

Նրա խոսքով՝ ՀՀ քաղաքացին է, որ ցույց է տալիս յուրաքանչյուրի տեղը քաղաքական կյանքում. «Այո, մենք չենք կարող նշել օլիգարխի տոն ու չենք նշելու, մենք չենք նշելու բյուջեից գումարներ հափշտակողների տոն, սա այլ արժեհամակարգ կրող քաղաքական ուժերինն է, մենք նշելու ենք քաղաքացու տոնն ու ավելի մեծ շուքով»,-ընդգծել է վարչապետի աշխատակազմի ղեկավարը: Աղվան Վարդանյանն էլ հայտարարեց, թե սովոր չէ նման քննարկումները վերածել «քաղաքական չգիտեմինչերի»: «Թույլ եք տալիս, թույլ տվեք, դրանով է տարբերվում քաղաքական մարդը պատահական մարդկանցից»,- ասել է պատգամավորը:

Նա ընդգծել է՝ եթե ստացվում է 1,2 միլիարդ հայթայթել ու նշել Անկախության օրը, դժվար չէր լինի 40 միլիոն էլ հայթայթել ու «Քաղաքացու օրը» նշել: Վարդանյանի խոսքով՝ բոլոր ուսումնասիրություններով՝ Անկախության օրը ծախսվել է 400-ից 450 միլիոն դրամ:

«Գումարները ինչ են եղել՝ չգիտեմ, ովքեր են այդ ծախսերը իրականացրել, կարծում եմ՝ հանրայնացնելու ձեւերը կան, ու ինչ առնչություն ունի աշխատակազմի ղեկավարը այդ միջոցառման կազմակերպիչների հետ, եւս հայտնի է»,- ասել է ընդդիմադիր պատգամավորը:

Արայիկ Հարությունյանն էլ շեշտել է, որ  Աղվան Վարդանյանը իրավական առումով կարող է խնդիրներ ունենալ, եթե չհրապարակի աղբյուրները ու իր առնչությունը ֆինանսավորողների հետ. «Խնդրում եմ դա անել, այլապես այլ հարաբերություններում կճշտենք այդ հարցը», – ասել է վարչապետի աշխատակազմի ղեկավարը:

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցութան պատգամավոր Աննա Մկրտչյանն էլ ասել է, թե զավեշտալի է այն մարդկանցից լսել օլիգարխների մասին հիշատակումները, ում պատգամավորական ֆրակցիայում առնվազն մի քանի քրեաօլիգարխի ներկայությունն արդեն իսկ հաստատված փաստ է: «2021 թվականի հուլիսի 1-ից մինչեւ հոկտեմբերի 31-ը 122 օր է, որոնցից աշխատանքային՝ 85 օր, այս 85 օրից 54 օրը հանրապետության նախագահն անցկացրել է ոչ Հայաստանում»,- նոյեմբերի 3-ին՝ ԱԺ հանձնաժողովների նիստում 2022 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, նշեց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը: Նրա խոսքով՝ այդ օրերին Արմեն Սարգսյանը գտնվել է արտասահմանում՝ մոտ 7 երկրում:

«Տեսեք, նախագահը պետական կարեւորագույն ինստիտուտներից մեկն է, ու երբ այդ ինստիտուտի բոլոր ծախսերի մոտ 25-30 տոկոսը կազմում են միայն արտասահմանյան գործուղումների վրա ծախսերը, ինձ մոտ մի տեսակ թյուրըմբռնում է առաջանում՝ որքանով է այդ ինստիտուտը իր գործառույթներով զբաղվում», – ասել է ընդդիմադիր պատգամավորը:

Ն. Պ.

 

 

ՇՈՒՐՋ 2 ՄԼՆ ԴՐԱՄ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ

Արդեն մի քանի օր է, ինչ հանրությունը չի դադարում քննարկել Հայաստանի գլխավոր դատախազին եւ նրա տեղակալներին աշխատավարձի 90-120 տոկոսի չափով հավելում տալու վերաբերյալ հարցը: Այս թեմայի շրջանակներում ArmLur.am-ը ուսումնասիրեց ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած հայտարարագիրը:

Այսպես, մեզ հայտնի դարձավ, որ Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը թվով 5 անշարժ գույք ունի՝ անհատական բնակելի 2 տուն, որոնցից մեկը՝ Շիրակի մարզի Հոռոմ համայնքում, մյուսը՝ Աջափնյակ վարչական շրջանում, 3 հողամասն էլ՝ Հոռոմում: Գլխավոր դատախազի բանկային մնացորդներին եղած գումարը նախորդ տարեվերջին կազմել է 7 մլն 641 հազար դրամ, իսկ կանխիկ դրամը՝ 5.1 մլն դրամ:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ գլխավոր դատախազի եկամուտն ընդհանուր կազմել է մոտ 19.5 մլն դրամ, որից 118 հազար դրամը Դավթյանը ստացել է Երեւանի պետական համալսարանից, իսկ 2 մլն 597 հազար դրամը՝ Պետական եկամուտների կոմիտեից:  Միայն ամսական աշխատավարձը կազմել է՝ 1 մլն 390 հազար դրամ: Գլխավոր դատախազի կնոջ՝ Անի Դավթյանի կանխիկ դրամը կազմել է 3 մլն դրամ, իսկ աշխատավարձը 44 հազար դրամ, որը ստացել է Երեւանի պետական համալսարանից:   Գլխավոր դատախազի հայրը՝ Սարգիս Դավթյանը, թվով 4 անշարժ գույք ունի, որոնք են Hyundai Gaz, Zil, Lexus: Ի դեպ, վերջինը՝ 2014 թվականի արտադրության Lexus-ը, դատախազի հայրը գնել է 2019 թվականին: Բացի այս, հայր Դավթյանն ունեցել է 3.5 մլն դրամի չափով կանխիկ գումար, իսկ բանկային հաշիվներին եղած գումարը կազմել է 2 մլն 797 հազար դրամ: Նրա ամսական աշխատավարձը կազմել է 431 հազար դրամ, որը ստացել է «Այբիէմթի լոգիստիկ» ընկերությունից: Ստացած կենսաթոշակը կազմել է 46 հազար 700 դրամ: Բացի այս, նա այլ եկամուտ է ստացել՝ 2 մլն 580 հազար դրամի չափով, իսկ աղբյուրը նշված է՝ շուկա: Թե ինչ է վաճառել դատախազի հայրը, հայտնի չէ:

Տեղեկացնենք, որ Հայաստանի արդարադատության նախարարությունն առաջարկում է գլխավոր դատախազի ու նրա տեղակալների պաշտոնները սահմանել «առանձնակի ռիսկային եւ մասնագիտացում պահանջող»: Բացի աշխատավարձից, նախագծի համաձայն՝ նրանց ամեն ամիս կտրվեն հավելումներ՝ աշխատավարձի 90-120 տոկոսի չափով: Եթե սա ընդունվի, ապա գլխավոր դատախազի ամսական վարձատրությունը կկազմի շուրջ 2 մլն դրամ, իսկ տեղակալներինը՝ 1.5 մլն դրամ:

Ս.Հ.

 




Լրահոս