ՀԱՐՑ. Խորհրդային ժամանակներում 65 տարեկանից բարձր քաղաքացիներին անձնագիրը տալիս էին անժամկետ: 75 տարեկան եմ, ինչո՞ւ են անձնագրիս ժամկետը երկարացնելու փոխարեն ինձ ստիպում նոր անձնագիր ստանալ: Հնարավո՞ր է` անձնագիրս չփոխեմ: Իվետա Հովհաննիսյան, 75 տարեկան, թոշակառուՊԱՏԱՍԽԱՆ. Սովետական ժամանակներում էլ անձնագիր` անկախ տարիքից, անժամկետ չեն տվել: Այնտեղ կար երեք էջ` 16 տարեկան, 25 տարեկան, 45 տարեկան: Այն ժամանակ կարգն այդպիսին էր: Մեր այժմյան անձնագիրը տրվում է 10 տարի ժամկետով, որի ժամկետը կարելի է երկարացնել, եթե անձնագրի վիճակը բարվոք է, եւս 5 տարով: Այնուհետեւ անձնագիրը ենթակա է փոխանակման, կարգն այդպիսին է: ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյան«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մեզ դիմած քաղաքացին խոստովանեց, որ ինքն անձնագիր օգտագործում է միայն կենսաթոշակ ստանալիս: Կարելի է ենթադրել, որ այս պարագայում փաստաթուղթը գերազանց վիճակում է: Տվյալ դեպքում մեր ընթերցողին առաջարկում ենք հենց այդ կերպ էլ վարվել: Նա նաեւ վրդովվել էր, որ նոր անձնագիր ստանալու համար ստիպված է 1100 դրամ վճարել, ինչն իր համար մեծ գումար է: Ցավոք, անձնագրային եւ վիզաների վարչության ներկայացրած պատասխանում ոչինչ նշված չէ փաստաթղթի գործածության ժամկետը երկարացնելու դեպքում վճարվելիք գումարի չափի մասին: Թեեւ կարելի է ենթադրել, որ այն 1100 դրամից քիչ կլինի:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ