Դերասանուհի Եվա Բաղդասարյանը «Օջախի երգը» հեռուստանախագծի ավարտից հետո նախընտրում է ստեղծագործական տեւական դադար ունենալ: Այս մասին դերասանուհին հայտնել է ArmLur.am-ի հետ զրույցում:
Եվա Բաղդասարյանի խոսքով՝ վերջին՝ «Օջախի երգը» նախագծում նկարահանվել է հոգեբանական ծանր տեսարաններում, որից հետո նրան պարզապես ժամանակավոր դադար եւ հանգիստ է հարկավոր:
«Անկեղծ ասած, վեց ամիս անդադար աշխատելուց հետո ինձ հիմա հարկավոր է հանգիստ, եւ չեմ ուզում մտածել ինչ-որ մի նոր նախագծում նկարահանվելու մասին: Առաջարկներ կան, բայց բոլորը մերժել եմ, քանի որ ո՛չ ֆիզիկապես, ո՛չ հոգեպես ի վիճակի չեմ: Կարծում եմ՝ մինչեւ տարեվերջ աշխատանքային դադար կունենամ եւ Ամանորից հետո նոր կսկսեմ լիարժեք անցնել աշխատանքի»,-նշում է դերասանուհին:
Եվա Բաղդասարյանի համոզմամբ՝ յուրաքանչյուր դերասանի ամեն նախագծից հետո հարկավոր է դադար, որից հետո նոր վերադառնալ աշխատանքի նոր կերպարով, որպեսզի հանդիսատեսն էլ չհոգնի անընդհատ նույն դերասանին տեսնելուց:
Անդրադառնալով հանգստին՝ մեր զրուցակիցն ընդգծում է, որ այս պահին նրա միակ նպատակն այն է, որ մեկնի ճանապարհորդելու եւ ընկերների հետ ժամանակ անցկացնի:
ArmLur.am-ը մեր զրուցակցից հետաքրքրվել է նաեւ, թե արդյոք վարակվել է կորոնավիրուս համավարակով, եւ ինչպես է վերաբերվում Կառավարության պահանջով կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստմանը:
«Կորոնավիրուսով արդեն հասցրել եմ վարակվել երկու անգամ: Առաջին անգամ վարակվել եմ անցած տարի՝ նույն այս ժամանակահատվածում, երբ թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես լարված ծանր վիճակում էինք գտնվում պատերազմի պատճառով, իսկ երկրորդ անգամ հիվանդացել եմ մոտ վեց ամիս առաջ: Երկու անգամն էլ հիվանդությունը տարել եմ շատ ծանր, եւ հիմա էլ երրորդ անգամ վարակվելու վտանգը կրկին առկա է»,-ասաց դերասանուհին:
Եվա Բաղդասարյանի խոսքով՝ չնայած հիվանդությունը ծանր տանելուն՝ նա դեռեւս հապաղում է պատվաստվել. «Դեռեւս սպասում եմ եւ հետեւում եմ պատվաստված մարդկանց արձագանքներին, հետո նոր որոշակի ժամանակ անցնելուց հետո կփորձեմ ինքս պատվաստվել»:
Նշենք, որ Հայաստանում նոյեմբերի 3-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2045 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 310 629-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 50 քաղաքացի, մահացածների թիվը 6491 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 7 դեպք: Նոյեմբերի 2-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1312 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 57 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 7803-ի:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«ԲԱՑԱՀԱՅՏԵՆՔ ՋԱՎԱԽՔԸ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
«Բացահայտենք Ջավախքը» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսում ներկայացված են համանուն լուսանկարչական արշավի մասնակիցների աշխատանքները, որոնք արտացոլում են Ջավախքի գույները, բնապատկերները, համն ու հոտը, ավանդույթները:
Ցուցահանդեսը, որը բաց կլինի մինչեւ նոյեմբերի 10-ը, գործում է Հայկական բարեգործական ընդհանուր միությունում:
«Ջավախքին աջակցություն» հիմնադրամը (ՋԱՀ), ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հայ լուսանկարիչների ազգային ասոցիացիայի եւ Հայկական բարեգործական ընդհանուր միության հետ համագործակցությամբ, օգոստոսի 27-29-ը կազմակերպել էր «Բացահայտենք Ջավախքը» խորագրով եռօրյա լուսանկարչական արշավ:
Ծրագրի մասնակիցները՝ հայ եւ վրացի լուսանկարիչներ Հայաստանից եւ Վրաստանից, երեք օր շարունակ եղել են Ջավախքի տարբեր շրջաններում, գյուղերում ու քաղաքներում, ծանոթացել գյուղական բնակավայրերի կյանքին ու բարքերին եւ, իհարկե, լուսանկարել են այն ամենը, ինչ իրենց զարմացրել, հիացրել ու տպավորել է։
ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը ցուցահանդեսի բացմանը նշել է, որ ՋԱՀ-ն ունի մշակութային ծրագրերի մեծ փաթեթ, իսկ այս լուսանկարչական ցուցահանդեսն ու դրան նախորդած լուսանկարչական արշավը դրանցից հերթականներն էին. «Հիմնադրամն իր առաջ շատ բարձր նշաձող է դրել, եւ կորոնավիրուսի պայմաններում անգամ ՋԱՀ-ը կարողացավ աշխատել եւ է՛լ ավելի արդյունավետ իրականացնել ամենատարբեր ծրագրեր Ջավախքում։ Իսկ այս ցուցահանդեսը շատ կարեւոր է Ջավախքի կյանքի տարբեր ոլորտները ներկայացնելու իմաստով։ Այստեղ դուք կտեսնենք ջավախքցու հայացքը, աշխատանքը, հավատքն ու եկեղեցին, տունն ու բնաշխարհը»։
Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Արայիկ Խզմալյանը սրահում շրջելուց հետո շեշտել է, որ առավելագույնս հավանել է այն լուսանկարները, որոնցում արտացոլված են ջավախքյան կենցաղը, որտեղ կան մարդկային դեմքեր, ժպիտներ, իրականություն, ընտանիք, օջախ: «Մեծ պատիվ է համագործակցել ՋԱՀ-ի հետ, քանի որ այն, ինչ անում է հիմնադրամը Ջավախքում, անում է ամենաբարձր մակարդակով ու մշակութային չափանիշներով։ ՋԱՀ-ը թելադրում է բարձր ճաշակ, բարձր չափանիշներ, եւ վստահ եմ, որ հետագայում է՛լ ավելի սերտորեն ենք համագործակցելու ամենատարբեր ծրագրերի շրջանակներում»,- ասել է փոխնախարարը:
Միջոցառմանը լուսանկարչական արշավի մասնակիցներին հանձնվեցին վկայագրեր, իսկ փորձագետներին՝ շնորհակալագրեր։
ՀԱՂԹԱՆԱԿԸ՝ ՀԱՅԻՆ
Բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Թայլանդը ներկայացնող Սոմչայ Վոնգուսավանի հետ մենամարտում մրցավարները անարդարացիորեն հաղթանակը շնորհել էին Թայլանդը ներկայացնող բռնցքամարտիկին, մինչդեռ մեր մարզիկը լավ մենամարտ էր անցկացրել, նկատելի առավելություն ուներ մրցակցի նկատմամբ, եւ իրականում, ի նշան հաղթանակի, պետք է բարձրացնեին հենց Բաչկովի ձեռքը։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան: «Մենամարտից անմիջապես հետո բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիան, Հովհաննես Հովսեփյանի գլխավորությամբ, բողոքարկել է մրցավարների անարդար որոշումն ու հետամուտ եղել արդարության վերականգմանը: Ի վերջո, մրցավարական հանձնաժողովի քննարկումներից հետո արդարությունը վերականգնվել է, ու եզրափակչի Բաչկով- Վոնգուսավան մենամարտի հաղթանակը շնորհվել է հայ մարզիկին: Այսպիսով, պատմության մեջ առաջին անգամ աշխարհի առաջնությունում հայ մարզիկի նկատմամբ արձանագրած անարդար որոշումը փոխվում է, եւ հաղթանակը վերադարձվում է մեզ: Աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Հայաստանը կունենա երկու ներկայացուցիչ: Դա նշանակում է, որ երկու բրոնզե մեդալը ապահովված է: Սա նույնպես բացառիկ երեւույթ է հայկական բռնքամարտի պատմության մեջ»,- ասված է հայտարարությունում։
ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է
Իտալական «Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինին մեկնաբանել է 2։2 հաշվով ոչ-ոքին «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Չեմպիոնների լիգայի չորրորդ տուրում։ Անգլիական ակումբը պարտությունից խուսափել էր 36-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի դուբլի շնորհիվ։ «Ես ինձ լավ եմ զգում, ֆանտաստիկ երեկո էր, բայց ակնհայտ է, որ, առանց Ռոնալդուի մոգության, ավելի լավ կլիներ: Մենք վերջապես կարողացանք ուրախացնել մեր երկրպագուներին։ Խաղում էինք Եվրոպայի խոշորագույն ակումբներից մեկի դեմ։ Շատ հպարտ ենք, 80 տոկոսով երջանիկ ենք, 20 տոկոսով ափսոսանք ենք զգում, որ բաց թողեցինք հաղթանակն ամենավերջում։ Մենք դեռ պահպանում ենք փլեյ-օֆֆ դուրս գալու շանս եւ հպարտ ենք, որ այսքան լավ խաղացինք «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ»,- ասել է Գասպերինին: F խմբում «Մանչեսթեր Յունայթեդն» ու իսպանական «Վիլյառեալը» վաստակել են 7-ական միավոր, «Ատալանտան»՝ 5, շվեյցարական «Յանգ Բոյզը»՝ 3 միավոր։