«ԼԻՆԵԼ ՃԻՇՏ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՃԻՇՏ ՏԵՂՈՒՄ». ԱԴՐԻԱՆԱ ԳԱԼՍՏՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը շարունակում է իր ընթերցողներին ներկայացնել բլից-հարցազրույցների շարք հայ հայտնիների հետ: Նպատակը վերջիններիս նոր, ուշագրավ կողմերից բացահայտելն է, անկեղծ ու անմիջական կոնտակտ հաստատելը: Բոլորի կողմից ճանաչված դեմքերը կխոսեն իրենց ձեռքբերումների ու կորուստների մասին, կկիսվեն ինչպես մտահոգություններով, այնպես էլ երջանիկ լինելու առիթներով, կներկայացնեն հետաքրքիր մանրամասներ իրենց կյանքից: Այս անգամ մենք զրուցել ենք դերասանուհի, մոդել  Ադրիանա Գալստյանի հետ:

 

Նշենք, որ դերասանուհի եւ ֆոտոմոդելն իր կյանքում առաջին անգամ այս տարի մասնակցեց գեղեցկության մրցույթի՝ «Միսս տիեզերք Արմենիա 2021»-ում ճանաչվելով «Առաջին վիցե միսս»:

-Ի՞նչ փոխվեց Ձեր կյանքում հանրության շրջանում ճանաչվելուց հետո:

-Սկսեցի վայելել անծանոթ մարդկանց սերը, համակրանքը, հաճելի ուշադրությունը։ Ճանաչողությունը նպաստեց նաեւ աշխատանքային բնագավառում նորանոր հաջողություններ գրանցելու փաստին։ Գնալով ընդլայնվեց շրջապատի մարդկանց՝ կոլեգաների, ընկերների թիվը։

-Կարիերայի հետ կապված Ձեր վա՞խը…

-Երբեւիցե չեմ ունեցել վախ՝ կարիերայի հետ կապված։ Քանի շարունակվում է կյանքը, եւ ունես ամեն օր արթնանալու հնարավորությունը, ապրի՛ր, ստեղծագործի՛ր ու մի՛ վախեցիր։

-Փողի հետ Ձեր հարաբերություննե՞րը…

-Բավականին խելամիտ։

-Վերաբերմունք, որ Ձեր հանդեպ չեք հանդուրժի:

-Ստի վրա սուտ կառուցելն ու կեղծավորությունը։

-Որտե՞ղ պետք է դրսեւորվի տղամարդու ուժը:

-Ընտանիքի ամրության մեջ։

-Կյանքը կարելի է ավարտված համարել, երբ…

-Երբ չկա հավատք ու հույս:

-Մի քանի բան, որոնց համար չեք զղջա, որ կյանք եք եկել:

-Մանկությանս հրաշք տարիների համար եւ հենց Ադրիանան լինելու համար։

-Սովորաբար ո՞ւմ հետ զրույցն է փարատում Ձեր հոգին, մխիթարում, բուժիչ հատկություն ունենում Ձեզ համար:

-Աստծո հետ։

-Ո՞րն է լավ ժամանակ անցկացնելու ամենաօպտիմալ տարբերակը Ձեզ համար:

-Բնությունը եւ էլի բնությունը…

-Ձեզ չեք ների, եթե…

-Ո՞վ եմ, որ չներեմ ինձ, երբ Աստված ներում է։

-Ձեր օրը չեք պատկերացնում առանց…

-Մայրիկիս գրկելու:

-Ո՞վ կարող է դառնալ Ձեր ընկերը:

-Հոգատարը, հումորասերը, անկեղծը, հավատարիմը…

-Իսկ ինչո՞վ եք զբաղվում այս պահին:

-Ներկայիս աշխատանքային փուլն ամենահետաքրքիրն է ինձ համար։ Չէի մտածի, որ այսքան մեծ սեր ու եռանդ կարող եմ ներդնել մի բանի մեջ, ինչի հիմքում ունեմ միայն մեծ ձգտում եւ շնորք՝ առանց որեւէ մասնագիտական ուղղվածության։ Քանզի լինում են կասկածներ, ինչպես, օրինակ, իսկ արժե՞ փորձել, կամ կստացվի՞ արդյոք։ Եվ, այո, վստահ կարող եմ ասել, որ մեծ ցանկության եւ ներուժի դեպքում ամեն բան էլ հնարավոր է։ Խոսքը մարքետինգի գծով ներկայիս աշխատանքային գործունեությանս մասին է։ Նպատակս է օգնել ինստագրամյան օգտատերերին ունենալու գեղեցիկ, էսթետիկ եւ գրագետ էջեր՝ սեփական ոճն ու ասելիքը շեշտադրելով։ Շարունակում եմ գործունեությունս որպես մոդել:

-Իսկ ե՞րբ նորից կլինեք էկրաններին:

-Կլինեմ, միայն պետք է լինել ճիշտ ժամանակին ճիշտ տեղում։

Զրուցեց Լիդա Եղիազարյանը

 

 

ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ՝ ՌՈՒԴՈԼՖ ՎԱԹԻՆՅԱՆԻ ԱՍՏՂԸ

Երեւանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի եւ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախաձեռնությամբ՝ նոյեմբերի 5-ին Շառլ Ազնավուրի անվան հրապարակում բացվեց  անվանի կինոօպերատոր Ռուդոլֆ Վաթինյանի աստղը։

 

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի ծրագրերի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը հիշեցրեց, որ 2021-ին կյանքից հեռացան Ռուդոլֆ Վաթինյանն ու Լեւոն Աթոյանցը, որոնց կորուստը ցավալի է ոլորտի բոլոր ներկայացուցիչների համար:

«Ռուդոլֆ Վաթինյանը ժամանակին  փնտրտուքների, որոնումների մեջ է եղել, հետո եկել է այն ձեռագրին, որը կա, իսկ ավելի ուշ այդ ձեռագիրը եւս փոփոխությունների է ենթարկվել: Եվ երբ համեմատում ենք դասական ու ներկայիս կինոդպրոցները, անպայման չէ, որ ներկայիս դպրոցը պարտվի: Ժամանակն առաջ է գնում, մոտեցումներն են փոխվում: Հիմա էլ կան օպերատորներ, որոնք հեռանկարային են, փնտրտուքների մեջ են, ինչպես եւ ժամանակին Վաթինյանը»,-ասաց Ավետիսյանը:

Նա տեղեկացրեց, որ օրեր անց պատրաստվում են ցուցադրել Վիգեն Չալդրանյանի  «Տեր, ողորմյա» ֆիլմը, որում մասնակցություն է ունեցել Ռուդոլֆ Վաթինյանը: «Այն մեր անկախության շրջանի ֆիլմերից է, իսկ այս տարի երրորդ հանրապետության 30-ամյակն է, ինչն այս կինոնկարին անդրադառնալու լավ առիթ է»,-նշեց Ավետիսյանը:

Միջոցառումից հետո Միրզոյան գրադարանի ցուցասրահում  Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ բացվեց Ռուդոլֆ Վաթինյանի  ծննդյան 80-ամյակին նվիրված «Վերջին արդիները. Ռուդոլֆ Վաթինյան ֆոտո-դիմանկարները՝ 1960-80թթ.» ցուցահանդեսը։

Ռուդոլֆ Վաթինյանը ծնվել է 1941 թվականին Դիլիջանում: 1959-ին ավարտել է Դիլիջանի թիվ 1 միջնակարգ դպրոցը։ Փոքր տարիքից զբաղվել է նկարչությամբ, քանդակագործությամբ եւ մոդելագործությամբ։ Ընկերներով ակտիվորեն հետեւել են  Վանիկ Շահաբյանի գործունեությանը։ Հետագայում սկսել է զբաղվել լուսանկարչությամբ եւ ընդունվել աշխատանքի տեղական թերթի խմբագրություն։ 1970 թվականից աշխատել է «Հայֆիլմ»  կինոստուդիայում որպես օպերատոր։ Ավարտելուց հետո աշխատել է որպես երկրորդ օպերատոր Սերգեյ Իսրայելյանի մոտ «Խաթաբալա» ֆիլմում, որի ռեժիսորն էր Յուրի Երզնկյանը, որի հետ միասին աշխատել են «Այս կանաչ, կարմիր աշխարհը» ֆիլմում. ֆիլմը շատ բարձր էր գնահատել Սերգեյ Փարաջանովը:

 

 

ՍԿՍԵԼ Է ՀԱՎԱՔԸ

Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի առաջիկա հանդիպումներին պատրաստվող Արգենտինայի հավաքականը սկսել է մարզումային հավաքը։ Թիմի առաջին մարզմանը մասնակցել է նաեւ ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսին. հաղորդում է հավաքականի թվիթերյան էջը՝ ներկայացնելով լուսանկարներ։ Մեսին շարունակում է վերականգնվել ծնկի վնասվածքից հետո։ 34-ամյա ֆուտբոլիստի մասնակցությունն Ուրուգվայի դեմ խաղին հարցականի տակ է։ Նրա վերադարձը խաղադաշտ սպասվում է խմբի առաջատար Բրազիլիայի դեմ կենտրոնական խաղում։ Ուրուգվայ – Արգենտինա հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 13-ին, Բրազիլիա-Արգենտինա դիմակայությունը՝ նոյեմբերի 17-ին։

 

 

ՀՆԱՐԱՎՈՐ Է՝ ՀԵՌԱՆԱ «ՌՈՄԱ»-ԻՑ

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, հնարավոր է, հեռանա «Ռոմայից». հայտնում է La Gazzeta dello Sport-ը։ Աղբյուրը նշում է, որ ֆուտբոլիստի շրջապատում դժգոհություններ կան Մխիթարյանի՝ թիմում այժմ առկա իրավիճակի հետ կապված։ Նշվում է, որ թիմի գլխավոր մարզիչ Մոուրինյուն խնդրել է ֆուտբոլիստին ավելի հաճախ պաշտպանողական գործողություններին մասնակցել՝ այսպիսով փոխելով Հենրիխի դերը խաղադաշտում։ Աղբյուրը նաեւ ավելացնում է, որ ՄՅՈՒ-ից հետո մինչ այժմ Մխիթարյանի եւ «Յուրահատուկի» հարաբերությունները դրական առաջընթաց չեն գրանցել։ Եթե հունվարին Մխիթարյանը համապատասխան առաջարկ ստանա, ֆուտբոլիստը կարող է լքել հռոմեական ակումբը։

 

ԲԼԻՑ ՄՐՑԱՇԱՐ

Grand Swiss մեծ մրցաշարից անմիջապես հետո տեղի է ունեցել Միխայիլ Տալի 85-ամյակին նվիրված խոշոր բլից մրցաշար, որին մասնակցել են նաեւ Հայաստանի ներկայացուցիչները։ Հայկ Մարտիրոսյանը լավագույն արդյունքն է գրանցել մեր շախմատիստներից եւ գրավել է 4-րդ հորիզոնականը՝ վաստակելով 12,5 միավոր։ Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Մանուլ Պետրոսյանը 12-ական միավորով կիսել են 6-14-րդ հորիզոնականները։ Հիշեցնենք, որ Grand Swiss մրցաշարում լավագույն արդյունքն էր գրանցել Գաբրիել Սարգսյանը՝ գրավելով 10-րդ հորիզոնականը։

 




Լրահոս