Աֆղանստանում մինչև հինգ տարեկան առնվազն 1 միլիոն երեխա կարող է մահանալ թերսնումից, եթե անհապաղ բուժում չստանա: Այս մասին ուրբաթ օրը Ժնևում կայացած ճեպազրույցում ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պաշտոնական ներկայացուցիչ Մարգարեթ Հարիսը՝ կոչ անելով միջազգային հանրությանը մարդասիրական օգնություն ցուցաբերել երկրին։
«Թերսնումը շարունակում է մնալ ահագնացող խնդիր Աֆղանստանում. սպասվում է, որ մինչև հինգ տարեկան 3,2 միլիոն երեխա կբախվի սուր թերսնման մինչև այս տարվա վերջ: Այդ երեխաներից առնվազն մեկ միլիոնը գտնվում է թերսնման հետևանքով մահանալու իրական վտանգի առաջ, քանի դեռ անհապաղ բուժում չի ստանում»,- ասել է նա։
Մարգարեթ Հարիսը նաև ուշադրություն է հրավիրել 2021 թվականին Աֆղանստանում կարմրուկի բարձր մակարդակի վրա՝ ընդգծելով, որ թերսնված երեխաների համար «կարմրուկը մահվան դատավճիռ է»։ Նա կոչ է արել միջազգային հանրությանը օգնել կարիքավոր աֆղաններին։