Այսօր լրացավ գրող, պետական գործիչ Վանո Սիրադեղյանի մահվան քառասուն օրը (քառասունքը), բայց դեռեւս մեր կառավարությանը չի հաջողվում Հայաստան վերադարձնել եւ հայրենի հողում ամփոփել վերջինիս աճյունը: Այս խնդրի մասին պարբերաբար բարձրաձայնում եւ խնդրանքով են հանդես գալիս նաեւ նրա զավակները: Ավելին, երկու օր առաջ նրա դուստրը՝ Արփի Սիրադեղյանը, կրկին անդրադարձել էր Վանո Սիրադեղյանի աճյունի՝ մինչ օրս չհուղարկավորված լինելու փաստին եւ մտավորականների անտարբերությանը:
Իսկ ինչումն է կայանում Վանո Սիրադեղյանի մարմինը Հայաստան չտեղափոխելու առեղծվածը: ArmLur.am-ի տեղեկություններով Վանոն դրսում երկար տարիներ ապրել է այլ անուն ազգանունով, եւ հիմա նրա աճյունը երկրից դուրս հանելու համար պահանջվում է նրա «թվացյալ» հարազատներից մեկի գրավոր թույլտվույթունը, իսկ այդպիսի մարդ մինչ օրս չի հաջողվում գտնել, սակայն հնարավոր ամեն բան արվում է, որպեսզի առաջիկայում կարողանան նրա մարմինը ամփոփել հայրենի հողում:
Ուշագրավ է նաեւ այն, որ ArmLur.am-ի լավատեղյակ աղբյուրների հավաստմամբ՝ Վանո Սիրադեղյանին օտար հողում հուղարկավորել են, եւ հետեւաբար, եթե հաջողվի Հայաստան տեղափոխել նրա աճյունը, ապա պետք է կատարեն վերահուղարկավորում:
Հիշեցնենք, որ Վանո Սիրադեղյանի մահվան մասին հայտնի դարձավ հոկտեմբերի 16-ի երեկոյան: Նա 75 տարեկան էր:
Լիդա Եղիազարյան