«Գորիսից Որոտանի հատվածով դեպի Կապան ընդհանրապես ոչ մի շարժ չկա»,- ասել է Գորիսի փոխհամայնքապետ Կարեն Քոչարյանը՝ անդրադառնալով Որոտանի հատվածում օրեր առաջ ադրբեջանական մաքսակետերի տեղադրմանը։ Քոչարյանի խոսքով՝ նշված հատվածով չերթեւեկելու պատճառը, բացի վախից, նաեւ անորոշությունն է: «Ոչ մեկը չգիտի, թե ինչ կարգավիճակով են այդ մաքսակետերն աշխատելու։ Մենք պետք է Ադրբեջանի վիզա ունենա՞նք, թե՞ չունենանք. այդպիսի հարցեր կան, գլոբալ մասշտաբի հարցեր են, որ մեր՝ համայնքային իշխանության տիրույթում չեն, որ լուծում տանք. դա կառավարությանը վերաբերող հարցեր են։ Բացի դա, մեծ վախ կա. ես կամ դուք այդ հատվածով անցնում ենք, ի՞նչ կարգավիճակ պետք է լինի, որ անցնենք, ի՞նչ թույլտվություն, ո՞ւմ կողմից, պե՞տք է լինի թույլտվություն, թե՞ չպետք է լինի: Չգիտեմ, պետք է հստակեցվի այս իրավիճակը…»։
Այն հարցին՝ բացի հայկական մեքենաներից, իրանական մեքենաները եւս չեն երթեւեկում Որոտանի հատվածով, Կարեն Քոչարյանը պատասխանեց, որ ինքը չի նկատել այդ հատվածով երթեւեկող իրանական մեքենաներ, հետեւաբար չի կարող պատասխանել այդ հարցին։
Քոչարյանը ցավով ընդգծեց, որ ամիսներ առաջ ահազանգել է ու զգուշացրել, որ ադրբեջանցիները Որոտանի հատվածում՝ ճանապարհի 2 կողմերում, շինարարություն են կատարում, հնարավոր է՝ մաքսակետ են կառուցում, բայց իշխանություններն ուշադրություն չէին դարձրել այդ ահազանգերին: Փոխհամայնքապետի ասածներն իրականություն դարձան, ադրբեջանցիներն օրեր առաջ Որոտանի հատվածում մաքսակետեր տեղադրեցին. «Մինչ այդ ասում էին՝ ես սխալ մեկնաբանություններ եմ անում, այդպիսի բաներ չկան, բայց եղավ այն, ինչ եղավ…»։
Գորիսի փոխհամայնքապետը նաեւ հայտնեց, որ Գորիսից Որոտան գնացող ուսուցիչները ստիպված են 15 րոպեանոց ճանապարհն անցնել 2 ժամում, որպեսզի կարողանան դասավանդել. «Ներկա պահին մարզպետարանի կողմից 1 «Ուրալ» մեքենա է հատկացված ուսուցիչների տեղափոխման համար, այլընտրանքային ճանապարհով են գնում, անանցանելի ճանապարհով…»։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերի 10-ին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել էր, որ Ադրբեջանը, գիշերը 24:00-ից սկսած, Գորիս-Կապան ճանապարհին կտեղադրի սահմանային եւ մաքսային հսկողության կետեր: ԱԽՔ-ն նաեւ հայտնել էր, որ հայկական կողմը եւս համապատասխան քայլեր կձեռնարկի։ Նշենք նաեւ, որ այս գիշեր ադրբեջանցիները նոր անցակետեր են տեղադրել Սյունիքի մարզի Կապան-Ճակատեն ավտոճանապարհին: