Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մշակել է նախագիծ, ըստ որի՝ դեկտեմբերի 1-ից ընդունվելու են նաեւ նոր սահմանափակումներ: Մասնավորապես, թատրոններ մուտք գործելու համար նույնպես պարտադիր կլինի պատվաստված լինելը:
Ավանեսյանի խոսքով՝ նախագիծը վերջնական հաստատվելուց հետո կառավարությունն այն կընդունի:
ArmLur.am-ը նոր նախագծի մասին հետաքրքրվեց նաեւ քաղաքացիներից, թե ինչ դիրքորոշում ունեն այս մասին: Քաղաքացիները նույնպես տարակարծիք էին:
Թեմայի շուրջ զրուցեցինք նաեւ ՀՀ ժողովրդական արտիստ, Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն էլբակյանի հետ:
«Անկեղծ ասած, հիմա դժվարանում եմ ասել, բայց կորոնավիրուս համավարակն ամբողջությամբ ազդում է թատրոնների գործունեության վրա: Ես ընդհանրապես կողմ եմ պատվաստվելուն: Ես ինքս էլ պատվաստվել եմ եւ կարծում եմ, որ դա անհրաժեշտ է, բայց իմ կարծիքը ես չեմ պնդում, քանի որ դա յուրաքանչյուր անձի իրավունքն է: Մարդը ստեղծված է ազատ կամքով եւ պետք է օգտվի այդ շնորհից եւ ապրի: Իմ կարծիքով՝ նրանք, ովքեր թեստավորվել են եւ ունեն համապատասխան բացասական թեստ արդյունք, նրանց համար նույնպես բաց կլինի մուտքը թատրոն»,- ասում է Արմեն Էլբակյանը եւ միեւնույն ժամանակ հավելում, որ համաճարակն արդեն երկու տարի է, ինչ իր վատ ազդեցությունն է ունենում թարոնների գործունեության վրա, եւ հիմա պետք է պայքարել, մինչեւ հիվանդությունը վերանա:
Իսկ, ահա, Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով նախարարի նոր նախագծին, ասաց, որ, ի տարբերություն հանրային մի շարք վայրերի, թատրոններն ամենաապահով վայրերից են, քանի որ պահպանվում են բոլոր հակահամաճարակային անվտանգության կանոնները:
«Հարցին կարող եմ երկու մոտեցմամբ հանդես գալ՝ առաջինը՝ որպես քաղաքացի, երկրորդը՝ որպես թատրոնի ներկայացուցիչ: Որպես թատրոնի տնօրեն՝ իհարկե շատ է անհանգստացնում, բայց կարծում եմ, որ թատրոնները այն հիմանական աղբյուրը չեն, որը տարածում է համավարակը: Մինչ թատրոնները պետք է վերահսկողություն սկսեն՝ հանրային տրանսպորտից եւ խանութներից սկսած: Քաղաքացին, որը հաճախում է թատրոն տարեկան երեքից հինգ անգամ առավելագույնը, իսկ այդ նույն քաղաքացին օրական մի քանի անգամ օգտվում է տրանսպորտից, խանութներից՝ ոչ պատշաճ պահպանելով անվտանգության կանոնները: Իսկ թատրոններում բաժանվում են դիմակներ, ախտահանվում են դահլիճները, նստատեղերը: Միայն թատրոններով խնդիրը չի լուծվի, պետք է դա լինի համատարած»,-ասաց մեր զրուցակիցը:
Ռուբեն Բաբայանի խոսքով՝ այս նախագծի կյանքի կոչվելուն պես հերթական անգամ ֆինանսական մեծ հարված կհասցվի թատրոնների բյուջեին:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«ԳՈՒՐՋԻԵՎ» ՀԱՄՈՒՅԹԸ ՀԱՄԵՐԳ ԿՈՒՆԵՆԱ
Հայաստանի «Գուրջիեւ» համույթը նոյեմբեր ամսին համերգային շրջագայություն կունենա եվրոպական մի շարք երկրներում՝ Ֆրանսիա, Բելգիա, Նիդերլանդ, Հունգարիա եւ Լյուքսեմբուրգ:
Այս մասին հայտնում են համույթից՝ նշելով, որ մեկնարկը կտրվի Դեն Բոշում Նիդերլանդների ամենահայտնի փառատոններից մեկի՝ «November Music»-ի շրջանակներում նոյեմբերի 14-ին։
Համույթի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ կարեւոր իրադարձություններից է Հունգարիայի «MՖpa Budapest» համերգասրահում ներկայացվելիք «Բարտոկ եւ Կոմիտաս» ծրագրի պրեմիերան։ Հնչելու են 1930-ականներին Բելա Բարտոկի գրի առած ժողովրդական մեղեդիները՝ հավաքագրված Արեւմտյան Հայաստանի հայկական գյուղերից:
Բելգիայի Անտվերպեն քաղաքի «deSingel» փառատոնում, որը ռեքվիեմների փառատոն է, համույթը կներկայացնի հայկական ողբերգեր, հայ հոգեւոր երաժշտություն, Կոմիտասի եւ Գուրջիեւի ստեղծագործությունները՝ Լեւոն Էսկենյանի գործիքավորմամբ։
«Գուրջիեւ» համույթն այս համերգաշարի ընթացքում ՀԲԸՄ-ի հրավերով նոյեմբերի 16-ին, 17-ին եւ 19-ին հանդես կգա նաեւ Ֆրանսիայի Փարիզ, Մարսել եւ Լիոն քաղաքներում։
Այնուհետեւ «Գուրջիեւը» համերգաշարը շարունակելու է Ֆրանսիայի Բորդո քաղաքի «Le Rocher de Palmer» համերգասրահում, որից հետո ելույթ կունենա Լյուքսեմբուրգի ֆիլհարմոնիայում։
Շրջագայության ավարտը կայանալու է Նիդերլանդների Հաագա եւ Ամստերդամ քաղաքներում։ Հաագա քաղաքում համերգը կկայանա «Amare Den Haag» համերգասրահում, իսկ Ամստերդամի համերգը՝ «Muziekgebouw» համերգասրահում, նոյեմբերի 28-ին։
Համերգային շրջագայության ավարտից հետո համույթը սկսելու է իր 3-րդ սկավառակի ձայնագրությունները, որը հրատարակվելու է գերմանական հանրահայտ ECM records-ի կողմից։
Համերգների հայտագիրը.
Նոյեմբերի 14 «November Music» փառատոն, Դեն Բոշ, Նիդերլանդներ,
Նոյեմբերի 16 Cathռdrale Sainte-Croix des Armռniens Փարիզ, Ֆրանսիա,
Նոյեմբերի 17 Centre Culturel Alex Manoogian, Լիոն, Ֆրանսիա,
Նոյեմբերի 19 ThռՉtre L՚Acte 12, Մարսել, Ֆրանսիա,
Նոյեմբերի 21 DE SINGEL International Arts Centre, Անտվերպեն, Բելգիա,
Նոյեմբերի 23 MՖpa Budapest, Բուդապեշտ, Հունգարիա,
Նոյեմբերի 24 Rocher de Palmer փառատոն, Բորդո, Ֆրանսիա,
Նոյեմբերի 26 Philharmonie Luxembourg, Լյուքսեմբուրգ,
Նոյեմբերի 27 Amare – Den Haag, Հաագա, Նիդերլանդներ,
Նոյեմբերի 28 Muziekgebouw, Ամստերդամ, Նիդերլանդներ: