Լուսանկարն արվել է Լոռու մարզում
Երեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհի 19 կմ հատվածում բախվել են Լոռու մարզի բնակիչներ 26-ամյա Գոռ Ղազարյանի վարած Nissan Tiida եւ 36-ամյա Գագիկ Յայլոյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ՝ որոնք են ամուսնության գրանցման համար պահանջվող փաստաթղթերը:
Լիլիա Կիրակոսյան (39 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ամուսնության պետական գրանցման համար ներկայացվում են՝
- ամուսնացողների անձը հաստատող փաստաթղթերը,
- նախկինում ամուսնության պետական գրանցում ունենալու դեպքում նախորդ ամուսնությունը դադարելու հիմք հանդիսացող փաստաթուղթը կամ պատճենը (ամուսնալուծության վկայականը կամ ամուսնալուծության մասին օրինական ուժի մեջ մտած դատավճիռը կամ ամուսնու (կնոջ) մահվան վկայականը), եթե էլեկտրոնային միասնական գրանցամատյանում հիմք հանդիսացող փաստաթուղթը բացակայում է,
- ամուսնության պետական գրանցման դիմումը լիազորված անձի միջոցով ներկայացվելու դեպքում նաեւ ներկայացվում է ամուսնացող անձի լրացրած, ընտանեկան կարգավիճակը վերաբերյալ տեղեկությունները պարունակող դիմում՝ հաստատված նոտարական կարգով:
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամուսնության պետական գրանցումը կատարվում է ամուսնացող անձանց ներկայացրած համատեղ դիմումում նշված օրը, սակայն ոչ շուտ, քան դիմումը ներկայացնելու հաջորդ աշխատանքային օրը, եւ ոչ ուշ, քան վեց ամիսը:
ԿՐԹԱԿԱՆ
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ ովքեր կարող են բուհերում օգտվել ուսման վարձի զեղչից:
Լիլիթ Հունանյան (46 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ուսման վարձի զեղչից կարող են օգտվել բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից բակալավրի եւ մագիստրոսի համար սահմանված միջին որակական գնահատականի (ՄՈԳ) շեմը հաղթահարած հետեւյալ կարգավիճակ ունեցող ուսանողները (բացառությամբ 1-ին կուրսի առաջին կիսամյակում սովորողների)՝
1) սոցիալապես անապահով (ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների) ուսանողներին` առնվազն 30 տոկոս,
2) 18 տարին լրանալուց հետո առանց ծնողական խնամքի մնացած ուսանողներին մինչեւ 23 տարին լրանալը` առնվազն 50 տոկոս,
3) 23 տարին չլրացած միակողմանի ծնողազուրկ ուսանողներին` առնվազն 50 տոկոս,
4) մինչեւ մեկ տարեկան երեխա ունեցող ուսանողներին` առնվազն 50 տոկոս,
5) երեք եւ ավելի անչափահաս կամ երեք եւ ավելի ուսանող երեխա ունեցող ընտանիքների ուսանողներին` առնվազն 30 տոկոս,
6) 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ, այդ թվում՝ հաշմանդամ ազատամարտիկ ծնող ունեցող ուսանողներին` առնվազն 30 տոկոս,
7) մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում մարտական հերթապահության մեջ ընդգրկված պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած ուսանողներին` առնվազն 30 տոկոս,
8) սոցիալապես անապահով (ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության 0 միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների) ուսանողներին` առնվազն 20 տոկոս,
9) այլ կարգավիճակ ունեցող ուսանողներին, որը կարող է սահմանել բարձրագույն ուսումնական հաստատությունը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն
«ԺՈՂՎՈՒՐԴ». Նշենք, որ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունված եւ ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող 1-ին կուրսի ուսանողներին, ըստ սահմանված չափերի, համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում տրամադրվում է պետության կողմից ուսանողական նպաստի ձեւով ուսման վճարի մասնակի փոխհատուցում: