ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առողջապահության նախարարությունը մինչեւ օրս չի կարողանում հստակ վիճակագրություն ներկայացնել, թե կորոնավիրուսի հետեւանքով քանի մարդ՝ տանը, քանիսն են հիվանդանոցում մահացել։ «Ժողովուրդ» օրաթերթը նախարար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվեց՝ վիճակագրությունն ինչու արդյոք մինչ օրս հասանելի չէ։ Ի պատասխան՝ տիկին նախարարը նշեց. «Քանի որ «Արմեդ» համակարգը փուլերով է ներդրվել, ապա այս պահին սինքրոնիզացիան ընթացքի մեջ է։ Այս մասով աշխատող աշխատանքային խումբ ունենք, առաջիկայում լրացուցիչ հաղորդագրություն կտրամադրենք»։ Հիշեցնենք, որ նույնաբովանդակ հարց մոտ մեկ ամիս առաջ նաեւ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն էր բարձրաձայնել՝ հետաքրքրվելով, թե ինչու են տարբերվում ԱՎԾ-ի ու Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման ազգային կենտրոնի՝ մահվան մասին տվյալները. շուրջ 700 մարդ կորել է ցուցակներում։ Նախարարի պատասխանը նորից նույնն էր եղել, թե ստեղծվել է հանձնաժողով, որ ստուգում է երկու կառույցների ներկայացրած տվյալները։ «Արդյունքների մասին հրապարակում կլինի»,- մեկ ամիս առաջ ասել էր նա։ Թե ինչով է զբաղված Ավանեսյանի մատնանշած աշխատանքային խումբը, թերեւս միայն իրենք կիմանան։ Հստակ է, որ դրա կատարած աշխատանքի արդյունքն ավելի քան մեկ ամիս որեւէ մեկի համար տեսանելի չէ։ Պարզ է նաեւ, որ գործադրի անդամներն իրենց վերահսկողների՝ պատգամավորների ուշադրության կենտրոնում հայտնվելուց ու կոնկրետ, հասցեական «մեսիջ» ստանալուց հետո օր առաջ առկա խնդիրը, հարցը կամ քննադատությունը հարթելու, տեղը գցելու համար տեսանելի քայլեր չեն ձեռնարկում։ Ու ստացվում է, որ մինչեւ այսօր մեզ հրամցված վիճակագրությունը, թե օրը քանի մարդ է մահացել կորոնավարակից, իրականում սխալ թվեր են:

 

 

Երեկ ոստիկանությունը պաշտոնապես հաղորդագրություն տարածեց, որ ծավալուն օպերատիվ միջոցառումների շնորհիվ հավաստի տեղեկություններ էին ստացել, որ, այսպես ասած, քրեական հեղինակություն համարվող մի քանի անձ նոյեմբերի 16-ին պատրաստվում են պարզաբանումների համար հանդիպել։ Հավաստի տվյալներ կային նաեւ, որ նրանք ապօրինի զենք-զինամթերք ունեն, եւ հնարավոր է, որ պարզաբանումներն ավարտվեն զինված բախումով, ինչը կանխվեց։ Մյասնիկյան պողոտայում հայտնաբերվեցին ու մեքենայով հանդերձ ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկվեցին երեք տղամարդ՝ 35, 37 եւ 39 տարեկան, երեքն էլ՝ Երեւանի բնակիչ։ Խուզարկությամբ նրանցից մեկի մոտից հայտնաբերվեց «Մակարով» ատրճանակ՝ 6 փամփուշտով։ Օպերացիայի արդյունքում ոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկվել 3 անձ։ Նրանցից մեկը քրեական աշխարհում հայտնի Մոնումենտցի Վարդգեսիկ մականվամբ 39-ամյա Վարդգես Իսպիրյանն է, մյուսը Երրորդմասցի Ռուժ Արթուրիկ մականվամբ 35-ամյա Արթուր Փոխարյանն է, իսկ մյուսը Երրորդմասցի Արմենչիկ մականվամբ 37-ամյա Արմեն Հարությունյանն է։ Իսկ ո՞ւմ էին նրանք պատրաստվում հանդիպել: «Ժողովուրդ» օրաթերթին այս դեպքից ուշագրավ հանգամանքներ են հայտնի դարձել, մասնավորապես՝ այն, որ Մյասնիկյան պողոտայում բերման ենթարկված երեք տղամարդիկ Երեւանում ցանկացել են հանդիպել «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանին՝ Զապին, Մոսկվայից վերջերս Հայաստան վերադարձած Մասկովսկի Արամչոյին, որը Աժ պատգամավորներից մեկի խնամին է եւ հեղինակություն է համարվում: Ի դեպ, մեզ հասած լուրերի համաձայն՝ իրավապահները  բերման են ենթարկել նաեւ «օրենքով գողերին»:

 

 

Ազգային ժողովում այդպես էլ չի հանգուցալուծվում պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի հարցը: Երեկ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը ռեկորդ սահմանեց եւ արդեն տասներորդ անգամ չընտրվեց հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում:  Իշխանական խմբակցությունն այդպես էլ չի ցանկանում նրան ընտրել եւ նոր տարբերակներ է մտածում: Այժմ էլ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկել եւ ցանկանում է փոփոխություն կատարել «ԱԺ կանոնակարգ» օրենքում: Նա առաջարկում է օրենքով ամրագրել՝ եթե մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը չի ընտրվում, ապա իրավասու խմբակցությունը քվեարկությունից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, առաջադրում է նոր թեկնածու: Հիմնավորման մեջ նա նկատում է, որ  8-րդ գումարման ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը տեւական ժամանակ չի կարողանում ընտրել հանձնաժողովի նախագահի տեղակալ: Միեւնույն ժամանակ մեկ այլ փոփոխություն էլ է առաջարկվում.  օրենքում լրացումներ կատարելու արդյունքում կլրացվի նաեւ 138-րդ հոդվածի 12-րդ մասը, եւ եթե թեկնածու առաջադրելու իրավունք ունեցող խմբակցությունը հինգ աշխատանքային օրվա ընթացքում մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի նոր թեկնածու չառաջադրի, ապա տվյալ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը կանցնի 4-րդ մասով սահմանված կարգով խմբակցությունների գործակիցների հաշվարկի սկզբում ամենամեծ գործակիցն ունեցող խմբակցությանը: Այսինքն՝ եթե մեկ անգամ էլ ընդդիմադիր խմբակցության թեկնածուն չընտրվի, ապա այդ իրավասությունը կանցնի ՔՊ-ին:

 

 

Մանկական կերերի գները բարձրացել են: «Ժողովուրդ» օրաթերթն արդեն մի քանի օր է, ինչ այս խնդրի շուրջ երիտասարդ մայրերից դժգոհություններ է ստանում: Նրանց խոսքերով՝ տարվա մեջ մանկական կերերի գներն արդեն մի քանի անգամ է, ինչ բարձրանում են: Օրինակ՝ Nutrilon կոչվող մանկական կաթնային խառնուրդը 4450 դրամից բարձրացել էր՝ դառնալով 5850 դրամ, հիմա այն 7500 դրամից դարձել է 11 հազար 200 դրամ: Թանկացել են նաեւ «Սիմիլակ Գոլդ», «Սիմիլակ Կլասիկ» կաթնային խառնուրդները. «Սիմիլակ պրեմիում 3»-ը արժե 5680 դրամ, իսկ 700 գրամանոց «Սիմիլակ 1»-ը վաճառվում է 7600 դրամի սահմաններում: Տեղեկացնենք, որ Nutrilon-ը Հայաստան ներմուծում է «Սլավ գրուպ» ընկերությունը, որն էլ պատկանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանին: Փորձեցինք պարզաբանում ստանալ ընկերությունից, սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին:

 




Լրահոս