ԼՈՒՐ ԿԱԴՐ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

 

Երեկ ավտովթար է տեղի ունեցել. Արամ Խաչատրյան-Վաղարշյան փողոցների խաչմերուկում բախվել են 31-ամյա Արման Թովմասյանի վարած Mercedes Տ550 մակնիշի եւ 23-ամյա Սամվել Գեւորգյանի վարած Toyօta Camry մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետեւանքով  ավտոմեքենաները հայտնվել են հետիոտնային գծերի վրա, եւ, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ո՞ւր պետք է դիմի անձը հաշմանդամության կարգավիճակ ստանալու համար:

Ամալյա Հովսեփյան (39 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ եթե անձն  ունի առողջական խնդիրներ՝ հաշմանդամության կարգավիճակ ստանալու, ապա նա կարող է դիմել իրեն համապատասխան բուժում կամ սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություն (պոլիկլինիկա), որտեղ անհրաժեշտ ախտորոշիչ, բուժական եւ վերականգնողական միջոցառումների իրականացումից հետո, իսկ տեւական բուժում պահանջող հիվանդությունների ժամանակ` նաեւ բուժման ընթացքում, սակայն ոչ վաղ, քան բուժման սկզբից 3 ամիս հետո, անհրաժեշտ հիմքերի առկայության դեպքում նրան կուղեգրի բժշկասոցիալական փորձաքննության՝ տրամադրելով համապատասխան ուղեգիր: Ուղեգրի առկայության դեպքում բժշկասոցիալական փորձաքննության ենթարկվելու նպատակով անձը կարող է գրավոր դիմել իր բնակության վայրը սպասարկող ԲՍՓ հանձնաժողով՝ դիմումին կցելով առողջական վիճակի վերաբերյալ բժշկական փաստաթղթեր:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հաշվառում չունեցող անձինք կարող են ենթարկվել բժշկասոցիալական փորձաքննության` ներկայացնելով տեղեկանք՝ փաստացի բնակության վայրից:

 

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ ինչ փաստաթղթեր են ներկայացվում օտարերկրացու մասնակցությամբ ամուսնության պետական գրանցման համար:

Լիլիա Մնացականյան (46 տարեկան, տնային տնտեսուհի)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ամուսնության պետական գրանցման համար ներկայացվում են՝

1) ամուսնացողների անձը հաստատող փաստաթղթերը,

2) նախկինում ամուսնության պետական գրանցում ունենալու դեպքում նախորդ ամուսնությունը դադարելու հիմք հանդիսացող փաստաթուղթը կամ պատճենը (ամուսնալուծության վկայականը կամ ամուսնալուծության մասին օրինական ուժի մեջ մտած դատավճիռը կամ ամուսնու (կնոջ) մահվան վկայականը), եթե էլեկտրոնային միասնական գրանցամատյանում հիմք հանդիսացող փաստաթուղթը բացակայում է,

3) օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի դեպքում՝ մշտական բնակության պետության իրավասու մարմնի տված ընտանեկան կարգավիճակը հավաստող փաստաթուղթը:

Ամուսնության պետական գրանցման դիմումը լիազորված անձի միջոցով ներկայացվելու դեպքում նաեւ ներկայացվում է ամուսնացող անձի լրացրած, ընտանեկան կարգավիճակը վերաբերյալ սահմանված տեղեկությունները պարունակող դիմում՝ հաստատված նոտարական կարգով:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում է միայն քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնում գրանցված ամուսնությունը: Փաստացի համատեղ բնակությունը, եկեղեցական կարգով ամուսնությունը ամուսինների համար չեն առաջացնում այն իրավական հետեւանքները, որոնք ամուսինների համար նախատեսված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ գրանցված ամուսնության պարագայում:

 

 

 

 




Լրահոս