Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2010 թվականին Հայաստանում ապաքրեականացվել էր վիրավորանքը՝ այն դիտարկելով բացառապես քաղաքացիաիրավական հարթությունում, սակայն 11 տարի անց՝ 2021 թվականին, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը որոշեց կրկին քրեականացնել այն, եւ հուլիսի 30-ին ՀՀ քրեական օրենսգրքում ներմուծվեց նոր հոդված՝ 137.1, որով, այսպես կոչված, ծանր վիրավորանքի համար նախատեսվում է ընդհուպ կալանք։
Իշխանություններին քննադատող տարբեր ֆեյսբուքյան գրառումների համար արդեն իսկ տարբեր անձինք տարվել են ոստիկանություն։ 2021թ հուլիսի 30-ից մինչ օրս ՀՀ ոստիկանությունում ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել են բազմաթիվ քրեական գործ։ Եվ, ահա, մեզ հայտնի դարձավ, որ 4 անձ նման արարքի համար հայտնվել են դատարանում: Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, անձի հանրային գործունեությամբ պայմանավորված, ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորել է նրա արժանապատվությունը եւ տեղեկատվական տեխնոլոգիաներն օգտագործելով՝ տարածել է անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր:
Նարինե Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, անձի հանրային գործունեությամբ պայմանավորված, ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորել է նրա արժանապատվությունը, տեղեկատվական տեխնոլոգիաներն օգտագործելով՝ տարածել է անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր եւ անձի նկատմամբ, քաղաքական հայացքներով պայմանավորված, դիտավորությամբ հնչեցրել է բռնություն գործադրելու հրապարակայաին կոչեր:
Կարինե Վանիկի Այվազյանին եւս մեղադրանք է առաջադրվել: Փաստաբան Մուշեղ Շուշանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, անձի հանրային գործունեությամբ պայմանավորված, ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորել է նրա արժանապատվությունը եւ տեղեկատվական տեխնոլոգինաներն օգտագործելով՝ տարածել է անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր: Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, որ Մուշեղ Շուշանյանն իր գրառումերի համար հայտնվում է իրավապահների տեսադաշտում:
Ավելին, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Փայլակ Լեւիկի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, անձի հանրային գործունեությամբ պայմանավորված, հայհոյել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանին եւ վերջիններիս ընտանիքների անդամներին: Փայլակ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին, եւ մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 137.1 2-րդ մասով: Անձին ծանր վիրավորանք հասցնելը, հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը կամ անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը պատժվում է տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է 27-ԱՄՅԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված քննչական եւ դատավարական գործողությունների, ինչպես նաեւ ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են Երեւան քաղաքի 27-ամյա բնակչի կողմից կատարված հանցագործությունների մի շարք հանգամանքներ: Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից: 27-ամյա երիտասարդը տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված լինելու պայմաններում 2021թ. մայիսի 24-ին վարել է առանց հաշվառման համարանիշների «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան, ինչի արդյունքում այն կանգնեցվել է ոստիկանության աշխատակիցների կողմից, եւ կազմվել համապատասխան արձանագրություն: Բացի այդ, ՀՀ ոստիկանության աշխատակիցները, ստանալով օպերատիվ տեղեկություններ, 2021թ. հուլիսի 29-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, մոտեցել են Երեւան քաղաքի Հրաչյա Քոչար փողոցում գործող բենզալցակայանի մոտ կայանված, 27-ամյա երիտասարդի կողմից վարվող «Մերսեդես-Բենս» մակնիշի ավտոմեքենային եւ օրենքով սահմանված կարգով ներկայանալով՝ նրան պահանջել են իջնել ավտոմեքենայից: Երիտասարդը, չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջին, իր կողմից վարվող ավտոմեքենայով դիտավորությամբ հարվածել է ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակցի ավտոմեքենային, նրանց հասցեին հնչեցրել բռնության գործադրելու սպառնալիքներ, ավտոմեքենան վարել ճանապարհին կանգնած ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ՝ իրական վտանգ ստեղծելով վերջիններիս առողջության համար: Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում երիտասարդը բերման է ենթարկվել եւ անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է գործարանային արտադրության սառը զենք հանդիսացող որսորդական դանակ։
27-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 1.1-ին մասով, 185-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 316-րդ հոդվածի 1-ին մասով եւ 235-րդ հոդվածի 4-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Նախաքննությունը շարունակվում է:
ԱԱԾ-Ն ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները շարունակում են իրականացնել սոցիալական ցանցերում ԱՀ քաղաքացիների անձնական տվյալների հավաքագրման տարաբնույթ փորձեր: Կոչ ենք անում զործ մնալ սոցիալական ցանցերում տարբեր օգնություններ առաջարկող կասկածելի օգտահաշիվներին եւ կազմակերպություններին անձնական տվյալներ տրամադրելուց: Սոցիալական տարբեր ծրագրերի շահառու լինելու համար անձնական տվյալներ փոխանցեք միայն պետական կառույցներին:
ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐ Է ՎԱՃԱՌԵԼ
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում տվյալներ էին ստացվել, որ մայրաքաղաքում մի անձ տարբեր տեսակի թմրամիջոցներ է վաճառում: Ոստիկանության ծառայողները ձեռնարկեցին համապատասխան միջոցառումներ՝ պարզելու ինչպես թմրամիջոցներ իրացնողի, այնպես էլ օգտագործողների շրջանակը։ Միջոցառումների արդյունքում մայրաքաղաքի տարբեր հատվածներից, թմրամիջոց ձեռք բերելու եւ օգտագործելու կասկածանքով, ոստիկանության բաժիններ բերման ենթարկվեցին մոտ մեկ տասնյակ անձինք։ Նրանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին տարբեր քաշի կոկաին, մեթամֆետամին, էքստազի եւ մարիխուանա։ Երեւանի 40-ամյա բնակիչը կալանավորվեց, իսկ բերման ենթարկվածներից 6-ը ձերբակալվեցին։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է քննություն։
ՀԱՔԵՐԱՅԻՆ ՀԱՐՁԱԿՈՒՄ
ՀՀ բարձր տեխնոլոգիական եւ արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը եւս «Apple»-ից ստացել է նամակ այն մասին, որ իր հեռախոսը, հնարավոր է, ենթարկվել է հաքերային հարձակման: «Երկու օր առաջ իմ հեռախոսին նույնպես այդպիսի հաղորդագրություն եկել է: Կարծում եմ, որ շատերին հարցնեք, կպարզվի՝ կրկին եկել է նման հաղորդագրություն: Դա նշանակում է, որ Հայաստանի իշխանությունների հետ առնչություն չունի: Դա միջազգային հայտնի ընկերություն է: Միայն մեզ մոտ չէ, որ նման խնդիր է առաջացել: «Apple»-ի նման ընկերությունը, որն ավելի ուշադիր է իր սպառողների նկատմամբ, այդպիսի զգուշացումներ է կատարել: Մենք հետեւել ենք այն ցուցումներին, որոնք կան: Մնացած մեկնաբանություններն այն մասին, թե դա ում կողմից է արվել, խնդրում եմ, դիմեք հենց իրենց»,-ասել է նախարարը՝ ընդգծելով, որ այն, ինչ կատարվել է, իրենք գնահատել են որպես հարձակում կամ հարձակման ցանկություն Հայաստանի Հանրապետության, տվյալ դեպքում՝ առանձին քաղաքացիների դեմ: