ՄԻԱՅՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՎԱԾ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունն ունի քաղաքական որոշում, որ միայն ատեստավորված ուսուցիչների աշխատավարձերի դրույքաչափն է ավելանալու: «Երբ Կառավարությունը հաջորդ անգամ  ուսուցիչների աշխատավարձի դրույքաչափը բարձրացնելու որոշում կայացնի, ունենք քաղաքական որոշում, որ միայն ատեստավորված ուսուցիչների դրույքաչափն է ավելանալու: Սա շատ կարեւոր ուղերձ է: Օրինակ` 2019 թվականին մենք ուսուցիչների աշխատավարձը բարձրացրեցինք, բայց նաեւ կային ուսուցիչներ, որ շատ արդարացի բողոքում էին: Ասում էին. «Նայեք մեր աշակերտների արդյունքները, թե ինչ հաջողություններ ունեն, փաստորեն, նույն կերպ մեր աշխատավարձը պետք է բարձրանա, ինչքան որ բարձրանում են ուսուցիչների, որոնց աշակերտները նման արդյունքներ չունեն»,-ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այսինքն` ներքին համակարգը կսկսի գործել: Հաջորդ անգամ, երբ անդրադառնանք, որ ուսուցիչների աշխատավարձի բազային դրույքաչափն ավելանում է, դա կվերաբերի միայն կամավոր ատեստավորում ստացած ուսուցիչներին»,- ընդգծել է Փաշինյանը՝ հավելելով, որ դա չի նշանակում, թե մնացած ուսուցիչների աշխատավարձերը չեն բարձրանալու:

 

Կառավարությունը հավանություն տվեց ««Հանրակրթության մասին» օրենքում  փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի նպատակն է ներդնել դպրոցական կառավարման բարելավված համակարգ, անցնել համընդհանուր ներառական հանրակրթությանը, վերանայել չափորոշիչները, ուսումնական պլանը եւ առարկայական ծրագրերը: Կառավարության նիստում Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ օրենքի լրացումները եւ փոփոխությունները ուղղված են հանրակրթության կառավարման, ուսուցիչների մասնագիտական զարգացման, ատեստավորման եւ խրախուսման, ինչպես նաեւ հանրակրթության ներառականության եւ բովանդակային բարեփոխումներին՝ նպատակադրելով առավել ճկուն եւ արդիական մոտեցումներ ներդնել մի շարք գործընթացներում, ինչպես նաեւ կիրառել գործիքակազմեր:

«Դրանք թույլ կտան մեծացնել համակարգի արդյունավետությունը, ընդլայնել զարգացման հնարավորությունները, ապահովել ուսուցիչների մասնագիտական կատարելագործման շարունակականությունը, բարելավել ուսումնական հաստատությունների կառավարման մեխանիզմները: Մասնավորապես` համակարգում ուսուցչի մասնագիտական չափորոշիչների ներդրումը հնարավորություն կտա գործարկել ուսուցչի աշխատանքային առաջխաղացման մեխանիզմը, այն դարձնել չափելի եւ տեսանելի, ինչպես նաեւ փոխկապակցել վարձատրության համակարգին տարակարգերի շնորհման միջոցով: Նաեւ կհստակեցվի ուսուցիչների մասնագիտական զարգացման քաղաքականությունը՝ հրաժարվելով միատեսակ եւ միաչափ վերապատրաստումներից եւ անցում կատարելով մասնագիտական չափորոշիչներից բխող պատրաստումներին: Հնարավորություն կստեղծվի իրականացնել ատեստավորման տարբեր ընթացակարգեր, այդ թվում` գիտելիքների ստուգման վրա հիմնված կամավոր ատեստավորումը»,- ասել է Դումանյանը:

Ըստ Դումանյանի` նախագծի իրագործմամբ դպրոցները մանկավարժական ինքնավարության հնարավորություն կստանան:

Ն. Պ.

 

 

 

ՄԱՐԶՊԵՏԸ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ Է ՍՏԵՂԾԵԼ

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը նոյեմբերի 17-ին որոշում է ընդունել Բերդի տարածաշրջանի գյուղերի հրետանակոծությունից վնասված տների վերականգնման եւ բարեկարգման աշխատանքներն  ընդունելու նպատակով հանձնաժողով ստեղծելու մասին։ Հանձնաժողովի նախագահ է նշանակվել Տավուշի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատար Միսաք Մելքումյանը, անդամներ՝ քաղաքաշինության վարչության աշխատողներ, տեխնիկական հսկողություն իրականացող ՍՊԸ-ի ներկայացուցիչներ, շինարարական աշխատանքներ իրականացրած «Տավուշշին» ԲԲԸ-ի  ներկայացուցիչներ, սահմանամերձ Չինարի, Այգեպար եւ Ներքին Կարմիրաղբյուր գյուղերի վարչական ղեկավարներ Սամվել Սաղոյանը, Արկադի Յամուկյանը եւ Լեւոն Առաքելյանը։

Նման մի հանձնաժողով Տավուշի  մարզպետ Հայկ Ղալումյանը ստեղծել էր  սեպտեմբերի 14-ին, որի ղեկավարը կրկին քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատար Միսաք Մելքումյանն էր։ Մարզպետ Հ. Ղալումյանը այդ հանձնաժողովին հանձնարարել էր սեպտեմբերի 15-ից 17-ը ուսումնասիրել Բերդի տարածաշրջանի հրետակոծության հետեւանքների վերականգնողական աշխատանքների հետ կապված հարցերը, բողոքները, դրանք զեկուցել իրեն եւ սահմանված ժամկետում տեղեկատվություն ներկայացնել Տարածքային կառավարման եւ ենբթակառուցվածքների նախարարություն։ Հետաքրքիր  է, որ սեպտեմբերի 14-ին ստեղծված Տավուշի մարզպետարանի հանձնաժողովի կազմում  ընդգրկվել էին Տավուշի մարզպետարանի, վերականգնողական աշխատանքներ իրականացրած կազմակերպության ներկայացուցիչները, Բերդի տարածաշրջանի սահմանամերձ, հրետակոծված  բնակավայրերի վարչական ղեկավարները, հանձնաժողովի անդամները այցելել էին Ադրբեջանի զինուժի կողմից հրետոկոծված  Այգեպար գյուղ, բայց ոչ՝ Ներքին Կարմիրաղբյուր։ Այգեպարում դեռեւս չի վերանորոգվել 2020թ. հուլիսի 12-13-ին հրետակոծված մեկ առանձատուն, մեկ այլ առանձնատան տանիքը։  Ներքին Կարմիրաղբյուր  գյուղում հրետակոծված տների վերականգնողական աշխատանքներն արվել են առանց սկզբունքի, տարերային ձեւով, որոշ առանաձնատների վերականգնողական աշխատանքները չեն էլ մեկնարկել:

Ներքին Կարմիրաղբյուրի բնակիչները, դրա դեմ բողոքելով, նամակներ էին գրել Տավուշի մարզպետարան, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածների նախարարություն, վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

ՎԱՐԱԿՎԱԾ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հայաստանում մորեխներով եւ մկնանման կրծողներով վարակված հողատարածքները կազմել են 153 հազար 528 հա: ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ 2020 թվականին միայն 73 հազար 528 հա հողատարածք գտնվում է մկնանման կրծողների տիրապետության տակ, իսկ 80 հազար հա վարակված են մորեխներով: 2019 թվականի համեմատ՝ դա ավել է 26 հազար 417 հա-ով: Մեզ հայտնի դարձավ, որ 2019 թվականին մորեխներով եւ մկնանման կրծողներով վարակված է եղել 127 հազար 111 հա հողատարածք: Ի դեպ, տեղեկացնենք, որ մկներով եւ մորեխներով վարակված հողատարածքներ ավելի շատ գտնվում են Շիրակի մարզում՝ 23 հազար 190 հա: Շիրակին հաջորղում է Գեղարքունիքը, որտեղ մկներով եւ մորեխներով վարակված է 20 հազար 740 հա հողատարածք: Այս ցուցանիշների ֆոնին արձանագրենք, որ մեր հանրապետությունում որեւէ պետական կառույց չկա, որպեսզի պայքարի մկների եւ մորեխների դեմ այն դեպքում, երբ գյուղատնտեսությունը համարվում է մեր երկրի տնտեսության առանցքային ոլորտներից մեկն է:

 

 

13.5 ՄԼՐԴ ԴՐԱՄ ԿՏՐԱՄԱԴՐՎԻ ԱՐՑԱԽԻՆ

ՀՀ կառավարության որոշմամբ՝ Արցախի Հանրապետությանը կտրամադրվի 13.5 մլրդ դրամ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից՝ մանրամասնելով, որ նախատեսվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Արցախի Հանրապետության կառավարությանը տրամադրել 12 մլրդ ՀՀ դրամ գումարի չափով միջպետական վարկ եւ 1,5 մլրդ դրամ՝ նվիրաբերության պայմանագրի հիման վրա։ Միջպետական վարկը Արցախի կառավարությանը տրամադրվում է տարեկան 0,001% տոկոսադրույքով, մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով։ «Արցախի Հանրապետությանը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հատկացվող օժանդակությունը կտրամադրվի Արցախի բնակչության՝ նոյեմբեր ամսվա էլեկտրաէներգիայի, գազամատակարարման եւ կապի ծառայությունների, ինչպես նաեւ 2021թ. պետական բյուջեով նախատեսված նոյեմբեր ամսվա աշխատավարձերի, նպաստների, կենսաթոշակների, առողջապահության, սոցիալական եւ կրթության ծրագրեր ծախսերի ֆինանսավորման համար»,- կառավարության նիստում նախագիծը ներկայացնելիս ասել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ նշելով, որ տարեսկզբից առ օրս Արցախին է փոխանցվել ավելի քան 199 մլրդ դրամի աջակցություն:

Նշվում է, որ որոշման նախագիծը բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի դրույթներից եւ միտված է Արցախի հետպատերազմյան վիճակի վերականգնմանը, տնտեսական կյանքի աշխուժացմանը եւ տեղահանված բնակչության սոցիալական խնդիրների լուծմանը:

 




Լրահոս