ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ԴԵՊՔԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՆԿՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կորոնավիրուսի ակտիվ դեպքերի մեջ պատվաստվածների թիվը 1 269-ն է կամ վարակվածների շրջանում 3.6 տոկոսը: Կառավարության նիստում այս մասին հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Այսինքն` վարակվածների շրջանում 3.6 տոկոսն է, որ պատվաստված է, բայց վարակվել է կորոնավիրուսով։ Հիվանդանոցային բուժում ստացող 3 124 քաղաքացիներից 114-ն են պատվաստված»,- հավելել է նա:  Նախարարի խոսքով՝ բազմաթիվ դեպքեր կան, որ անգամ տարեց քաղաքացիները պատվաստված լինելու պարագայում հեշտությամբ հաղթահարում են հիվանդությունը, իսկ այն քաղաքացիները, որոնք չունեն քրոնիկ հիվանդություններ, երիտասարդ են, բայց, ցավոք, ծանր ընթացքով են տանում հիվանդությունը: Նախարարի խոսքով` պատվաստումները որեւէ կերպ չեն անդրադառնում մարդու վերարտադրողական առողջության վրա: Հայաստանում ընդհանուր առմամբ կորոնավիրուսի դեմ իրականացվել է 1 միլիոն 168 հազար պատվաստում:

 

Կորոնավիրուսի դեմ պատվաստման առաջին չափաբաժինը ստացել է ավելի քան 700 հազար քաղաքացի, սակայն հետպատվաստումային բարդության որեւէ նշանակալի դեպք չի արձանագրվել: «Պատվաստումից հետո չի եղել որեւէ բարդության դեպք, որը արժանի է հիշատակման: Հիշում եք, չէ՞, ինչեր էին ասում, մարդիկ ամենասարսափազդու տեսարաններ էին նկարագրում: Իհարկե, լինում է, որ պատվաստումից հետո ջերմությունն է բարձանում, լինում է, որ ինքնազգացողությունն է վատանում, բայց հիշատակման արժանի որեւէ դեպք չունենք»,- ընդգծել է Փաշինյանը:

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի էական եւ լուրջ անկում է գրանցվել: «Նախ, իհարկե, դպրոցական արձակուրդները մի շաբաթով երկարացնելը որոշակի դեր խաղաց, բայց մենք ի սկզբանե գիտեինք, որ երկու լիարժեք պատվաստումները 250 հազարի շեմը հատեն, դա արդեն ամենօրյա թվերի վրա կունենա ազդեցություն: Այսօր լիարժեք պատվաստում ստացած քաղաքացիների թիվը հատել է 400 հազարի շեմը, ինչը շատ լավ նորություն է, բայց սա մեր զգոնությունը չպետք է թուլացնի, որովհետեւ արդեն տեսել ենք, որ վիրուսը մուտացիաների է ենթարկվում»,- ասել է  Փաշինյանը:

Նախարարի խոսքով՝ մոնիթորինգ են իրականացնում եւ արձանագրում են անգամ այն դեպքերը, երբ քաղաքացիները դիմում են ջերմության բարձրացման կամ այլ դեպքով: «Դա նորմալ է, քանի որ նշանակում է՝ պատվաստանյութն ազդում է, հակամարմինները ձեւավորվում են, եւ դա օրգանիզմի նորմալ ռեակցիա է։ Առաջին դեղաչափ ստացել է 761 820 քաղաքացի, ինչը կազմում է մեր բնակչության 38.1 տոկոսը: Երկրորդ դեղաչափը ստացել է 406 681 քաղաքացի»,-ասել է Ավանեսյանը: Վերջինս ասել է, որ արդեն իրականացնում են այն քաղաքացիների վերապատվաստումը, որոնց ամբողջական պատվաստումից անցել է 6 ամիս։ 1-2 օրվա ընթացքում կմշակվեն հստակ կարգեր, թե ինչպես քաղաքացիները կարող են վերապատվաստվել:

Հայաստանի տարբեր սննդի կետերում ու մանկական կրթահամալիրներում վերջերս գրանցված սննդային թունավորումների դեպքերն ամբողջական ուսումնասիրում է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Իր գործառույթների շրջանակներում դեպքերն ուսումնասիրում է նաեւ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ կարվեն երկու կառույցների միասնական վերլուծությունից  բխող գործողություններ: «Կանխարգելիչ միջոցառումների համատեքստում գուցե ավելի մեծաթիվ այցերի ու ստուգումների կարիք լինի, որպեսզի բացառենք նման դեպքերը»,-նշել է նա:

Հիշեցնենք՝ ոչ աննդային թունավորումների դեպքեր են գրանցվել «Տաթեւ» կրթահամալիրում, «Էլկա» մանկական կենտրոնում, «Տաշիր պիցցա»-ի մի քանի կետում, «Հայր եւ որդի Երեմյաններ»-ին պատկանող «Բուրգըրի» եւ «Պանդոկ Երեւան» հանրային սննդի օբյեկտներում:

Ն. Պ.

 

ԶՈՀՎԱԾ ԶԻՆՎՈՐԻ ՄԱՍԻՆ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ երեկ Տավուշի սահմանագծում զոհված Սուրեն Ավետիսյանը Երեւանից էր։ Ապրում էր Նորագյուղում։ Հարզատները վերջինիս բնութագրում են որպես խելացի, համեստ անձնավորություն։ Սովորել է Երեւանի թիվ 13 հատուկ երաժշտական դպրոցում։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին՝ ժամը 14։50-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարեւելյան հատվածում տեղակայված մարտական հենակետում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Սուրեն Ռոմանի Ավետիսյանի (ծնվ. 2001թ.) դին՝ գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորմամբ։ Նա ծառայում էր Տավուշի մարզում, դեպքը տեղի է ունեցել Կոթի գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում, որտեղ նա իրականացնում էր հերթապահություն: Սուրենի մտերիմներն առայժմ չգիտեն, թե կոնկրետ ինչ հանգամանքներում է մահացել Սուրենը:

 

ՏՆԱԿ Է ԱՅՐՎԵԼ

Նոյեմբերի 25-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Ուսանողական փողոցի թիվ 7 հասցեին հարակից տարածքում այրվում է փայտե տնակ՝ ինքնաշեն կցակառույցով։ ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը եւ հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։24-ին, մարվել՝ 08։25-ին։ Այրվել է փայտե տնակը՝ ինքնաշեն կցակառույցներով (մոտ 200 քմ)։ Տուժածներ Ն. Մ.-ն, Զ. Ա.-ն (ծնված 1952 թ.) եւ Ա. Ա.-ն ձեռքերի շրջանում տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել են Վանաձոր քաղաքի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար։

 

ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹ Է ՆՎԻՐԱԲԵՐԵԼ

Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը նվիրաբերել է  201.640 դեղաչափ AstraZeneca պատվաստանյութ: Տեղեկացրել է ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպանությունը: Դեսպանությունը բարձր է գնահատել ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցությունը: Հայաստանում հասանելի են «Կորոնավակ» (միայն 2-րդ դեղաչափ), «ԱստրաԶենեկա», «Սպուտնիկ-Վի», «Սինոֆարմ», «Մոդեռնա» պատվաստանյութերը: Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ եւ կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ն: Կարող են պատվաստվել նաեւ օտարերկրյա քաղաքացիները: Պատվաստումներն անվճար են:

 




Լրահոս