ՍԻՐՈ ՄԵՋ ՊԵՏՔ Է ԼԻՆԵԼ ԱՆՇԱՀԱԽՆԴԻՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամուսնական տարեդարձը հիանալի առիթ է եւս մեկ անգամ միմյանց սեր խոստովանելու եւ հարաբերություններն է՛լ ավելի ամրացնելու:  Գաղտնիք չէ, որ ամուսնական յուրաքանչյուր տարեդարձ ունի իր նշանակությունը: Այս տարի՝ նոյեմբերի 24-ին, դերասանուհի Նոննա Գրիգորյանը եւ դերասան Վահագն Կիրակոսյանը նշեցին իրենց  ամուսնության 10 տարին (վարդագույն հարսանիքը): «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դերասանուհին կիսվել է իր զգացողություններով:

 

Օրվա խորհուրդը

«Մենք մինչեւ մեր ամուսնությունը ճանաչել ենք միմյանց, նույնիսկ երբ դեռ չէիք ամուսնացել, մեզ ասում էին՝ այնպես եք միմյանց հետ շփվում, կարծես ամուսիններ լինեք: Այնպես որ, մեզ համար ամուսնությունը պարզապես իրադարձություն էր: Շատ զույգեր մեկ տարի կամ գուցե 6 ամիս առաջ ծրագրում են իրենց հարսանիքը, իսկ մենք մեր հարսանիքը ծրագրեցինք ընդամենը 20 օրում: Այս ժամանակ ես  Կամերային թատրոնով մեկ ամսով գտվում է հյուրախեղերի ԱՄՆ-ում, եւ այդ հեռավորությունը որոշիչ դեր ունեցավ մեր կյանքում: Որոշեցինք օրինականացնել մեր հարաբերությունները: ԱՄՆ-ից վերադառնալուց 4 օր հետո նշանադրվեցինք, 14 օր հետո զագս գնացինք, իսկ 24 օր հետո ամուսնացանք: Մինչ օրս մեր ամուսնության խնջույքը շատերի հիշողության մեջ է մնացել իր պոզետիվությամբ, անգամ եղանակն է տպավորվել, քանի որ առավոտյան այնքան տաք էր, կարծես ամառ լիներ, ցերեկը լրիվ՝ գարնանային եղանակ էր, իսկ երեկոյան արդեն ձմեռ էր, շատ մեծ-մեծ փաթիլներով ձյուն էր գալիս»:

Անշահախնդիր սեր

«Ես, ամբողջ կյանքում ունենալով իմ ծնողների ընտանիքի իդեան, ցանկանում էի այնպիսի ամուսին եւ ընտանիք ունենալ, ում հետ կարող էի ընկեր լինել, կիսել իմ բոլոր հույզերն եւ ապրումները, բացի կին-ամուսին հարաբերություններից: Եվ ես իսկապես ունեմ այդ ընտանիքը, ինչի համար շնորհակալ եմ շատ Աստծուց: Ես անկեղծ կլինեմ, մեր հարաբերությունների հիմքում ընկած է միայն առողջ սիրո զգացողություն, որն օր օրի է՛լ ավելի է ամրանում: Ես հասկացա, որ տարիներ հետո միայն կարող ես ասել, թե ինչ է սերը, քանի որ 20 տարեկանում կարող ես խոսել սիրահարվածության, հրապուրանքի մասին, բայց ոչ՝ սիրո: Կարծում եմ՝ սիրո մեջ պետք է լինել անշահախնդիր, եւ դեռ մենք երկար տարիներ ունենք միմյանց բացահայտելու համար»:

Ընտանեկան դժվարություններ

«Ընտանեկան անկումներ չենք ունեցել: Ես տեսակով շատ ազնիվ մարդ եմ եւ թույլ չեմ տա ինձ ստել: Եղել են դժվարին ժամանակներ, խնդիրներ, ինչը նորմալ է բոլոր ընտանիքիների համար, որոնք հաղթահարել ենք եւ անցել առաջ: Կյանքի դժվարին փուլերին  դիմակայելը մեզ դարձրել է ավելի ամուր, ու  մեր ամեն առավոտվա  սուրճ սկսում ենք լավ ու բարի հիշողություններով եւ ծիծաղով»:

10 տարիների ամենաթանկ ձեռքբերումը

«Իմ եւ ամուսնուս աշխատանքը «էգոիստ» աշխատանք է, քանի որ այն մեզանից շատ ժամանակ է խլում, եւ երբ մեզ ասում են՝ ինչու երկրորդ զավակ չեք ունենում, ես միշտ հումորով պատասխանում եմ. «Վա՛յ մոռացել էինք, գործով էինք ընկել»: Աղջիկս մեր միակն է եւ մեր սիրո վկայությունը: Շատ հումորով, ընկերասեր աղջիկ  է մեծանում: Նա մեր տան ճառագող լույսն է»:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 

 

 

 

ԿԱՐԻԵՐԱՆ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ «ԼԻՎԵՐՊՈՒԼ»-ՈՒՄ

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, հեռուստամեկնաբան Ռիո Ֆերդինանդը Դորտմունդի «Բորուսիայի» եւ Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդին հորդորել է կարիերան շարունակել «Լիվերպուլում»։ «Էրլինգ Հոլանդը կարող է լիարժեք իրացնել իր հնարավորությունները «Լիվերպուլում», որի փոխարեն լինեի՝ ես հենց հիմա կգնեի նորվեգացուն։ Եթե նա միանա Կլոպի գլխավորած թիմին, այնտեղ կձեւավորվի ավերիչ հարձակողական եռյակ։ Չեմ կարծում, որ Հոլանդը «Լիվերպուլում» հարմարվելու հետ կապված որեւէ խնդիր կունենա։ «Մանչեսթեր Սիթիում» շատ ավելի բարդ կլինի Հոլանդին։ Այնտեղ այլ համակարգ է։ Ջեք Գրիլիշը հրաշալի ֆուտբոլիստի կարգավիճակում միացավ Գվարդիոլայի թիմին, բայց դեռ հարմարվում է։ Քչերին է հաջողվում անմիջապես ընտելանալ «Մանչեսթեր Սիթիի» խաղին»,- Ֆերդինանդի խոսքը մեջբերում է BT Sport-ը։ Էրլինգ Հոլանդի ծառայություններով հետաքրքրված են նաեւ Լոնդոնի «Չելսին», Մադրիդի «Ռեալը», Փարիզի ՊՍԺ-ն, կատալոնական «Բարսելոնան»։

 

 

 

ՕՐԵՅՐՈՅԻ ՏԵՍԱՈՒՂԵՐՁԸ

Ուրուգվայցի երգչուհի եւ դերասանուհի Նատալյա Օրեյրոն տեսաուղերձ է ձայնագրել, որում իր արգենտինացի երկրպագուներին կոչ է արել մասնակցել «Հայաստան» համահայկական հիմադրամի ամենամյա հեռուստամարաթոնի շրջանակներում անցկացվող դրամահավաքին։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ դրամահավաքով կզբաղվի նաեւ «ՅՈւՆԻՍԵՖ»-ի արգենտինական մասնաճյուղը։ «Հավաքված միջոցները կուղղվեն Սյունիքի Վերիշեն գյուղի մանկապարտեզի վերանորոգմանը»,- ասել է Օրեյրոն։

 

 

ԱՌԱՎԵԼՈՒԹՅԱՆ Է ՀԱՍԵԼ

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական խաղում «Բրուքլին Նեթսը» 123։104 հաշվով առավելության է հասել է «Բոստոն Սելթիքսի» նկատմամբ։ «Բրուքլին Նեթսի» առաջատար Քեւին Դյուրանտը վաստակել է 21 միավոր, իսկ կարեիրայի ընթացքում վաստակած միավորների քանակը հասցրել է 24 381-ի, ինչը թույլ է տվել նրան NBA-ի բոլոր ժամանակների ամենարդյունավետ խաղացողների ցուցակում առաջ անցնել «Ֆիլադելֆիա Սիքսերսի» լեգենդար պաշտպան Ալեն Այվերսոնից եւ բարձրանալ 25-րդ տեղ։ Դյուրանտի հաջորդ նպատակը կլինի գերազանցել նաեւ կարիերան ավարտած Ռեյ Ալենին, որը 24 505 միավորով 24-րդ տեղում է։

 

 

ՎԵՐԱՆՎԱՆՎԵՑ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ ԱՆՈՒՆՈՎ

Երեւանի մշակույթի եւ արվեստի պետական քոլեջի գործունեության զարգացմանն աջակցելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության եւ «Ազնավուր» հիմնադրամի միջեւ երեկ կնքվել է համագործակցության հուշագիր:

 

Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից՝ մանրամասնելով, որ փաստաթուղթը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը եւ «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրը: Միջոցառմանը ներկա է գտնվել նաեւ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Ողջունելով ներկաներին՝ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ Երեւանի մշակույթի եւ արվեստի պետական քոլեջը նախատեսվում է անվանակոչել հայ ժողովրդի հպարտություն հանդիսացող աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի անվամբ:

«Սա շատ հիանալի գաղափար է, որը նաեւ պարտավորեցնող է բոլորիս եւ հատկապես Երեւանի մշակույթի եւ արվեստի պետական քոլեջի համար: Համայն հայությունը պետք է վստահ լինի, որ մեծ վարպետի անունը կրող քոլեջն իր ձեւով եւ բովանդակությամբ համապատասխանում է իր բարձր անվանը»,- նշել է նախարարը՝ ընդգծելով, որ ԿԳՄՍՆ-ն եւ «Ազնավուր» հիմնադրամը համատեղ աջակցելու են դրա հաջող իրականացմանը:

«Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրն իր հերթին նշել է, որ Շառլ Ազնավուրը միշտ աջակցել եւ մեծ կարեւորություն է տվել երիտասարդ սերնդի հետ շփմանը. «Ես կարծում եմ, որ նրա համար հաճելի կլիներ այս անվանակոչումը: Սա շատ կարեւոր է ոչ միայն Շառլ Ազնավուրի՝ որպես մարդու եւ արտիստի անունը պահելու, այլեւ նրա կարեւոր արժեքները կիսելու տեսանկյունից: Հիմնադրամի կողմից կանենք հնարավորը, որպեսզի քոլեջն արժանի լինի իր անվանը: Մենք կհրավիրենք հայտնի մարդկանց, որոնք կներշնչեն երիտասարդներին, եւ գուցե մի օր ապագա սերունդը մեր ժողովրդին նվիրի տաղանդավոր երիտասարդների, որոնք կստիպեն մեզ հպարտանալ եւ Հայաստանի անունը բարձր պահել»:

 

 

 




Լրահոս