“Ժողովուրդ” օրաթերթն այսօր` հոկտեմբերի 17-ին, ստացել է հոկտեմբեր ամսվա մեջ թվով երրորդ դատական ծանուցումը: Հոկտեմբերի 12-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանը վարույթ է ընդունել ՀՀ կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Բենիկ Հարությունյանի հայցն` ընդդեմ “Ժողովուրդ”-ի:Որպես վիրավորանքի եւ զրպարտության հետեւանքով պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցում, Բենիկ Հարությունյանը “Ժողովուրդ” թերթից պահանջում է 2 միլիոն դրամ եւ եւս 244.000 դրամ` փաստաբանական եւ դատական ծախսերի համար: “Ժողովուրդ” թերթի հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է. “Ղարաբաղյան ծագում ունեցող, Սերժ Սարգսյանի մտերիմ Բենիկ Հարությունյանի հայցը վերաբերում է “Ժողովուրդ” օրաթերթի սեպտեմբերի 9-ի համարում տպագրված “Դոկտոր, պրոֆեսորի արկածները ոսկու հանքերումե հոդվածին, որտեղ ներկայացրել էինք ԱՄՆ քաղաքացի Նունե Սերոբյանի հնչեցրած մեղադրանքներն այն մասին, որ Բենիկ Հարությունյանը, ում հետ համատեղ բիզնես են ունեցել, չի վերադարձնում իր կողմից ներդրված 218 հազար ԱՄՆ դոլարը: Ընդ որում, նույն հրապարակման մեջ հանգամանալի կերպով ներկայացրել էինք թե Բենիկ Հարությունյանի եւ թե իր փաստաբան Մհեր Սիմոնյանի հերքումներն ու պատասխան մեղադրանքները, ինչպես նաեւ` նրանց տրամադրած բոլոր փաստական տվյալները: Այսպիսով, երեք տարբեր հայցերով “Ժողովուրդ”-ից պահանջվում է վճարել ընդհանուր առմամբ 5 միլիոն 244 հազար ՀՀ դրամ”:
Ժողովուրդ թերթի դեմ երրորդ գործն է հարուցվել. թերթից պահանջում են 5 մլն 244 հազար դրամ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ