ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԲՆԱԿԱՐՆՆԵՐԻ ՀԱՐՑՈՎ ՔՆՆԱՐԿՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը երեկ հանձնաժողովում ներկայացրեց  իր հեղինակած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում» փոփոխություն կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը։ Հանձնաժողովի նիստին մասնակցում էր նաեւ ԱԺ մեկ այլ՝  Պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի ղեկավար, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, որը նախագծի ներկայացումից հետո առաջարկեց հետագա քննարկումն անցկացնել փակ ռեժիմով՝ լրատվամիջոցների աչքից հեռու։ Ի պատասխան հնչեցրած առաջարկին՝ Թագուհի Թովմասյանն ասաց, որ Ա. Քոչարյանի գլխավորած հանձնաժողովում շատ ավելի գաղտնի թեմաներ են քննարկում, իսկ իր գլխավորած հանձնաժողովում այս պահին քննարկվում է զինծառայողների իրավունքներին առնչվող հարցեր։ «Մենք մեր հանձնաժողովում ունենք ավանդույթներ՝ հիմնականում աշխատել բաց ռեժիմով, որովհետեւ մենք Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովն ենք, եւ չեմ կարծում, որ այստեղ որեւէ խնդիր կա, կամ որեւէ մեկը կաշկանդվածություն կունենա»,- շեշտեց Թագուհի Թովմասյանը։

 

«Նախնական տարբերակով առաջարկվում է, որպեսզի օրենքի կետը խմբագրվի հետեւյալ կերպ. պայմանագրային զինծառայողները ծառայության վայրում բնակարանային բարելավման կարիք ունենալու դեպքում ապահովվում են ծառայողական բնակարաններով՝ պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով։ Ծառայության վայրում ծառայողական բնակարաններով չապահովելու դեպքում այլ բնակելի տարածքում բնակվելու համար պայմանագրային զինծառայողին վճարվում է  գումար՝ կառավարության կողմից սահմանված կարգով եւ չափով»,- նշեց Թագուհի Թովմասյանը։

Պատգամավորն ընդգծեց, որ իր կողմից ներկայացված նախագծով նախատեսում են, որպեսզի պայմանագրային զինծառայողն այլեւս ստիպված չլինի ներկայացնել վարձակալության պայմանագիր։ «Ես ձեզ խնդրում եմ, եկեք միասին ապահովենք լուծում, որպեսզի զինծառայողները ստիպված չլինեն օրենք խախտել։ Նաեւ հասկանանք, թե 81 քաղաքացիների ճակատագիրն ինչ է լինելու. տեղեկություն ունեմ, որ 39-ի նկատմամբ քննությունն ավարտվել է եւ լուծվել է  անհատական մոտեցմամբ»,- շեշտեց պատգամավորը։

Դեռեւս այս տարվա մարտի 4-ին Աժ պատգամավոր Թագուհի Թովմասյանն ԱԺ նիստերի դահլիճից բարձրաձայնեց. «Զինծառայողներին փոխանակ շնորհակալություն հայտնենք՝ 44 օր անհավասար պայքարում մարտնչելու եւ ողջ մնալու, մեր մնացած հայրենիքը պաշտպանելու համար, խարդախության հոդվածով մեղադրում ենք շատերին»:

Ի՞նչ խնդիր է առաջացել:

Այն զինծառայողները, որոնք իրենց բնակավայրից 30 կմ հեռու են ծառայում եւ չունեն բնակարան ծառայության վայրում, «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 65-րդ հոդվածով նախատեսված ձեւով ստանում են վարձով բնակարանի համար փոխհատուցում՝ ըստ ընտանիքի անդամների քանակի: Քանի որ շատ մարդիկ չեն ցանկանում պայմանագրաիրավական հարաբերություններ հաստատել եւ բնակարանը վարձով են տալիս՝ հրաժարվելով պայմանագրեր կնքել, շատ դեպքերում զինծառայողները ապրում են մի բնակարանում, բայց այլ բնակարանի մասով են պայմանագիր ներկայացնում՝ պետությանը վճարելով հարկ ու տուրքերը: Բացի այդ, տարեկան մեկ անգամ Կադաստրի կոմիտեից տեղեկանք են ներկայացնում եւ այլ պահանջվող փաստաթղթեր, որպեսզի օգտվեն օրենքով իրենց հասանելիք գումարից: Եւ, ահա, պատերազմից հետո բանակի ղեկավարությունը նոր հրահանգ է տվել՝ ստուգել վարձով ապրող զինծառայողների գործերը, եւ շատ շատերին խարդախության հոդվածով մեղադրանքներ են առաջադրել, պարտադրում են պետությանը վերադարձնել ինչ-որ գումարներ: Ինչո՞ւ, հարգելինե՛րս. զինծառայողները օգտվում են օրենքով իրենց հասանելիք գումարներից, ինչո՞ւ եք մարդկանց հանցագործ որակում:

Ի վերջո, մարդը կարող է տուն չունենալ ծառայության վայրում, ոչ էլ վարձել որեւէ բնակարան, այլ ամեն օր 50 կամ 60 կմ ճանապարհով գնալ իր տուն, գալ ծառայության: Ինչո՞ւ եք մարդկանց դատապարտում իրենց հասանելիք գումարից օգտվելու իրավունքը իրացնելու համար: Ի վերջո, չմոռանանք՝ եվրոպական շատ երկրներում մարդիկ սեփական ծնողներին իրենց տանը պահելու համար պետությունից բնակարանի վարձի գումար են ստանում: Ուրեմն ի՞նչ, բոլորին դատապարտե՞ն:Ես այս առիթով խոսել եմ իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ, որոնք բոլորը, առանց բացառության, պնդում են, որ զինծառայողներին այդ մեղադրանքները չպետք է առաջադրվեն: Պետք է բոլոր գործերը կարճվեն, եւ ՀՀ պաշտպանության նախարարը պետք է հրաժարվի տրված այդ անհեթեթ հրահանգից եւ պահանջվող հետգանձումներից: Երեկ փորձեցի հարցի լուծման մասով հրապարակավ խոստում ստանալ ՀՀ կառավարությունից, բայց չստացվեց: ՀՀ պաշտպանության նախարարը, առանց ԱԺ-ին զգուշացնելու, բացակա էր: ԱԺ նախագահն ասաց, թե գնացել է հայրենիքի սահմանները պաշտպանելու, առաջարկվեց գրավոր ուղարկել հարցս: Արվել է: Բայց հարցի լուծումը խիստ հրատապ է եւ արդիական»: Արդյունքում ՀՀ Աժ մարդու իրավունքների եւ պաշտպանության հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ՀՀ իրավասու մարմինների հետ կազմակերպել էր աշխատանքային քննարկում՝ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ, որի ավարտից հետո պատասխանեց լրագրողների հարցերին:

Ն. Պ.

 

 

ՊԱՏՐԱՍՏ Է ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

Պաշտոնական Բաքուն պատրաստ է բանակցություններ սկսել Երեւանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիեւը: «Ադրբեջանը պատրաստ է բանակցություններ սկսել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ։ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ վերջնական խաղաղությունը բխում է հենց Հայաստանի շահերից։ Ադրբեջանն իր հերթին կշարունակի ջանքերը` տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդման համար»,- ասել է Հիքմեթ Հաջիեւը։ Ադրբեջանի նախագահի օգնականը նշել է նաեւ, որ Բաքուն դրական է գնահատում նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների հանդիպման արդյունքները։

 

 

ԽՈՍԵԼ Է ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Երկրորդ եվրասիական համագումարի շրջանակներում անցկացվող «Առանցքային ներդրումային նախագծերը՝ ԵԱՏՄ-ում տնտեսական աճի համակարգային շարժիչ ուժեր» խորագրով լիագումար նիստին: Նիստին մասնակցում էին նաեւ ՌԴ վարչապետը, ԱՊՀ մասնակից մի շարք երկրների փոխվարչապետներ եւ պաշտոնատար այլ անձինք: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նիստի ընթացքում խոսել է ԵԱՏՄ երկրների միջեւ արեւտրում ազգային արժույթներով հաշվարկների ծավալների աճի խթանման անհրաժեշտության մասին, կապիտալի շուկաների եւ բորսային տարածքի հասանելիության եւ դրա արդյունքում բացվող հեռանկարների մասին։

 

 

ՀԱՆԴԻՊՈՒՄ

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարը չի բացառում Ստոկհոլմում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման հնարավորությունը: «ԵԱՀԿ 28-րդ նախարարական համաժողովի շրջանակներում հանդիպում հնարավոր է»,- ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 1-3-ը աշխատանքային այցով մեկնել է Ստոկհոլմ՝ մասնակցելու ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովին։ Արտգործնախարարությունը նախապես տեղեկացրել էր, որ ԱԳ նախարարը այցի շրջանակներում մի շարք երկկողմ հանդիպումներ է ունենալու: Մասնավորապես, դեկտեմբերի 1-ին Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի խորհրդարանի նախագահ Անդրեաս Նորլենի հետ:

 

 

 

ԿՐԱԿԱՀԵՐԹ

Երեկ` ժամը 10:30-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի ուղղությամբ տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը կրակահերթեր է արձակել, որոնք տեւել են 10-15 րոպե։ Կիրառվել են հիմնականում հրաձգային զինատեսակներ։ Այս մասին հայտնել է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը: Ստացված պարզաբանումների համաձայն՝ կրակահերթերը լսվել են համայնքի բնակելի հատվածում, իսկ կիրառված զենքի գնդակներն անցել են բնակիչների այգիների միջով։ Կրակահերթերի հետեւանքով մարդկային եւ նյութական վնաս պատճառելու դեպքեր չեն արձանագրվել։ Ադրբեջանական կողմը, խախտելով եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարի ռեժիմը եւ բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները, շարունակում է Արցախի ժողովրդի իրավունքների դեմ իր հանցավոր գործողությունները՝ ոտնձգելով առաջին հերթին խաղաղ բնակչության կյանքի իրավունքի եւ հոգեբանական ու ֆիզիկական անձեռնմխելիության դեմ։ Հրադադարի հաստատումից հետո բազմիցս հայտարարել ենք, որ նման հանցավոր գործողություններով ադրբեջանական կողմը նպատակ է հետապնդում ահաբեկելու Արցախում ապրող մարդկանց եւ վախի ու հուսալքության մթնոլորտ ձեւավորելու միջոցով հասնելու Արցախի հայաթափմանը։

 

 




Լրահոս