Արհեստական բանականության արագ տարածմանը զուգահեռ՝ մի շարք երկրներ սկսել են վերանայել դրա կիրառման քաղաքականությունը՝ որոշ ոլորտներում սահմանափակումներ մտցնելով կամ ընդհանրապես արգելելով դրա օգտագործումը։ Հատկապես մտահոգիչ է համարվում դպրոցներում գեներատիվ արհեստական բանականության կիրառումը, քանի որ, ըստ մի շարք կառավարությունների, այն կարող է ազդել երեխաների ինքնուրույն մտածողության, գրելու և սովորելու կարողությունների վրա։
Սակայն խոսքը ոչ թե արհեստական բանականությունից ամբողջությամբ հրաժարվելու, այլ դրա կիրառման նկատմամբ ավելի խիստ վերահսկողություն սահմանելու մասին է։
Նորվեգիա․ դպրոցներում AI-ի կիրառման գրեթե ամբողջական արգելք
Այս ուղղությամբ առավել կոշտ քայլերից մեկը կատարել է Նորվեգիան։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, 2026 թվականի հունիսին երկրի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն հայտարարել է տարրական դպրոցներում գեներատիվ արհեստական բանականության կիրառումը գրեթե ամբողջությամբ սահմանափակելու մասին։
Նոր կարգավորումների համաձայն՝ 1-7-րդ դասարանների՝ 6-13 տարեկան աշակերտները, որպես ընդհանուր կանոն, չպետք է օգտագործեն արհեստական բանականության գործիքներ։ 14-16 տարեկան աշակերտները կարող են օգտվել դրանցից միայն ուսուցիչների վերահսկողությամբ, իսկ ավագ դպրոցում՝ 17-19 տարեկանների համար, նախատեսվում է սովորեցնել AI-ի պատասխանատու կիրառումը։
Նորվեգիայի վարչապետը նման որոշումը հիմնավորել է նրանով, որ արհեստական բանականության կիրառումը կարող է երեխաներին զրկել ուսուցման կարևոր փուլերից։
«Դպրոցում ամենակարևորն այն է, որ մեր երեխաները սովորեն կարդալ, գրել և մաթեմատիկա», – հայտարարել է Ստորեն։ Նոր սահմանափակումներն ուժի մեջ են մտել 2026 թվականի օգոստոսին մեկնարկած ուսումնական տարվանից։
Ավստրալիա․ սահմանափակումներ տարրական դպրոցներում և քննությունների ժամանակ
Արհեստական բանականության կիրառումը սահմանափակելու որոշում է ընդունվել նաև Ավստրալիայում։ Երկրի կրթության նախարարները նոյեմբերի 5-ին համաձայնության են եկել դպրոցներում թվային գործիքների կիրառումը սահմանափակելու և այսպես կոչված թվային դետոքսի քաղաքականություն իրականացնելու շուրջ։
Մասնավորապես, որոշվել է սահմանափակել գեներատիվ արհեստական բանականության օգտագործումը տարրական դպրոցներում և միջնակարգ կրթության գնահատման գործընթացներում։
Ավստրալիայի կրթության նախարար Ջեյսոն Քլերը նշել է, որ երեխաները պետք է սովորեն ինքնուրույն մտածել, իսկ արհեստական բանականությունը կարող է խոչընդոտել այդ գործընթացին։
Միաժամանակ նախատեսվում է ստեղծել հատուկ աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի դպրոցներում թվային սարքերի չափից ավելի օգտագործման ազդեցությունը և կառաջարկի հետագա քայլեր։
ԱՄՆ․ Նյու Յորքում մեկ տարով արգելել են աշակերտների կողմից AI-ի օգտագործումը
Արհեստական բանականության կիրառման սահմանափակումներ են մտցվել նաև ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում։
Քաղաքապետ Զոհրան Մամդանին և կրթության պատասխանատուները սեպտեմբերի 2-ին հայտարարել են 2026-2027 ուսումնական տարվա ընթացքում 2-K-ից մինչև 8-րդ դասարանների աշակերտների կողմից գեներատիվ արհեստական բանականության կիրառման մեկամյա դադարեցման մասին։
Որոշումը վերաբերում է քաղաքի շուրջ 600 հազար աշակերտի։ Արգելքը տարածվում է նաև աշակերտների համար նախատեսված արհեստական բանականությամբ աշխատող ծրագրերի վրա, իսկ ուղեկից չաթբոտների օգտագործումն արգելվում է բոլոր դասարաններում։
Միևնույն ժամանակ, ավագ դպրոցների համար նախատեսվում են սահմանափակ փորձնական ծրագրեր, որոնց շրջանակում աշակերտները կարող են օգտվել AI-ից՝ ուսուցիչների անմիջական վերահսկողությամբ։
Քաղաքային իշխանությունները հայտարարել են, որ մեկ տարվա ընթացքում կուսումնասիրեն տեխնոլոգիայի ազդեցությունը երեխաների կրթության վրա։
Նիդեռլանդներ․ քննարկվում է տարրական դպրոցներում AI-ի արգելքը
Նիդեռլանդներում նույնպես քայլեր են ձեռնարկվում դպրոցներում գեներատիվ արհեստական բանականության կիրառումը սահմանափակելու ուղղությամբ։
Երկրի Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 29-ին ընդունել է առաջարկություն, որով կառավարությանը կոչ է արվում դիտարկել տարրական դպրոցներում աշակերտների կողմից գեներատիվ AI-ի օգտագործման արգելքը։
Առաջարկի հեղինակները մտահոգություն են հայտնել, որ տեխնոլոգիայի կիրառումը կարող է բացասաբար անդրադառնալ երեխաների քննադատական մտածողության, ստեղծագործականության և երևակայության զարգացման վրա։
Սակայն հարկ է նշել, որ սա դեռևս համընդհանուր գործող արգելք չէ․ խոսքը խորհրդարանական առաջարկության մասին է, որով կառավարությանը հորդորվում է համապատասխան փոփոխություններ մշակել։
Իսկ ի՞նչ է կատարվում Եվրոպական միությունում
Եվրոպական միությունը ևս ընտրել է արհեստական բանականության նկատմամբ վերահսկողության խստացման ճանապարհը։ AI Act-ը նախատեսում է արգելքներ որոշակի վտանգավոր կիրառությունների համար, ինչպես նաև թափանցիկության և վերահսկողության պահանջներ։
Մասնավորապես, 2026 թվականի օգոստոսի 2-ից կիրառելի են դարձել արհեստական բանականության արգելված կիրառությունների և որոշ այլ պահանջների վերահսկողության դրույթները։ Սա, սակայն, չի նշանակում, որ Եվրամիությունը հրաժարվում է AI տեխնոլոգիաներից կամ արգելում դրանց ընդհանուր օգտագործումը։
Այսպիսով, միջազգային զարգացումները ցույց են տալիս, որ մի շարք պետություններ սկսել են վերանայել արհեստական բանականության կիրառման սահմանները։ Առավել խիստ սահմանափակումներն առայժմ վերաբերում են կրթական ոլորտին, հատկապես՝ տարրական դպրոցներին և երեխաներին։ Միաժամանակ, մի շարք երկրներ շարունակում են զարգացնել AI տեխնոլոգիաները՝ փորձելով համատեղել դրանց հնարավորությունները մարդու իրավունքների, անձնական տվյալների պաշտպանության և կրթության որակի պահպանման հետ։
Անի Վարդանյան




























