Ադրբեջանը պետք է կանխի հայերի նկատմամբ ռասայական ատելության և խտրականության հրահրումը. հրապարակվել է Հաագայում ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի վճիռը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաագայում ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը վճռել է, որ Ադրբեջանն անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի հայերի դեմ ռասայական ատելության հրահրումը կանխելու համար, ասել է դատարանի նախագահ Ջոան Դոնոհյուն, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ադրբեջանը, ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայով ստանձնած պարտավորություններին համապատասխան, պետք է բանտարկյալներին պաշտպանի բռնությունից և վնասից… և պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու էթնիկ հայերի նկատմամբ ռասայական ատելության և խտրականության հրահրումը, այդ թվում՝ պաշտոնյաների կողմից», – ասել է դատավորը՝ հրապարակելով Հայաստանի՝ Ադրբեջանի դեմ ռասայական խտրականության մեղադրանքով ներկայացված հայցի վերաբերյալ վճիռը։

Հայաստանը սեպտեմբերի 16-ին դիմել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան ընդդեմ Ադրբեջանի՝ նրան մեղադրելով հայերի նկատմամբ ռասայական խտրականության համար։ Հայցում նշվում է, որ Ադրբեջանը «աջակցում է հայերի նկատմամբ ատելության քաղաքականությանը, որի արդյունքում նրանք ենթարկվել են խտրականության, ջարդերի ու խոշտանգումների»։ Երևանն իր հայցում պահանջում է «Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի խախտման համար՝ ապագայում վնասը կանխելու և արդեն հասցված վնասի փոխհատուցումը ստանալու համար»։

Հայաստանի կողմից հայցի ներկայացումից մեկ շաբաթ անց Ադրբեջանը հակընդդեմ բողոք է ներկայացրել։ Բաքուն իր հայցով ևս մեղադրել է Երևանին Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիան խախտելու համար։




Լրահոս