ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Նարեկ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021թ. ապրիլի 21-ին՝ ժամը 23:05-ի սահմաններում իշխանության ներկայացուցչի նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիք է տվել և եղբոր հետ խմբի կազմում նախնական համաձայնությամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել իշխանության ներկայացուցի նկատմամբ՝ կապված վերջինիս կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, որի գործողություններն արտահայտվել են հետևյալում.
Այսպես՝ 2021թ. ապրիլի 21-ին՝ ժամը 12:40-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի անվճար ուսուցման առաջին կուրսի առաջին դասակի սովորողներ, ոստիկանության կապիտան Գագիկ Ռադիկի Առաքելյանի և ոստիկանության սերժանտ Նարեկ Արշալույսի Կարապետյանի միջև տեղի ունեցած վիճաբանության վերաբերյալ նույն կրթահամալիրի պետի տեղակալ, ինքը և ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արշալույս Հարութիկի Գալոյանի կողմից զեկուցվել է կրթահամալիրի պետին, և միջադեպի մանրամասները պարզելու նպատակով նշանակվել է ծառայողական քննություն։ Տեղեկանալով միջադեպի վերաբերյալ Արշալույս Գալոյանի կողմից զեկուցագիր ներկայացնելու և եղբոր նկատմամբ ծառայողական քննություն նշանակվելու մասին՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի ԱԳ և ԸԲԿ բաժանմունքի ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Ռաֆայել Արշալույսի Կարապետյանը զանգահարել է Արշալույս Գալոյանի անձնական բջջային հեռախոսահամարին և հանդիպում պահանջել նրանից՝ միաժամանակ Արշալույս Գալոյանի հասցեին հնչեցնելով վիրավորական արտահայտություններ։
Արշալույս Գալոյանը հրաժարվել է հանդիպել Ռաֆայել Կարապետյանի հետ, ինչից հետո վերջինս նույն օրը՝ ժամը 23:05-ի սահմաններում, եղբոր՝ Նարեկ Արշալույսի Կարապետյանի հետ գնացել է Արշալույս Գալոյանի՝ Արարատի մարզի Արգավանդ գյուղի Կենտրոնական 1-ին փողոցի 27/1 հասցեում գտնվող տուն։ Արշալույս Գալոյանին հանդիպելով նրա տան դիմաց՝ փողոցում, Ռաֆայել Կարպետյանը ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված վիճաբանել է Արշալույս Գալոյանի հետ՝ նրա հասցեին տալով առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիք, ապա եղբոր հետ, խմբով առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել Արշալույս Գալոյանի նկատմամբ, այն է՝ Ռաֆայել Կարապետյանը Արշալույս Գալոյանին ասել է, որ հարվածելու է նրան, ապա ձեռքով հարվածել է դեմքին՝ պատճառելով առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք՝ դեմքի աջ այտային շրջանի քերծվածքի ձևով, ինչից հետո եղբոր հետ սկսել են քաշքշել Արշալույս Գալոյանի հագուստից և մարմնի տարբեր մասերից՝ պատճառելով ֆիզիկական ցավ։ Արշալույս Գալոյանը Նարեկ և Ռաֆայել Կարապետյաններից ազատվելու համար, ինքնապաշտպանության նպատակով յուրաքանչյուրի դեմքին մեկ անգամ բռունցքով հարվածել է, որի հետևանքով Ռաֆայել Կարապետյանն ընկել է գետնին։ Վիճաբանությանը միջամտել և Նարեկ Կարապետյանին մի կողմ է քաշել մինչ նշված վիճաբանությունը Արշալույս Գալոյանի տանը որպես հյուր գտնվող, նույն կրթահամալիրի քոլեջի մարտական և ֆիզիկական պատրաստականության ամբիոնի դասախոս, ոստիկանության փոխգնդապետ Արա Խաչիկի Սարգսյանը։
Ք. Մ.