Ռուսական կողմի միջնորդությամբ դեկտեմբերի 4-ին Հայաստան է վերադարձել 10 հայ գերի, ովքեր գերեվարվել էին Ադրբեջանի կողմից նոյեմբերի 16-ին։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Հայաստան վերադարձած տղաներին ՀՀ զինվորական քննչական վարչությունը կհրավիր հարցաքննության: Բանն այն է, որ այս պահին նրանց դիրքի պատասխանատուները կալանավորված են, եւ նախաքննական մարմինը նրանց հարցաքննելու է՝ հասկանալու համար, թե ինչպես նրանք գերի ընկան, նրանց հրաման են տվել կրակել, թե չկրակել, կամ ինչպես է նրանց դիրքի պատասանատու մի քանի հոգու հետ փախել, իսկ իրենց թողել դիրքում, որի արդյունքում էլ հակառակորդը նրանց գերի է վերցրել:
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունում պարզվել է, որ Գ. Գ.-ն, 2021 թվականի նոյեմբերի 16-ին իրականացնելով ՀՀ ՊՆ N զորամասի գումարտակի հրամանատարի պաշտոնակատարի պարտականությունները, նշանակված լինելով որպես նույն գումարտակի պահպանությանը հանձնված պաշտպանության շրջանի պատասխանատու եւ ընդգրկված լինելով մարտական հերթապահությունում գումարտակի պահպանությանը հանձնված տեղամասում, իսկ Ս.Մ.-ն, նույն ժամանակ ընդգրկված լինելով մարտական հերթապահությունում եւ իրականացնելով մարտական դիրքի դիտորդի պարտականությունները, խախտել են «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքով, ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով հաստատված մարտական հերթապահության կազմակերպման եւ իրականացման կանոնադրությամբ սահմանված կանոնները, որպիսի գործողություններն առաջացրել են ծանր հետեւանքներ. Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք՝ մարտական դիրք, դիրքում մնացած 13 զինծառայողներ գերեվարվել են հակառակորդի կողմից, մարտական դիրքն անցել է հակառակորդի վերահսկողության տակ, գերեվարված 13 զինծառայողներից Տ.Ս.-ի եւ Ա.Գ.-ի սպանված դիերը համապատասխանաբար նոյեմբերի 17-ին եւ 19-ին փոխանցվել են հայկական կողմին, դիրքում մնացած 11 զինծառայողների գտնվելու վայրը մինչեւ օրս անհայտ է։
2021թ. նոյեմբերի 24-ին Գ.Գ.-ն եւ Ս.Մ.-ն ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով կալանավորվել էին:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ՊՆ N զորամասի գումարտակի պաշտպանության շրջանի պատասխանատուին կալանավորել են այն բանի համար, որ նա, տեսնելով հակառակորդի մոտենալը, մի քանի հոգու հետ փախել է դիրքից, իսկ, ահա, 13 զինծառայողների թողել է դիրքում, որոնք էլ հակառակորդի կողմից գերեվարվել են: Իսկ ի՞նչ է պատմել իրավապահներին ՀՀ ՊՆ N զորամասի գումարտակի պաշտպանության շրջանի պատասխանատու Գ.Գ.-ն: Նա ցուցմունք է տվել, որ կորպուսի հրամանատարն իրենց ասել է՝ եթե տեսնեն հակառակորդը մոտենում է եւ անցնում է մեր սահմանը, այդ ժամանակ նոր անմիջապես գործողության դիմեն:
Արդյունքում իրավապահները հարցաքննության են հրավիրում ՀՀ ՊՆ N զորամասի կորպուսի հրամանատարին, որն էլ ցուցմունք է տվել, թե բոլոր պահպանության կետերում հստակ ասվել է՝ եթե նկատեն շարժ, անմիջապես գործողություն իրականացնեն: Հարցաքննություններից հետո իրավապահները եկել են եզրակացության, որ կորպուսի հրամանատարի խոսքերում ու գործողություններում հանցակազմ չկա, եւ նրան չեն ձերբակալել, մինչդեռ դիրքի պատասխանատուների քայլերում հանցակազմ կա, եւ երկու անձ կալանավորվել է:
Ասել է թե՝ դիրքի պատասխանատուի եւ կորպուսի հրամանատարի խոսքերի մեջ հակասություն կա, եւ 10 գերի ընկած զինվորները իրենք կասեն, թե ինչ է կատարվել նոյեմբերի 16-ին:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԿԱՐՄԻՐ ՇՈՒԿԱՅԻ ԿՐԱԿԱՀԵՐԹԻՑ
Կարմիր շուկայի ուղղությամբ ադրբեջանական ակտիվությունն ուղղակի սպառնալիք է բնակիչների հոգեբանական անձեռնմխելիության եւ բնականոն կյանքի կազմակերպման տեսանկյունից։ Այս մասին խոսել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը` հաստատելով նախօրեին Կարմիր շուկայի ուղղությամբ ադրբեջանական հենակետերից արձակված կրակոցների մասին տեղեկությունը։
«Նախօրեին՝ ժամը 21։30-ի սահմաններում, մոտ 15 րոպե տեւողությամբ կրակահերթ է եղել։ Դեպի օդ են կրակել խաղաղ բնակչությանը վախեցնելու նպատակով, նաեւ լուսարձակող փամփուշտներ են օգտագործել։ Որեւէ վնասի մասին տեղեկություն չունենք, իրավիճակը հանգիստ է եղել, նոր կրակոցներ չեն արձանագրվել»,- նշել է Ստեփանյանը։ Նշենք, որ թշնամու հենակետերը Կարմիր շուկայից մոտ 1 կմ հեռավորության վրա են գտնվում։ Ստեփանյանն ասում է` հատկապես վերջին օրերին ադրբեջանական զինուժի ակտիվացումը նաեւ ակտիվ գյուղատնտեսական աշխատանքները խաթարելու նպատակ ունեն։ Եթե անգամ օդ են կրակում, միեւնույնն է, մարդկանց բնականոն կյանքը խաթարվում է։
«Մենք անընդհատ պնդում ենք, որ քաղաքացիական բնակավայրերի մոտակայքից այդ հենակետերը պետք է հեռացվեն, որովհետեւ միայն իրենց ներկայությունն այնտեղ արդեն իսկ սպառնալիք է։ Այս պահին աշնանացան աշխատանքների ժամանակաշրջան է, իսկ բնակիչներն իրենց գյուղատնտեսական աշխատանքներն անվտանգ իրականացնելու համար սպառնալիք են զգում»,- պարզաբանել է Ստեփանյանը։ Արցախի ՄԻՊ-ի խոսքով` խնդրի լուծման միակ տարբերակը ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում հայկական բնակավայրերին մոտ գտնվող ադրբեջանական հենակետերը հետ քաշելն է։
67 դիմում՝ վերահաշվարկի մասին
2021 թվականի դեկտեմբերի 5-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչեւ դեկտեմբերի 07-ը` ժամը 11.00-ն. տեղեկացնում են ԿԸՀ-ից։ Սահմանված ժամկետում ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին ընդհանուր թվով 67 դիմումներ են ստացվել թվով 6 տարածքային ընտրական հանձնաժողովներում: Նշված դիմումներով պահանջվում է վերահաշվարկ իրականացնել 67 տեղամասերում: Տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ տարածքային ընտրական հանձնաժողովները չեն ստացել:
Վերահաշվարկ կիրականացվի թիվ 15, 21, 23, 27, 28, 29 տարածքային ընտրական հանձնաժողովներում։ Նշված հանձնաժողովներում վերահաշվարկների աշխատանքները կմեկնարկեն այսօր՝ 2021 թվականի դեկտեմբերի 7-ին՝ ժամը 14:00-ից:
ԱՆՀԵՏ ԿՈՐԱԾԸ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է
Ոստիկանության Չարենցավանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր 30-ամյա Վահե Արզումանյանը։ Այս մասին հայտնել են ոստիկանությունից։ Չարենցավանի ոստիկանների եւ քննիչների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 6-ին Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի շենքերից մեկում հայտնաբերվել եւ քննչական բաժին է ներկայացվել որպես անհետ կորած որոնվող Վահե Արզումանյանը։ Նա հայտնել է, որ նոյեմբերի 4-ից եղել է Երեւան, Գյումրի, Վանաձոր եւ Դիլիջան քաղաքների հյուրանոցներում։ Կատարվում է նախաքննություն։
ԿՐԱԿՈՑՆԵՐ՝ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ
Կոտայքի մարզում կրակոցներ են հնչել. ժամը 10:20-ի սահմաններում ոստիկանության Հրազդանի բաժին տեղեկություններ են ստացվել, որ գիշերը Ծաղկաձոր քաղաքի Գ. Մագիստրոսի փողոցում գործող «Ֆրուդս» մթերային խանութի ուղղությամբ կրակոցներ են արձակվել: Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 01:10-ի սահմաններում, նշված խանութի ուղղությամբ կրակոցներ են արձակել, ինչի հետեւանքով վնասվել է դռան ապակին, ցուցափեղկը եւ սառնարանը: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 1 հատ կրակված որսորդական փամփուշտի «Պիժ» եւ 10 հատ որսորդական փամփուշտի գնդակներ: Փաստի առթիվ ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
ԽԱՆՈՒԹԸ ՀՐԴԵՀՎԵԼ Է
Երեկ խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 10:55-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայութան 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գրիգոր Լուսավորիչ 12 հասցեի նկուղային հարկից ծուխ է դուրս գալիս, եւ կան կասկածներ, որ, հնարավոր է, կրակի արդյունք է դա:
Հրշեջները քաղաքացիների եւ հրդեհի վայրի «Եվրոպական հագուստ» խանութի աշխատակիցների հետ, նախ վտանգելով իրենց կյանքը, կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն: Ծխի հետեւանքով խոշոր չափի վնաս է պատճառվել «Եվրոպական հագուստ» խանութին, որտեղ վնասվել է նաեւ մեծ քանակի հագուստ: Հրշեջները մեծ դժվարությամբ կարողացել են ճեղքել նկուղային հարկում ծխի եւ կրակի գոտին, քանի որ տարածքը նաեւ մութ էր: Բարեբախտաբար, տուժածներ չկան: