«Պողպատյա մանդատով» օժտված Փաշինյանը իրավունք չունի «փակել» Արցախի հարցը. նախկին պատգամավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սույն թվականի դեկտեմբերի 8-ին Ազգային ժողովում Փաշինյանը հայտարարել է, որ,ադրբեջանագետ, Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանի համոզմամբ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կառավարություն-Ազգային ժողով վերջին հարցուպատասխանի ժամանակ ասած միտքը, թե «2016-ի դրությամբ բանակցային գործընթացում տեղի է ունեցել աղետ, եւ Ղարաբաղը կորցրել է Ադրբեջանի կազմից դուրս լինելու գործնական եւ տեսական բոլոր հնարավորությունները», բավական վտանգավոր թեզ է:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Հայրապետյանը նշում է, որ Փաշինյանն այդ հայտարարությունն արել է իբրեւ թե նախկին իշխանությունների դեմ պայքարի հայտնի տրամաբանության շրջանակներում, բայց իրականում վտանգավոր այդ թեզով ՀՀ վարչապետը հարցականի տակ է դնում եւ մեծ վնաս հասցնում Արցախի շուրջ ներկա եւ ապագա բանակցային գործընթացը:

Ըստ Հայրապետյանի՝ եթե Արցախն իսկապես կորցնելու լիներ Ադրբեջանի կազմից դուրս լինելու գործնական եւ տեսական բոլոր հնարավորությունները, ապա Ալիեւը ուրախությամբ կընդուներ այդ ժամանակ առաջարկվող լուծումն ու չէր գնա ռազմական սցենարի կիրառմանը:

«Իրականությունը, սակայն, այլ է: Անգամ Ալիեւն է խոստովանել, որ գնացել է պատերազմի, քանի որ չէր ցանկանում թույլ տալ, որ Արցախն Ադրբեջանի կազմից դուրս ինչ-որ կարգավիճակ ունենա: Ավելին, Մադրիդյան հիմնարար երեք սկզբունքներից մեկով հստակ ամրագրված է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտության դրույթը, սա անբեկանելի է եւ ձեռք է բերվել նաեւ դիվանագիտական համառ ջանքերի շնորհիվ: Փաստացի վերջին առաջարկվող փաստաթուղթը, երբ կողմերը մոտ են եղել ստորագրմանը, եղել է 2011-ի Կազանյան փաստաթուղթը, որը նախատեսում էր միջանկյալ կարգավիճակ՝ Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի հիման վրա հանրաքվեի անցկացմամբ: Սա թղթավորված փաստ է: Դրանից հետո այդ փաստաթղթի շուրջ եղել են որոշ առաջարկներ, բայց էությունը չի փոխվել, ցանկացած հնարավոր փոխզիջումային լուծում նախատեսում էր առնվազն միջանկյալ կարգավիճակ՝ Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի հիման վրա հանրաքվեի անցկացմամբ, իսկ դա բոլորս հասկանում ենք՝ ինչ արդյունք էր ունենալու»,- մանրամասնում է նախկին պատգամավորը:

Հայրապետյանը ցավով է նշում, որ դա վարչապետի կողմից արտաբերված մեկանգամյա թեզ չէր, քանի որ դրանից հետո իշխանական պատգամավորները ակտիվորեն լծվեցին այն «ապացուցելու» գործին: Ադրբեջանագետի համոզմամբ՝ այս գործընթացը չի կարող դիտարկվել իշխանություն-ընդդիմություն պայքարի համատեքստում. դա շատ ավելի վտանգավոր միտում է: «Մեզ փորձում են զրկել Արցախից եւ այդ հարցն առհասարակ դուրս մղել օրակարգից՝ կանխորոշելով Արցախի ապագան: Բոլորս ենք, չէ՞, հասկանում, որ Ադրբեջանի կազմում Արցախի հայտնվելը նշանակում է կա՛մ արցախահայության բնաջնջում, կա՛մ էլ տեղահանում: Որքան էլ բանակցային գործընթացի որոշ մանրամասներ գաղտնի պահվեն, դրանց մեծ մասը ժամանակ առ ժամանակ ներկայացվել է հանրությանը: Ցանկացած սուտ եւ մանիպուլացիա, որն արվում է սեփական անգործությունն ու անկարողությունը արդարացնելու համար, եւ՛ կարճաժամկետ, եւ՛ երկարաժամկետ առումով մեծապես վնասում է Հայաստանին»,- հավելում է մեր զրուցակիցը:

Նրա կարծիքով՝ ոչ ոք, այդ թվում՝ գործող, «պողպատյա մանդատով» օժտված իշխանությունը իրավունքի չունի մեր ու ապագա սերունդների փոխարեն որոշել եւ «փակել» Արցախի հիմնահարցը: Ընդգծում է՝ նրանց ոչ ոք նման մանդատ չի տվել: «Արցախը հայկական պահելու համար բազմաթիվ կյանքեր են զոհաբերվել, հսկայական ջանք է գործադրվել տասնամյակներ շարունակ, քանի որ գիտակից մարդիկ հասկացել են, որ Արցախը Հայաստանի վահանն է ու թիկունքը: Դա նաեւ հասկացել են մեր հակառակորդները: Իմ համոզմամբ՝ անվերջ զիջումների, հարմարվողականության ճանապարհով գնալով՝ հարցականի տակ ենք դնելու Հայաստանի՝ որպես ինքնիշխան պետության գոյությունը: Այսօր Սյունիքի (եւ ոչ միայն Սյունիքի) շուրջ ստեղծված իրավիճակը դրա վառ ապացույցն է:

Այս ֆոնին ուշագրավ է, որ երբ հերթական անգամ լարվում է սահմանային իրավիճակը, որի հետեւանքով մենք, ցավոք, զոհ ունեցանք, ինչպես նաեւ վիրավորներ, Փաշինյանը հերթական գրառումն է անում ենթադրյալ «գործակալների» մասին: Ազգային Ժողովում հայտնված ուժերը, հակառակորդին ծառայելու մեջ իրար մեղադրելու փոխարեն, ճիշտ կլինի՝ուժ ու իմաստություն ցուցաբերեն, մեկտեղեն հնարավորություններն ու ջանքերը՝ ընդդեմ իրական հակառակորդի»,- շեշտում է Տաթեւիկ Հայրապետյանը:

Ս. Վ.




Լրահոս