ArmLur.am-ը տեղեկացավ, որ կառավարության այսօրվա նիստում նախագիծ է ընդգրկված, որոնք սահմանվելու է ոստիկանության զորքերի համազգեստ կրելու կանոնները եւ դրանց տեսակը:
Հիմնավորման մեջ նշվում է, որ «Բաճկոն-տաբատ՝ բրդյա, ուսադիրներով» համազգեստի տեսակը ոստիկանության զորքերի զինծառայողները գրեթե չեն օգտագործում: «Կիսավերարկու՝ ձմեռային, ուսադիրներով» և «Բաճկոն-տաբատ՝ կիսաբամբակյա, ուսադիրներով» համազգեստի գունաքողարկված տարբերակը թույլատրվում է կրել բացառապես հատուկ հանձնարարություններ կատարողներին, այնինչ գործնականում տվյալ համազգեստը կրում է ՈԶ ողջ անձնակազմը՝ գրեթե ամենօրյա ռեժիմով:
Ոստիկանության զորքերի անձնակազմն ամառային եղանակին կրում է «Բաճկոն-տաբատ՝ կիսաբամբակյա, ուսադիրներով» համազգեստը՝ ծալված թևքերով և կիսաճթքավոր կոշիկներով, որոնք շոգ եղանակին անհնարին է դարձնում արդյունավետ ծառայության իրականացումը:
Ներկայացվող որոշման նախագծով սահմանվում է նաև ամառային համազգեստի տեսակներ, որոնց կրումը, ըստ հիմնավորման, էլ ավելի կբարձրացնի ծառայության որակը:
Այսպիսով, ներկայացվող նախագծով նախատեսվում է Ոստիկանության զորքերում ներդնել ամառային համազգեստի, ինչպես նոր տեսակներ, այնպես էլ համազգեստի այնպիսի տեսակներ, որոնք նախատեսված չեն Ոստիկանության զորքերի զինծառայողների համար, սակայն արդիական են այսօրվա խնդիրների իրականացման տեսակետից։