ՍԵՐՈԲԸ ԽՈՍՏՈՎԱՆՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 13-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի տնօրեն, մանկապղծության մեջ մեղադրվող Սերոբ Տեր-Պողոսյանի դատավարությունը: Առաջին անգամ հարցաքննվեց ամբաստանյալը: Այս անգամ էլ դատարանի միջանցքում լրագրողները նիստի ավարտին սպասեցին Սերոբի «ախրանայի» տղաների ընկերակցությամբ: Իսկ դատախազ Արամ Ամիրզադյանը լրագրողների հարցերին պատասխանեց ավելի հանգամանալից, թեեւ դատաքննության մանրամասներ այս անգամ էլ չհրապարակեց: Հարցին, թե Սերոբ Տեր-Պողոսյանը խոստովանում է մեղքը, դատախազը պատասխանեց. «Նախաքննության ընթացքում նա ընդհանրապես ցուցմունք չի տվել, եւ ես կարող եմ ասել, որ դատաքննության ընթացքում տրված ցուցմունքը բավականին ծավալուն էր: Իր ցուցմունքում ինքը զղջում է իր կատարածի համար, սակայն իրեն մեղավոր չի ճանաչում այն հոդվածում, որով մեղադրանք է առաջադրված»: Ամիրզադյանն ասաց, որ ամբաստանյալը ներողություն է խնդրում ժողովրդից ու տուժողներից: Դատախազի խոսքով` մանկահասակների եւ անչափահասների ունեցած հարաբերությունների վերաբերյալ Տեր-Պողոսյանն ասել է, որ եղել է փոխադարձ ցանկությամբ, եւ բռնություն չի կիրառվել: Այն հարցին, թե 12-13 տարեկան երեխայի մոտ կարող է սեռական ցանկություն առաջանալ, Ամիրզադյանը չպատասխանեց, ավելի ճիշտ, խնդրեց չհրապարակել պատասխանը. «Ինչպե՞ս կարելի է բնական համարել 70 տարեկանի կապը 12 կամ 14 տարեկան նույն սեռի ներկայացուցչի հետ»: Դատավարություններից մեկի ընթացքում դատախազը խոսել էր նաեւ այն հարցի մասին, որ բռնության որոշակի տարրեր նկատվել էին տեսանյութերում, ուստի լրագրողները պարզաբանում խնդրեցին: «Ես ասել եմ` չի ցանկացել որոշ տեսակի հարաբերությունների մեջ մտնել: Օգտագործել է մանկահասակի անօգնական վիճակը, ես դա եմ այդպես գնահատում եւ այսօրվա մեղադրանքը հիմնված է այդ ապացույցների վրա: Ես կարծում եմ, որ բռնությունների մեջ նաեւ հոգեբանական ճնշումը կարող է լինել»,-ասաց դատախազը: Նրան հարց ուղղվեց նաեւ Ռուսաստանի Դաշնությունում վերջերս լայն տարածում գտած քիմիական ամորձատման մասին, ինչին ի պատասխան` Ամիրզադյանն ասաց. «Ես սա որպես ՀՀ քաղաքացի կամ որպես իրավաբան չեմ ասում, որպես մարդ գնահատում եմ` ավելի խիստ պատիժ պետք է նախատեսել, օրինակ, որ նրա տեղաշարժը բոլոր տեղերում հսկվի հատուկ ամրացված սարքերով, բայց տվյալ դեպքը չեմ կարծում, որ օրենսդրական փոփոխությունների հանգեցնի, եւ չեմ կարծում, որ քիմիական կաստրացիան կիրառելի է ՀՀ-ում: Հետագայում կարող է պատահել, որ օրենսդրական զարգացումներ լինեն»: Վերջում դատախազից հետաքրքրվեցինք, թե որպես մարդու` դատավարության ընթացքում ավելի շատ ինչն է նրան ցնցել: «Մանկապղծությունը»,-եզրափակեց Արամ Ամիրզադյանը: Դատական հաջորդ նիստը հոկտեմբերի 19-ին է: Սերոբ Տեր-Պողոսյանին կրկին հարցաքննելու է մեղադրողը:ՀԵՐՄԻՆԵ ԶԱՐՄԱՆՅԱՆՎանաձոր




Լրահոս