«Պարացետամոլը»՝ 130 դրամ, «Անալգինը»՝ 110 դրամ. դեղորայքը նույնպես թանկացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Հայաստանում նախորդ տարի սկսված գնաճը չի դադարել. թանկացել է ոչ միայն մթերքը, ծխախոտը, հագուստը: Այս գնաճի ֆոնին դեղերի ներմուծմամբ եւ իրացմամբ զբաղվող մի շարք տնտեսվարողներ թանկացրել են որոշ դեղամիջոցներ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 100 տոկոսով թանկացել է մեծ պահանջարկ ունեցող «Պարացետամոլ» դեղամիջոցը, որն օգտագործվում է ջերմությունն իջեցնելու համար: Որոշ դեղատներում այն վաճառվում է 130 դրամով: Ի դեպ, տեղեկացնենք, որ Հայաստանում տեւական ժամանակ է, ինչ շրջանառվում է H3N1 տիպի վիրուսը. հիվանդությունը սկսվում է հազով, մկանային ցավերով, կոկորդի չորությամբ եւ ջերմությամբ: Սա է պատճառը, որ դեղատներում «Պարացետամոլ»-ի գինը կտրուկ բարձրացել է, քանի որ այս դեղամիջոցի նկատմամբ պահանջարկը զգալի ավելացել է: Բացի այս, բարձրացել է նաեւ «Անալգին»-ի գինը՝ 70 դրամից դառնալով 110 դրամ:

Մյուս կողմից՝ նկատենք՝ վիտամինային որոշ դեղերի գները փոփոխության չեն ենթարկվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քաղաքացիների գերակշիռ մասը այլ երկրներից օնլայն պատվիրում են վիտամիններ ավելի էժան գնով եւ չեն գնում այն դեղատներից: Սա է պատճառը, որ դեղատներում ոչ միայն պակասել են վիտամինների սպառման ծավալները, այլեւ գները չեն փոփոխվել: Էլ չենք խոսում ջերմաչափի գնի մասին, որը հասել է 1500 դրամի, մինչդեռ նախկինում այն 400 դրամ էր:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում




Լրահոս