Խիստ մտահոգիչ է, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն իրականացնում է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության հեռարձակումն արգելափակելու արդեն երկարաժամկետ քաղաքականություն․ Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտի հայտարարությունը: Այս մասին հայտնում է Հայաստանի ՄԻՊ Արման Թաթոյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտը հայտարարություն է տարածել «Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գործունեության հեռարձակումը Հայաստանի հանրային հեռուստաընկերության կողմից արգելափակելու վերաբերյալ»։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է․
«Մեզ համար խիստ մտահոգիչ է, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը, ստեղծված լինելով Կառավարության կողմից, իրականացնում է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության հեռարձակումն արգելափակելու արդեն երկարաժամկետ քաղաքականություն:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն անկախ է և վայելում է իրական հարգանք, նրա հեղինակությունն ունի միջազգային ճանաչում:
Հայաստանի մարդու իրավունքների ազգային հաստատությունը կարևոր դեր ունի մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության խթանման գործում: Այն բարձրացնում է քաղաքացիների իրազեկվածությունն իրենց իրավունքների վերաբերյալ ոչ միայն հայտարարությունների, այլ նաև իրազեկվածության բարձրացման հանրային արշավների միջոցով, ինչպես նաև նպաստում է քաղաքացիների կողմից հանրային իշխանության մարմինների նկատմամբ վերահսկողությանը:
Չափազանց կարևոր է այն, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը տեղեկության անփոխարինելի աղբյուր է մի շարք ոլորտներում (օրինակ՝ խոշտանգումների կանխարգելումը Կանխարգելման ազգային մեխանիզմի կողմից քրեակատարողական հիմնարկներ այցերի միջոցով՝ որպես բացառիկ իրավասություն) և ծառայում է այլընտրանքային տեսակետների կամ իրական վիճակի վերաբերյալ տեղեկության վստահելի աղբյուր հասարակության համար։
Մարդու իրավունքների ազգային հաստատությունները պաշտպանված են միջազգայնորեն (Եվրոպայի խորհուրդ, ԵԱՀԿ և այլն): Հայաստանի հանրային հեռուստաընկերության քաղաքականությունը ինստիտուցիոնալ վնաս է սահմանադրական այս հաստատության հանրային հեղինակությանը և, հետևաբար, դրա արդյունավետությանը՝ մարդու իրավունքների պաշտպանության նրա կարողությունները սահմանափակելու միջոցով:
Մենք ուշադիր հետևում ենք այն դժվարություններին, որոնց բախվում է Հայաստանի մարդու իրավունքների ազգային հաստատությունը մի շարք ոլորտներում հանրային իշխանության մարմինների հետ հարաբերություններում, սակայն դա չպետք է ազդի Կառավարության կողմից հիմնադրված Հանրային հեռուստաընկերության վերաբերմունքի վրա՝ կապված հեռարձակման հետ։
Այսպիսով, մենք կոչ ենք անում Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը և Հայաստանի հանրային հեռարձակողի խորհրդին անհապաղ վերջ դնել այս անընդունելի քաղաքականությանը և վերականգնել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին առնչվող բնականոն հեռարձակման քաղաքականությունը։
Սա է երկրում ճիշտ հանրային դիսկուրսը խթանելու ճանապարհը»։