ՀՀ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի հայտարարություններից հետո հարուցված քրեական գործով նոր զարգացումներ կան: Ինչպես հայտնի է, 2021 թվականի մայիսի 4-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել Ազգային անվտանգության ծառայությունում քննվող քրեական գործով։ Գեներալ-գնդապետը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 306-րդ հոդվածով՝ պետական գաղտնիք հրապարակելը։ Հունիսի 29-ին գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր դատարան: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություներով՝ չնայած դատարանում նիստերը դռնփակ են անցկացվում, սակայն հետաքրքիր հանգամանք է առկա: Մասնավորապես, Զինված ուժերի գլխավոր շտաբում այժմ ստեղծված է հանձնաժողով, որոնց անդամներին հերթով հրավիրում են դատարան: Նման քայլի պատճառն այն է, որ ցանկանում են հենց այդ պաշտոնյաներից հասկանալ, թե որքանով են Հակոբյանի հայտարարությունները պետական գաղտնիք պարունակում: Նկատենք՝ նոյեմբերի 19-ի ասուլիսի ընթացքում գեներալ-գնդապետը պնդել էր, թե բանակը պահեստազորայիններով համալրելու փոխարեն՝ կամավորներին են ուղարկել առաջնագիծ, գնվել է սխալ զինտեխնիկա, միեւնույն ժամանակ նոր իշխանություններին մեղադրել էր սպառազինության եւ ռազմական տեխնիկայի զարգացման պլանները փոխելու, օպերատիվ օղակն ավելացնելու ու իսկական կռվողներին կրճատելու համար:
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ բոլորի ուշադրությունը գրաված հարսանիքը որոշ պաշտոնյաների առողջության վրա թնակ է նստել։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ փարավոնյան հարսանիքի ժամանակ է հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսով վարակվել։ Covid-ով վարակվել է նաեւ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն ու նրա հետ մեկտեղ էլի որոշ պատգամավորներ։ Սա թերեւս վկայումն է այն բանի մասին, որ առանց համաճարակային կանոնների խիստ պահմանման, այն էլ՝ փակ տարածքներում, նմանատիպ մեծամասշտաբ միջոցառումներ չպետք է անցկացվեն։ Ու կառավարությունը՝ ի դեմս պատասխանատու գերատեսչության՝ Առողջապահության նախարարության, փաստորեն, չի կարողանում այնպիսի մեխանիզմներ մշակել ու պարտադրել ռեստորաններին, որ այնտեղ ուրախանալ հնարավոր լինի, այնուհետ այդ ուրախությունից հնարավորինս առողջ տուն վերադառնալ։ Նկատենք` չնայած պնդումներին, որ ստուգվել են բոլորի պատվաստումների կամ թեստի առկայությունը՝ դա չի պաշտպանել կորոնավիրուսի տարածումից։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից կառավարությանը հատկացվելու է 4 մլն դոլարին համարժեք դրամ: Այդքան գումարն անհրաժեշտ է «Միջազգային դատարաններում, միջազգային արբիտրաժներում, այլ միջազգային ատյաններում ՀՀ շահերի ներկայացում եւ պաշտպանություն, դրանց կողմից ընդունված վճիռների եւ որոշումների կատարման ապահովում» ծրագրի, «Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացմանն ու պաշտպանությանն ուղղված փաստաբանական, իրավաբանական ծառայություններ» միջոցառման ֆինանսավորման շրջանակներում, այսինքն՝ այս գումարն ուղղվելու է դրսում Հայաստանի շահերի պաշտպանությանը, մասնավորապես՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում այդպիսի գործերին: Համապատասխան նախագիծն ընդգրկված է կառավարության վաղվա նիստում, սակայն չզեկուցվողների թվում է եւ հույժ գաղտնի կետեր է պարունակում:
Հայաստանում նախորդ տարի սկսված գնաճը չի դադարել. թանկացել է ոչ միայն մթերքը, ծխախոտը, հագուստը: Այս գնաճի ֆոնին դեղերի ներմուծմամբ եւ իրացմամբ զբաղվող մի շարք տնտեսվարողներ թանկացրել են որոշ դեղամիջոցներ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 100 տոկոսով թանկացել է մեծ պահանջարկ ունեցող «Պարացետամոլ» դեղամիջոցը, որն օգտագործվում է ջերմությունն իջեցնելու համար: Որոշ դեղատներում այն վաճառվում է 130 դրամով: Ի դեպ, տեղեկացնենք, որ Հայաստանում տեւական ժամանակ է, ինչ շրջանառվում է H3N1 տիպի վիրուսը. հիվանդությունը սկսվում է հազով, մկանային ցավերով, կոկորդի չորությամբ եւ ջերմությամբ: Սա է պատճառը, որ դեղատներում «Պարացետամոլ»-ի գինը կտրուկ բարձրացել է, քանի որ այս դեղամիջոցի նկատմամբ պահանջարկը զգալի ավելացել է: Բացի այս, բարձրացել է նաեւ «Անալգին»-ի գինը՝ 70 դրամից դառնալով 110 դրամ: Մյուս կողմից՝ նկատենք՝ վիտամինային որոշ դեղերի գները փոփոխության չեն ենթարկվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քաղաքացիների գերակշիռ մասը այլ երկրներից օնլայն պատվիրում են վիտամիններ ավելի էժան գնով եւ չեն գնում այն դեղատներից: Սա է պատճառը, որ դեղատներում ոչ միայն պակասել են վիտամինների սպառման ծավալները, այլեւ գները չեն փոփոխվել: Էլ չենք խոսում ջերմաչափի գնի մասին, որը հասել է 1500 դրամի, մինչդեռ նախկինում այն 400 դրամ էր: