ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՇԵՆՔ ՆԵՐԽՈՒԺՈՒՄԻՑ ՀԵՏՈ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում շարունակվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում եւ պետական նշանակության այլ օբյեկտներում ու հասարակական վայրերում բռնություն գործադրելով, ջարդ իրականացնելով, գույք ոչնչացնելով, վնասելով կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելով արտահայտված զանգվածային անկարգություններ կազմակերպելու, դրանց մասնակցելու եւ այլ դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ «Այլընտրանք» հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Մանթաշյանը, զանգվածային անկարգություններ կազմակերպելու դիտավորությամբ, գտնվելով արդեն իսկ սկսված զանգվածային անկարգությունների կատարման վայրում, դրանց կատարման աշխարհագրությունն ընդլայնելու եւ այլ տարածքներում ծավալվելու նպատակով կառավարության շենքում կոչով դիմել է այդ պահին ուղիղ եթերով իրադարձությունների ընթացքը լուսաբանող լրատվամիջոցներին, ինչպես նաեւ զանգվածային անկարգության մասնակիցներին, որի ընթացքում, ակնհայտորեն խեղաթյուրելով իրականությունը, կեղծ տեղեկություններ է հայտնել, թե, իբր, պաշտոնատար անձինք փորձում են հեռանալ երկրից, ապա կոչ է արել անձանց նկատմամբ բռնություն, գույքի ոչնչացում կամ վնասում ենթադրող գործողություներ իրականացնել, այն է՝ փակել հատուկ պահպանության օբյեկտ համարվող «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհը, ինչպես նաեւ կառավարական կեցավայրը եւ պաշտոնատար անձանց նկատմամբ բռնի գործողություններ կատարելուն ուղղված պարտադրանքի իրագործմամբ թույլ չտալ որեւէ պաշտոնատար անձի լքել երկիրը՝ այդկերպ անմիջականորեն ղեկավարելով զանգվածային անկարգություններ իրականացնող ամբոխի գործողությունները, վերջիններիս ուղղորդել է իր կողմից մատնանշված վայրեր՝ իր հերթին նույնպես ուղեւորվելով իրադարձությունների կատարման վայր հանդիսացող «Զվարթնոց» օդանավակայան՝ այդկերպ որպես կազմակերպիչ վերահսկելով իր հանցավոր մտադրությունների իրագործումը:

 

 

Արդյունքում կառավարության շենքում զանգվածային անկարգություններին մասնակցող անձինք, այդ թվում՝ գործով մյուս մեղադրյալ Գ. Գ-ն, զանգվածային անկարգություններ կատարելու դիտավորությամբ անմիջապես շարժվել են «Զվարթնոց» օդանավակայան, որտեղ իրականացրել եւ մասնակցել են ջարդերով, գույք ոչնչացնելով եւ վնասելով զուգորդված զանգվածային անկարգություններին, որի ընթացքում համատեղ ջանքերով վնասել են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության՝ հիշյալ վայրում տեղակայված պահակակետի մուտքի դուռն ու պատուհանը, ապօրինի մուտք են գործել հատուկ պատվիրակությունների ճանապարհման եւ դիմավորման սրահի տարածք, որտեղ ճոճելու միջոցով կոտրել ու վնասել են պարսպի ճաղավանդակի ամրակները եւ ապօրինի մուտք գործել արգելված գոտի հանդիսացող թռիչքուղի, ապա տեւական ժամանակ չենթարկվելով «Զվարթնոց» օդանավակայանի անվտանգության աշխատակիցների եւ ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին՝ փորձել են մոտենալ նույն պահին ուղեւորներով բեռնված հերթական միջազգային չվերթ իրականացնող եւ շարժման մեջ գտնվող օդանավին ու դադարեցնել օդանավի՝ թռիչքուղիով շարժը եւ այն ապօրինի խուզարկել, որի ընթացքում հնչեցրել են բռնություն կիրառելու սպառնալիքներ՝ այդկերպ վտանգելով հասարակական անվտանգությունը, խաթարելով օդանավակայանի բնականոն գործունեությունը, իրական վտանգ ստեղծելով այլ անձանց կյանքի եւ առողջության համար:

Բացի այդ, Նարեկ Մանթաշյանի` վերը հիշատակված կազմակերպչական գործողությունների արդյունքում ՀՀ կառավարության շենքում գտնվող զանգվածային անկարգությունների մասնակիցներից ավելի քան 50 հոգի նրա կազմակերպմամբ զանգվածային անկարգություններ կատարելու դիտավորությամբ անմիջապես շարժվել են ՀՀ կառավարական կեցավայր եւ հաղթահարելով կառավարական կեցավայրի մուտքի դարպասների արգելքը՝ վնասելով բացել են դրանք, ներխուժել կեցավայրի տարածք, իսկ այնուհետեւ ՀՀ վարչապետին հատկացված առանձնատուն՝ ոչնչացնելով ու վնասելով այնտեղ գտնվող տարատեսակ գույքը, ինչպես նաեւ հափշտակել տարբեր իրեր՝ այդկերպ իրականացնելով գույք ոչնչացնելով եւ վնասելով զուգորդված զանգվածային անկարգություններ:

Միեւնույն ժամանակ քրեական գործով ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ Նարեկ Մանթաշյանը, մասնակցելով ՀՀ կառավարության թիվ 1 շենքում կատարվող զանգվածային անկարգություններին, երրորդ հարկի միջանցքից բացահայտ հափշտակել է փայտյա ձողին ամրացված՝ շուրջ 55,000 ՀՀ դրամ արժողությամբ ՀՀ դրոշը եւ այն դուրս բերել շենքից:

Նկարագրված արարքները կատարելու համար նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության պայմաններում Նարեկ Մանթաշյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, եւ նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ հիշյալ մեծածավալ քրեական գործով իրականացված նախաքննության արդյունքներով արդեն իսկ ընդհանուր առմամբ 29 անձի նկատմամբ 10 քրեական գործեր անջատվել եւ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատախազին՝ գործն ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել ծավալուն եւ տարաբնույթ օպերատիվ-հետախուզական եւ քննչական գործողություններ՝ զանգվածային անկարգությունների մյուս կազմակերպիչների ունեցած դերակատարության, կատարված հանցագործությունների ամբողջական պատկերի բացահայտման, դեպքի հետ առնչություն ունեցած այլ անձանց ինքնությունները պարզելու, նրանց նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցելու եւ արդյունքում քրեական պատասխանատվության անխուսափելիության սկզբունքներն արդյունավետ կենսագործելու ուղղությամբ:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՆԻՍՏ. ՀԱՅՏՆԻ Է ՕՐԸ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդությունը մերժելու որոշման դեմ վերաքննիչ բողոքի քննությունը ՀՀ վերաքննիչ դատարանում նշանակվել է 2021 թվականի փետրվարի 8-ին՝ ժամը՝ 10:30-ին: Այս մասին հայտնել է նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:

 

Նշենք, որ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը մեղադրվում է, համայնքի ընտրողներից առավելագույն քվեներ ապահովելու եւ ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական եւ խմբային շահերից ելնելով, ԱԺ արտահերթ ընտրությունների (որին ինքը մասնակցում էր «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակով) նախընտրական քարոզարշավի ընթացքում ուղղակի դիտավորությամբ ծանր հանցագործություն նախապատրաստելու, այն է` ընտրություններին մասնակցելու եւ «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար երկու կամ ավելի ընտրողի կաշառք տալու մեջ՝ ՀՀ ՔՕ 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով եւ 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով:

Բացի այդ, ըստ մեղադրանքի՝ Առուշ Առուշանյանը Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի միջոցով կազմակերպել է նույն բնակավայրի ընտրողներին 2021 թվականի հունիսի 20-ին նշանակված ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն եւ «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելը:

Առուշանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, նրա պաշտպաններն էլ այդ քրեական գործերը որակում են որպես քաղաքական հետապնդում Առուշանյանի նկատմամբ։

 

 

 

ԿԱՆՉՈՒՄ ԵՆ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅԱՆ

Ինչպես հայտնի է, ԱԱԾ-ն քրեական գործ է հարուցել Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած միջադեպի գործով: Մեզ հայտնի դարձավ, որ քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով՝ խուլիգանության հատկանիշներով: Եվ, ահա, տարեսկզբից ԱԱԾ-ն սկսել է ակտիվ քննչական գործողություններ: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝  ԱԱԾ է հրավիրվել «Հայաստան» դաշինքի անդամներից մեկը, որը միջադեպի մասնակիցն է եղել: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավորներին եւս հրավիրվել են Ազգային անվտանգության ծառայություն՝ միջադեպի գործով բացատրություն տալու: Ի դեպ, ԱԱԾ-ն «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի օգնական Գերասիմ Վարդանյանին եւս հրավիրվել էր ԱԱԾ՝ բացատրություն տալու: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ վերջինս հրաժարվել է որեւէ բացատրություն տալ:

Հավելենք, որ ԱԱԾ-ում բացատրություն են տվել նաեւ Իշխան Սաղաթելյանի օգնական Սեւակ Նազարյանը եւ Արմենուհի Կյուրեղյանի օգնական Տարոն Նազարյանը: Քրեական գործը հարուցելուց հետո նրանց դեռեւս չեն կանչել ԱԱԾ՝ հարցաքննության:

 

 

 

ՈՒՄԻ՞Ց ԵՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ

Երեկ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ ՀՀ զինված ուժերի ավիացիան համալրվել է ժամանակակից, բազմաֆունկցիոնալ նոր ուղղաթիռներով, որոնք նախատեսված են դեսանտային, կրակային, տրանսպորտային եւ սանիտարական խնդիրներ կատարելու համար։

Ավելին՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետին են ներկայացվել ուղղաթիռների մարտավարական-տեխնիկական բնութագրերն ու առանձնահատկությունները։ Այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ ՊՆ չէր հայտնել, թե որ ընկերությունից կամ ումից է ձեռք բերել այդ ուղղաթիռնները: Կառավարության մեր աղբյունների փոխանցմամբ՝ ՊՆ-ն այդ ուղղաթիռները ձեռք է բերել ՊՆ-ին զենք մատակարարող Դավիթ Գալստյանից՝ Պատրոն Դավոյից, որին իրավապահները 44-օրյա պատերազմի ընթացքում անորակ հրթիռների գործով կալանքի տակ են պահում: Ստացվում է, որ քաղաքական իշխանությունները Պատրոն Դավոյին հրապարակային կերպով մեղադրում են անորակ հրթիռների եւ զենք ՊՆ-ին մատակարարելու համար, բայց, մյուս կողմից, նրանից նոր ուղղաթիռներ են ձեռք բերում:




Լրահոս