ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են խարդախության փորձի, այն է՝ ճանապարհատրանսպորտային կեղծ պատահար կազմակերպելու միջոցով գումար հափշտակելու դեպքի բոլոր հանգամանքները:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ պարզվել եւ հիմնավորվել է, որ Լոռու մարզի Ախթալա եւ Շնող համայնքների երկու բնակիչներ, իրար հետ նախնական համաձայնության գալով ապահովագրական ընկերությունից խաբեության եղանակով զգալի չափերով՝ 286.000 ՀՀ դրամ գումար հափշտակելու շուրջ, 2021թ. ապրիլի 29-ին՝ ժամը 21:55-ի սահմաններում, իրենց կողմից վարած «Մերսեդես-Բենց Ե320» եւ «Մերսեդես-Բենց Ե220» մակնիշի ավտոմեքենաների օգտագործմամբ Վանաձոր-Վրաստանի սահման Մ6 ավտոճանապարհի 71-րդ կմ հատվածում կազմակերպել են ճանապարհատրանսպորտային կեղծ պատահար: Հաջորդ օրը՝ 2021 թվականի ապրիլի 30-ին, ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության հետաքննության եւ վարչական վարույթի իրականացման խմբի տեսուչը, չիմանալով վերը նշված անձանց՝ կեղծ վթարի շուրջ պայմանավորվածության մասին, կազմել է իրավունք վերապահող, պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող, իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հավաստող արձանագրություն, որը ստորագրությամբ հաստատվել է «պատահարի» մասնակիցների կողմից եւ ուղարկվել ապահովագրական ընկերություն: Այնուհետեւ՝ 2021թ. մայիսի 14-ին, կեղծ պատահարի կողմերից մեկը գույքային պատճառված վնասների գծով ապահովագրական հատուցում ստանալու վերաբերյալ կեղծ դիմում է ներկայացրել հիշյալ ապահովագրական ընկերություն, որն ստորագրությամբ հաստատվել եւ հանձնվել է օգտագործման, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել՝ ապահովագրական ընկերության կողմից պատահարների առաջացման պատճառների առաջնային փորձաքննություն նշանակելու ու դրա արդյունքների հիման վրա փոխհատուցում տրամադրելուց հրաժարվելու պատճառով: Ախթալա եւ Շնող համայնքների բնակիչներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 325-րդ հոդվածի 2-րդ մասով: Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին:
Ն. Պ.
ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ՏՐՄԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Արցախի Հանրապետության քաղաքացիներին անձնագրերի տրման կարգում կատարվել է փոփոխություն: ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության անձնագրային համակարգի կանոնադրությունը եւ ՀՀ քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին» N-821 որոշման մեջ կատարվել են փոփոխություններ, ըստ որի՝ 2021 թվականի դեկտեմբերի 30-ին ընդունվել է ՀՀ կառավարության նոր որոշումը, որն ուժի մեջ է մտել 2022 թվականի հունվարի 14-ին: Որոշման համաձայն՝ ՀՀ քաղաքացու նույնականացման քարտ ունեցող կամ նույնականացման քարտ ստանալու դիմում ներկայացրած քաղաքացիներին անձնագիր տրվում է 10 տարի վավերականության ժամկետով: ՀՀ քաղաքացու նույնականացման քարտ չունեցող քաղաքացիներին անձնագիրը տրվում է 2 տարի վավերականության ժամկետով: Ընդ որում, 16 տարին լրացած նախազորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է մինչեւ նրանց զորակոչային տարիքը լրանալը, իսկ զորակոչային տարիքը լրանալու դեպքում՝ պարտադիր զինորական ծառայության զորակոչից ստացած տարկետման կամ վերափորձաքննության ժամկետով:
ՕՄԻԿՐՈՆԻ ԲԱՐՁՐ ՑՈՒՑԱՆԻՇ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Covid-19-ի նոր՝ Օմիկրոն շտամը գրանցում է վարակելիության բարձր ցուցանիշ: Այս մասին հայտնում են ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնից։ Օմիկրոնն արտահայտվում է սեզոնային գրիպին եւ սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով՝ չոր հազ եւ կոկորդի ցավ, քթի փակվածություն կամ քթից արտադրություն, թուլություն, գլխացավեր, մարմնի ջերմաստիճանի բարձրացում մինչեւ 38*, երբեմն ավելի բարձր, գոտկատեղի ցավեր: Հետազոտությունները ցույց են տվել, որ խթանիչ՝ բուստեր դեղաչափն ապահովում է պաշտպանության բարձր մակարդակ, այդ թվում նաեւ Օմիկրոն շտամի դեպքում: Խթանիչ պատվաստումը կանխարգելում է հիվանդության ծանր ընթացքը, նվազեցնում հոսպիտալացման եւ մահվան ռիսկը: Հայաստանում փետրվարի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 370 հազար 922 դեպք, որից 336 հազար 79-ը` առողջացած, 8056-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 25 հազար 250 բուժառու: Մեկ օրում կատարվել է 7890 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3127 նոր դեպք, առողջացել է 74 քաղաքացի, արձանագրվել է մահվան 3 դեպք: Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 734 հազար 878-ի: