Բաքվից ու Երևանից հնչող փոխադարձ մեղադրանքների ֆոնին երեկ Ֆրանսիայի նախագահը տեսակոնֆերանս է անցկացրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։
Առաջինն այս տեսակոնֆերանսի մասին հայտնեց ֆրանսիական կողմը, նշելով, թե հանդիպումն ուղղված էր Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության և հումանիտար համագործակցության զարգացմանը։ Նշվում է, որ տեսակոնֆերանսը անցած տարի դեկտեմբերին Բրյուսելում կայացած առաջնորդների հանդիպումների շարունակությունն է։
Հայաստանի վարչապետի գրասենյակից տեսակոնֆերանսի մասին հաղորդագրություն տաածվեց ավելի ուշ, որում ասվում է. «Փետրվարի 4-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հեռավար հանդիպումը: Կողմերը մտքեր են փոխանակել առկա հումանիտար խնդիրների լուծման, երկու երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, ՀՀ-ԱՀ սահամանագոտում լարվածության նվազեցման և սահմանազատման, Լեռնային Ղարաբաղ միջազգային կազմակերպությունների ելումուտի, ինչպես նաև հարցերի լայն շրջանակի վերաբերյալ։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ կարգավորման և խաղաղության համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը»։
Նշենք, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ անցած դեկտեմբերին կայացել էր հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև, որի ժամանակ հաղորդագրության համաձայն, համաձայնության էին հասել երկաթուղի բացելու հարցում։ Փաստացի սա կողմերի միջև վիճահարույց գլխավոր հարցերից մեկն է։ Սակայն մի քանի օր է՝ Բաքվից եւ Երեւանից հակասական հայտարարություններ են հնչում: Մասնավորապես, ՀՀ ԱԳՆ պարզաբանումից հայտնի դարձավ, որ Հայաստանը ավտոճանապարհների բացման մասին է առաջարկություններ արել Բաքվին, բայց մինչ օրս որևէ պատասխան չի ստացել։
Հիշեցնելով նոյմբերի 26-ին Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի ու Արդբեջանի ղեկավարների ստորագրած հայտարարությունը՝ Երևանից վերահաստատում են, որ սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովի գործունեությանը պետք է նախորդի հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված քայլերի շուրջ պայմանավորվածությունների ձեռք բերումը և դրանց իրագործումը:
Ն.Հ.