ՔՊ-Ի ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային   ժողովի   իշխող «Քաղաքացիական  պայմանագիրը»  պաշտոնապես  նախագահի թեկնածու առաջադրեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանին: 62-ամյա Վահագն Խաչատրյանը մինչ նախարար նշանակվելը քաղաքական վերջին պաշտոնը զբաղեցրել էր 90-ականների ավարտին եւ ավելի քան 20 տարիների ընթացքում նա առավել հայտնի էր իր տնտեսագիտական   վերլուծություններով։ Խորհրդային   տարիներին Խաչատրյանը ղեկավար պաշտոններ   է   զբաղեցրել   «Հրազդան մեքենա»   եւ   «Մարս»   գործարաններում։   Քաղաքական գործունեությունը սկսել է նորանկախ Հայաստանի կազմավորման շրջանում։

 

1992-1996 թվականներին, երբ նախագահը Լեւոն Տեր-Պետրոսյան էր, եղել է Երեւանի քաղաքապետը, 1996-1999-ին՝   ԱԺ պատգամավոր:   1996-1998-ին   զբաղեցրել է  նաեւ   նախագահ   Տեր-Պետրոսյանի խորհրդականի պաշտոնը: Խաչատրյանը Հայաստանի առաջին նախագահի գլխավորած Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) նախկին անդամ է, 2008-12   թվականներին   ակտիվորեն   մասնակցել   է   կուսակցության   կազմակերպած ցույցերին, 2013-ին մասնակցեց Երեւանի քաղաքապետի ընտրություններին՝ գլխավորելով ՀԱԿ-ի  ցուցակը։  Կոնգրեսը   չհաղթահարեց   5   տոկոս շեմը   եւ   մայրաքաղաքի  ավագանու   մաս չկազմեց։ Վերջին տարիներին՝ 2019- 2021 թվականներին, Խաչատրյանը «Հայէկոնոմբանկի» խորհրդի անդամ է եղել: Բանկի ղեկավար կազմում ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբայր Սարիբեկ Սուքիասյանն է։ Նախագահի պաշտոնը փետրվարի մեկից է թափուր, թեկնածուները պետք է առաջադրվեն մինչեւ շաբաթվա վերջ։ Իշխանությունից բացի, ընդդիմությունը եւս կարող է նախագահի թեկնածու առաջադրել.  27   պատգամավորի   ստորագրություն է պետք: Իշխանությունն   առանց ընդդիմության   առաջին  փուլով   չի   կարող   իր   թեկնածուին  ընտրել։   Ընդդիմադիր խմբակցությունները իշխանության թեկնածուի հետ հանդիպելու առաջարկ դեռ չեն ստացել, Վահագն   Խաչատրյանը երեկ   ավելի   քան   2,5-ժամանոց  հանդիպում   էր   անցկացրել   իշխող «Քաղաքացիական պայմանագրի» հետ։ Ըստ Սահմանադրության՝ ՀՀ նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում   մինչեւ նորընտիր նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը հանրապետության նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը: Ազգային ժողովի տարածած հայտարարության համաձայն՝ ՀՀ  նախագահի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրության հրապարակման պահից մինչեւ նորընտիր   նախագահի կողմից   պաշտոնի   ստանձնումը   Ազգային  ժողովի   նախագահի լիազորությունները կկատարի ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: Արմեն Սարգսյանը   Հայաստանի նախագահի պաշտոնից հրաժարական   տալու   որոշման   մասին հայտարարեց հունվարի   30-ին,   հաջորդ   օրն   Ազգային ժողովն   արդեն   ստացել   էր   նրա հրաժարականը։ Ազգային   ժողովի  կանոնակարգի  համաձայն՝ խորհրդարանի  ընտրած կամ նշանակած պաշտոնատար անձինք, վարչապետից ու Վճռաբեկ դատարանի դատավորներից բացի, հրաժարականի մասին իրենց գրավոր դիմումը պաշտոնապես ներկայացնում են խորհրդարանի նախագահին, որն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ։ Եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, այդ պաշտոնյան գրավոր դիմումով հետ է վերցնում իր առաջին դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, իսկ եթե հետ չի   վերցնում,   ապա   նրա   լիազորությունների դադարեցման մասին   կազմվում է արձանագրություն, որը ստորագրում եւ  հրապարակում է խորհրդարանի   խոսնակը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված: Սահմանադրության համաձայն՝ ՀՀ նախագահի  պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան   դեպքերում նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան 25, եւ ոչ ուշ, քան 35 օր հետո անցկացվում է նախագահի արտահերթ ընտրություն: Ամենայն հավանականությամբ, նոր  նախագահի ընտրությունը  կարող է տեղի ունենալ փետրվարի 25-ից սկսած՝ տասն օրվա ընթացքում։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԱՐՁԱԳԱՆՔ ԱԴՐԲԵՋԱՆԻՑ

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաեւան պատասխանել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությանն այն մասին, որ Ադրբեջանը խոչընդոտներ է ստեղծում Ղարաբաղում միջազգային կազմակերպությունների գործունեության համար: Նա հայտարարել է՝ «Ադրբեջանի փոխշահավետ հարաբերությունները միջազգային կազմակերպությունների հետ հաջողությամբ զարգանում են»։ «Հայտնի է, որ մեր երկիրն ակտիվորեն մասնակցում է բազմակողմ հարթակներում՝ ներառյալ մի շարք կազմակերպություններում հաջող նախագահության փորձը»,֊ասել է Աբդուլաեւան. հաղորդում է ԱՊԱ-ն։

«Հայաստանի ԱԳ նախարարի ուշադրությանն ենք ներկայացնում այն հանգամանքը, որ ցանկացած միջազգային կազմակերպության գործունեությունը մեր երկրի ինքնիշխան հողերում համապատասխան միջազգային կազմակերպության եւ Ադրբեջանի խնդիրն է։ Երրորդ պետության ներկայացուցչի մեկնաբանություններն այս առնչությամբ տեղին չեն եւ անհիմն են»,- ասել է Աբդուլաեւան։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Ադրբեջանը խոչընդոտում է Արցախում միջազգային կազմակերպությունների աշխատանքին:

 

 

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԹԵԿՆԱԾՈՒ ՈՒՆԻ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ խորհրդարանական ընդդիմությունը նախագահի հավանական թեկնածու ունի. նա Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար, Վայոց ձորի նախկին մարզպետ, Լեհաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանն է: Մեզ հետ զրույցում Ղազարյանը նշեց, որ այդ թեմայով որեւէ քննարկման չի մասնակցել, բայց եթե պատգամավորներն առաջադրեն իր թեկնածությունը, ապա մեծ սիրով ու պատասխանատվությամբ պայքարի ծանրությունն իր վրա կվերցնի; «Քննարկման չեք մասնակցել, իսկ առաջարկ ստացե՞լ եք»,- հարցրեցինք: Ի պատասխան՝ ասաց, որ առաջարկ էլ չի ստացել: «Դա ոչ թե նախագահի պաշտոնում ընտրվելու հնարավորություն, այլ այս իշխանությունների դեմ օրինական ու արդյունավետ պայքարի նոր հնարավորություն եմ համարում»,- նշեց մեր զրուցակիցը՝ ավելացնելով, որ դիմել է ոստիկանություն՝ ՀՀ 6 տարվա քաղաքացի լինելու տեղեկանքը ներկայացնելու:

«Հայաստան» խմբակցությունից ArmLur.am-ի հետ զրույցում փոխանցեցին, որ նախագահի թեկնածու առաջադրել-չառաջադրելու կամ հավանական թեկնածու ունենալու հարցն այս պահին դեռ քննարկում են: «Այս պահին քննարկումները՝ թեկնածու առաջադրել-չառաջադրելու շուրջ, առաջադրելու դեպքում՝ ով կարող է լինել, շարունակվում են, որոշում դեռ չկա, առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում հստակություն կմտնի»,- մեզ հետ զրույցում նշեց խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

Նշենք նաեւ, որ, ըստ մեր տեղեկութունների, Էդգար Ղազարյանի թեկնածություն առաջադրելուն ավելի շատ «Հայաստան» խմբակցությունն է հակված:

 

 

 

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հունվարի 25-ին մեկ անձից գնում է կատարել: Մասնավորապես, այդ  ընթացակարգով նախարարությունը 21 միլիոն   480 հազար   դրամով  տաղավարի պատրաստման   ծառայություններ   է  գնել «Էքսպո   Գրուպ»   ՍՊԸ-ից։   Պայմանագրից   պարզ   է   դառնում,   որ   այս ընկերությունը   պետք   է   Իսպանիայի   Բարսելոնա   քաղաքում   2022   թվականի փետրվարին կայանալիք ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունն ապահովի: Հետաքրքիրն այն է, որ Աբու Դաբիում նախորդ տարի կայացած ռազմարդյունաբերականցուցահանդեսի ժամանակ, երբ Հայաստանը մասնակցել էր դատարկ տաղավարներով, կրկին այս ընկերությունից էր գնում կատարվել: Պայմանագրի գինը կազմել էր 23 մլն դրամ: Տաղավարի ընդհանուր  մակերեսը  կազմել  է  198քմ:  Ըստ  պայմանագրի՝  տաղավարում պետք է տեղադրվեր 8-12 բազկաթոռ, 4-6 սեղանիկ, 6-8 բարձր աթոռներ, 15 հատ ցուցահանդեսի բարձր, 15 հատ՝ ցածր տումբաներ, 2 հեռուստացույց՝ 5քմ LED էկրան: Սակայն, ի տարբերություն հայկական դատարկ տաղավարի, Ադրբեջանը ցուցադրել էր իր զենքի տեսակները: Ավելին,   այն   ժամանակ   դեռ   նախարար   Հակոբ   Արշակյանի   հրամանով   ծառայողական քննություն սկսվեց՝ հանգամանքները պարզելու համար: «Նախարարության երեք աշխատակիցների   նկատմամբ   կիրառվել  են   կարգապահական   տույժի   համապատասխան միջոցներ, մասնավորապես՝ երկու աշխատակից ստացել է «նկատողություն», իսկ մեկ աշխատակից՝ «խիստ նկատողություն»:

 

 

ՃԱԿԱՏԱԳԻՐՆ ԱՆՀԱՅՏ Է

Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասատրյանն ամիսներ շարունակ բարձրաձայնում է, որ պատերազմի օրերին թանգարանից դուրս բերած հավաքածուի ճակատագիրը   դեռեւս   անհայտ է։  Նախօրեին՝   փետրվարի   1-ին՝   լրատվամիջոցների   համար կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ, նա հույս է հայտնել, որ հարցին ի վերջո կառուցողական լուծում կտրվի։ «Շուշիի գորգերի թանգարանից դուրս բերած հավաքածուի պահպանումն օդից է կախված: Գորգերը Հայաստանում ցուցադրվելու կամ ի պահ դրվելու տեղ չունեն»,- ասուլիսի ժամանակ նշել է Ասծատրյանը: Հարցի   առնչությամբ  ArmLur.am-ը   կապ   հաստատեց   Կրթության,   գիտության, մշակույթի ու սպորտի նախարարության հետ: Տեղեկացանք, որ Վարդան Ասծատրյանը հանդիպում   է   ունեցել   ոլորտը   համակարգող    նախարարի   հետ:   «Այժմ   որոշակի գոծընթաց   է   գնում,   ինչից   հետո   նախարարությունը,   ըստ   անհրաժեշտության, հավելյալ մեկնաբանությամբ հանդես կգա»,- փոխանցեցին նախարարությունից:

 




Լրահոս