ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է ուղեցույց սպառողների մոտ ոչ պարենային ապրանքների գնման ժամանակ ծագող խնդիրների վերաբերյալ՝ հիմք ընդունելով Պաշտպանին հասցեագրված դիմումների եւ բողոքների ուսումնասիրության արդյունքները։

 

ՄԻՊ-ից  հայտնում են, որ բողոքների ուսումնասիրությունը վկայում է, որ շատ դեպքերում սպառողները, երբեմն նաեւ տնտեսվարողները տեղեկացված չեն իրենց իրավունքների եւ պարտականությունների մասին, ինչի հետեւանքով հաճախ խնդիրներ են ունենում գնված ապրանքների փոխարինման կամ վերադարձման հարցերում։

Ուղեցույցում ներառվել են այն հարցերի պատասխանները, որոնք առավել հաճախ են տրվում Պաշտպանին հասցեագրվող դիմումներում եւ բողոքներում։ Հարցերի պատասխանները կազմելիս հիմք են ընդունվել համապատասխան իրավական ակտերի կարգավորումները։ Ուղեցույցն օգտակար կարող է լինել ինչպես սպառողների, այնպես էլ գործարարների համար։

Ո՞վ է սպառողը

Սպառողը բացառապես անձնական, ընտանեկան, տնային կամ այլ օգտագործման համար նախատեսված, ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) պատվիրման կամ ձեռքբերման մտադրություն ունեցող քաղաքացին է։

Ո՞վ է վաճառողը

Վաճառողը առուվաճառքի պայմանագրով սպառողներին ապրանք իրացնող իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերն է։

Ո՞վ է արտադրողը

Արտադրողն այն իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերն է, ով ապրանքներ է արտադրում իրացման համար։

Ո՞վ է կատարողը

Կատարողն այն իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերն է, ով պայմանագրով սպառողների համար կատարում է աշխատանք կամ մատուցում է ծառայություն։

Որո՞նք են ոչ պարենային ապրանքները

Ոչ պարենային ապրանքներն են բնակչության նյութական եւ կուլտուր-կենցաղային պահանջների բավարարման նպատակով վաճառքի համար նախատեսված կուլտուրկենցաղային եւ տնտեսական նշանակության, թեթեւ արդյունաբերության եւ այլ արտադրանքը։

Ի՞նչն է համարվում ապրանքի թերություն

Ապրանքի թերությունն ապրանքի անհամապատասխանությունն է նորմատիվ փաստաթղթերին, պայմանագրի պայմաններին կամ ապրանքի որակին սովորաբար ներկայացվող պահանջներին:

Ի՞նչ է պիտանիության ժամկետը

Այն ժամանակահատվածն է, որի ավարտից հետո ապրանքն իր նշանակությամբ օգտագործման համար պիտանի չէ։

Ի՞նչ է երաշխիքային ժամկետը

Այն ժամանակահատվածն է, որի ընթացքում ապրանքի թերության հայտնաբերման դեպքում արտադրողը (կատարողը, վաճառողը) պարտավոր է բավարարել օրենքով սահմանված սպառողի պահանջները:

Ի՞նչ պարտականություններ ունի արտադրողը (կատարողը, վաճառողը)

Արտադրողը (կատարողը, վաճառողը) պարտավոր է ժամանակին սպառողին տրամադրել ապրանքների վերաբերյալ անհրաժեշտ եւ ստույգ տեղեկատվություն, որն ապահովում է դրանց ճիշտ ընտրության հնարավորությունը:

Ի՞նչ պետք է պարունակի ապրանքների վերաբերյալ տեղեկատվությունը

Այն պետք է պարունակի

1) այն նորմատիվ փաստաթղթերի նշագրերը, որոնց պարտադիր պահանջներին պետք է համապատասխանեն ապրանքները,

2) տեղեկություններ՝ ապրանքների հիմնական սպառողական հատկությունների մասին,

3) սննդամթերքի համար տեղեկություններ բաղադրության, կշռի եւ ծավալի, կալորիականության, առողջության համար վտանգավոր նյութերի մասին, կիրառման հակացուցումներ,

4) ապրանքների գինը եւ ձեռքբերման պայմանները,

5) երաշխիքային ժամկետը,

6) ապրանքների օգտագործման կանոնները եւ պայմանները,

7) ապրանքների սահմանված ծառայության կամ պիտանիության ժամկետը,

8) արտադրողի գտնվելու վայրը,

9) այն կազմակերպության գտնվելու վայրը, որը լիազորված է սպառողներից բողոքներ ընդունելու եւ ապրանքը նորոգելու եւ տեխնիկական սպասարկում իրականացնելու համար,

10) տեղեկատվություն` համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա ապրանքների համապատասխանության հավաստման մասին։

Հիշեցնենք, որ Պաշտպանի աշխատակազմում գործող Գործարարության ոլոտում իրավունքների պաշտպանության բաժինը բողոքի առկայության դեպքում կամ սեփական նախաձեռնությամբ քննարկում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների պատվիրակած լիազորություններն իրականացնող կազմակերպությունների, ինչպես նաեւ հանրային ծառայության ոլորտում գործող կազմակերպությունների կողմից Սահմանադրությամբ եւ օրենքներով ամրագրված՝ մարդու իրավունքների եւ ազատությունների խախտումները։

Ն. Հ.

 

 

 

ԹՌՉՆԱՄՍԻ ՇՈՒԿԱ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն իրականացնում է ոլորտային ուսումնասիրություններ, որոնց միջոցով հսկողություն է իրականացվում տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության դրույթների պահպանման նկատմամբ: 2021 թվականին Հանձնաժողովը ուսումնասիրություն է իրականացրել հետեւյալ 5 ոլորտներում՝ Թռչնամիս; Ախտորոշիչ ծառայություններ; Դեղեր; Առեւտրային ցանցեր; Կաթ եւ կաթնամթերք: Թռչնամսի շրջանառության ոլորտում իրականացված ուսումնասիրության շրջանակում հիմնականում դիտարկվել են ինչպես ներմուծվող, այնպես էլ ՀՀ տարածքում արտադրվող թռչնամսի շրջանառության ամբողջ շղթան, ձեռքբերման եւ արտադրական գործընթացները, ոլորտի իրավական կարգավորումները, սակագնային քվոտայի ազդեցությունը շուկայի վրա, ինչպես նաեւ միջազգային տենդենցները։ Ախտորոշիչ ծառայությունների տեսանկյունից տարաջատվել են ճառագայթային, լաբորատոր եւ ներզատական ախտորոշումները։ Հիմնական ուսումնասիրությունն իրականացվել է ճառագայթային ախտորոշման ոլորտում, որն էլ իր հերթին բաժանվել է ցածր տեխնոլոգիական եւ բարձր տեխնոլոգիական ծառայությունների։

Առավել մանրամասն դիտարկվել են համակարգչային տոմոգրաֆիա (ՀՏ), մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ) եւ ռադիոիզոտոպային հետազոտությունների գները, պետության կողմից տրվող փոխհատուցումները եւ ոլորտում առկա մուտքի խոչընդոտները։ Դեղերի շրջանառության ոլորտում առանձնացվել են սրտային հիվանդությունների ժամանակ օգտագործվող վազոդիլացնող եւ այլ դեղամիջոցները, դիտարկվել է իրացման ամբողջական շղթան, ինչպես նաեւ վերլուծվել է ոլորտում գործող խոշոր տնտեսավարող սուբյեկտների վարքագիծը, ոլորտը կարգավորող իրավական դաշտը։ Առեւտրային ցանցերի գործունեության ոլորտում ուսումնասիրվել են առեւտրային ցանցերի եւ մատակարարների միջեւ առկա փոխհարաբերությունները, դիտարկվել են առավել շատ սպառվող ապրանքների մասով առեւտրային ցանցերի բանակցային ուժեղ դիրքի հնարավոր դրսեւորումները, ինչպես նաեւ վերլուծվել է խոշոր առեւտրային ցանցերի վարքագիծը։

Կաթնամթերքի շուկայում դիտարկվել է կաթի մթերման եւ կաթնամթերքի արտադրության շղթան, կաթ մթերողների հնարավոր ազդեցությունը կաթի մթերման պայմանների վրա։ Ուսումնասիրվող ոլորտների վերաբերյալ ամբողջական պատկերացում կազմելու, ինչպես նաեւ մրցակցային խնդիրները վեր հանելու նպատակով հանդիպումներ են կազմակերպվել ինչպես տնտեսավարող սուբյեկտների, այնպես էլ հասարակական կազմակերպությունների եւ այլ շահագրգիռ անձանց հետ, քննարկվել են վերջիններիս կողմից բարձրացված խնդիրները, հարցումներ են իրականացվել սպառողների շրջանում։




Լրահոս