Այս պահի դրությամբ Հայաստանում 1563 երեխա հիվանդության պատճառով դպրոց ու նախադպրոցական հաստատություն չի հաճախում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:
Նրա խոսքով, բացակայությունները պայմանավորված են ինչպես կորոնավիրուսային վարակով, այնպես էլ գրիպով եւ ՍՇՎ-ով: Հիվանդությունների բոլոր երեք խումբն էլ հիմա թիրախավորում են 0-18 տարեկան երեխաներին եւ արտահայտվում են գրեթե նույն ախտանիշներով:
Ինչպես նշեց մասնագետը, Երեւանում հիվանդության պատճառով բացակայողների թիվը հասել է 1098-ի: Շատ դպրոցներ աշակերտների 10 տոկոսի բացակայության դեպքում անցնում են հեռավար ուսուցման՝ ամբողջովին կամ մասնակի:
Հիշեցնենք, որ համաճարակով պայմանավորված Հայաստանում 108 դպրոց դիմել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը դասընթացները ամբողջությամբ կամ մասնակի հեռավար կազմակերպելու համար:
Ամբողջությամբ հեռավար դասընթացի անցնելու համար դիմել է մոտ 48 դպրոց: Մնացածը դասընթացները հեռավար կանցկացնեն մասնակի: Այսինքն՝ ոչ բոլոր դասարանները հեռավար դասընթաց կունենան: