ՎԱՐՈՐԴՆԵՐԸ ՈՐՈՇԵԼ ԵՆ ԱՊՊԱ ՉԱՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ վարորդները բողոքի ակցիա էին իրականացնում ԱՊՊԱ-ի վճարների բարձրացման դեմ, որն ուժի մեջ է մտել փետրվարի 7-ից։ «Մենք մեր ակցիաները շարունակելու ենք, եկել ենք ԱՊՊԱ բյուրոյի հետ փորձենք կառուցողական զրույց ունենալու, եթե կառուցողական կգտնվեն»,-Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշել է «ՏՈՒԳԱՆՔ» նախաձեռնության ղեկավար Արտակ Խաչատուրովը: «Մենք չենք պատրաստվում թանկ վճարել: Մարդիկ արդեն այս ինքնագլուխ թանկացումից հետո որոշել էին ընդհանրապես ԱՊՊԱ չանել, մենք դա հազիվ կանխում ենք, հանգստացնում ենք: Մենք ԱՊՊԱ համակարգին կողմ ենք, բայց ասում են՝ մի՛ առիթավորվեք դրանից: Ամեն ինչ պետք է լինի պատճռաբանված ու տրամաբանական, բայց մենք ոչ մի տրամաբանություն չենք տեսնում:

 

Մենք շարունակելու ենք պայքարել: Հաջորդ շաբաթվա համար հրավեր ենք ստացել ԱԺ-ից՝ քննարկում անցկացնելու: Մի պայմանով ենք համաձայնել, որ ոչ թե հավաքվենք, խոսենք, գնա, այլ կոմպրոմիսային լուծում գտնենք: Այսօր ամբողջ օրը նարդի-բատմինտոն ենք անելու, նյարդերը սղոցեքն, բացատրենք, որ չի կարելի այսպես անել: Պահանջ ունենք ՃՈ-ից, որ գարաժում կանգնած մեքենաների վրա 5 հազար դրամ տուգանքները վերացնեն: ՃՈ-ի արածը ներքին պայմանավորվածությունների արդյունք է եղել, ինչն անթույլատրելի է»,- ասել է նա: Անդրադառնալով այն հարցին, թե որոնք են լինելու իրենց հետագա քայլերը, նա պատասխանել է. «Մենք աշխատելու ենք ապահովագրական բյուրոյին հանրությունից մեկուսացնել, ինչով հնարավոր է, աշխատանքները բոյկոտելու ենք: Նաեւ ոստիկանությանը, ԿԲ-ին կոչ ենք արել զերծ մնալ նրանց հետ համագործակցելուց, դա քաղաքացիների շահերից չի բխում: Ինքնագլուխ որոշել են ժողովրդի արյունը խմել»: Ըստ ակցիայի մասնակիցներից մեկի՝ հարցի հասեցատերը կառավարությունն է, թեեւ իրենք ակցիաներ են իրականացրել Կենտրոնական բանկի, Ապահովագրական բյուրոյի մոտ. «Ինձ համար այս երկու կառույցներն ուղղակի կատարողներ են, իսկ հարցն ավելի մեծ մասշտաբների է հասնում։ Հարցը հասնում է, իմ կարծիքով, կառավարություն։ Փորձում ենք ավելի փոքր մաշտաբներից սկսենք, սակայն եթե արդյունք չստանանք, առաջարկելու եմ՝ սլաքներն ուղղվի կառավարություն»։ Նրանք հավաքվել էին Շահումյան հրապարակում, որտեղից երթով շարժվել են դեպի Ապահովագրական բյուրո: Հիշեցնենք, որ հունվարի 31-ին եւ փետրվարի 3-ին եւս վարորդները բողոքի ակցիա էին իրականացրել Հանրապետության հրապարակում եւ ԿԲ շենքի մոտ՝ իրենց բողոքն արտահայտելով ԱՊՊԱ վճարների թանկացման դեմ: Նրանք իրենց մեքենաներով, ազդանշանները միացրած, պտտվել էին Հանրապետության հրապարակում: Ոստիկանները երկու դեպքում էլ բերման էին ենթարկել վարորդներից մի քանիսին: Նշենք, որ ԱՊՊԱ-ի վճարը թանկանում է 3 հազար դրամով: Բացի դրանի, եթե վթար է լինում, որի վնասը անցնում է 1 մլն դրամից, ապա վճարը 300 տոկոսով թանկանում է:

Ն. Պ.

 

 

ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ՕՐԵՐԸ

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել են hանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված եւ հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2021-2022 արձակուրդների օրերը։ Այսպես, առաջին դասարանցիների գարնանային արձակուրդը տրվում է 2022թ. մարտի 21-ից ապրիլի 3-ը ներառյալ: Երկրորդ դասարանցիների գարնանային արձակուրդը տրվում է 2022թ. մարտի 21-ից 27-ը ներառյալ: 3-12-րդ դասարանների սովորողներին գարնանային արձակուրդը տրվում է 2022թ. մարտի 21-ից 27-ը ներառյալ։ Ըստ ուսպլանի՝ ԿԳՄՍ նախարարությունն անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում (եղանակային անբարենպաստ պայմաններ, սուր վարակիչ հիվանդությունների տարածում, տարերային աղետ եւ այլն) կարող է սահմանել լրացուցիչ արձակուրդ՝ կատարելով փոփոխություններ ուսումնական պարապմունքների եւ սովորողների համար սահմանված արձակուրդների ժամանակացույցներում: Նշենք, որ COVID-19-ի համավարակով պայմանավորված՝ հնարավոր է փոփոխություններ լինեն, սակայն այժմ այլ բան նախատեսված չէ։

 

 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԹՎԵՐ

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը փետրվարի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ. 1631 նոր դեպք; 4803 թեստավորում; 2349 առողջացած; 11 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 391 588 դեպք, որոնցից 352 985-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետեւանքով մահվան 8097 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 783 288 թեստավորում: Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսի դեմ ամբողջական պատվաստում (2 դեղաչափ) ստացել է 858 հազար 981 մարդ. այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Միայն առաջին դեղաչափ ստացած անձանց թիվը 195 հազար 197 է: Խթանիչ դեղաչափ (բուստեր) ստացել է 12 հազար 397 մարդ: Ընդհանուր առմամբ Հայաստանում կորոնավիրուսի դեմ կատարվել է 1 միլիոն 925 հազար 556 պատվաստում:




Լրահոս