Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու մասին նաև հարևան երկրում են խոսում, հարցն այն է սակայն, թե ինչ են ակնկալում խաղաղության դիմաց: Ադրբեջանագետ Արտյոմ Տոնոյանը հստակեցնում է՝ այդ ակնկալիքներից են Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը, իրենց ասած` «Զանգեզուրյան միջանցքը», Արցախից հրաժարվելը և այլն: Ընդհանուր տրամադրվածությունը սակայն, շեշտում է մասնագետը, բնավ խաղաղասիրական չէ:
Տոնոյանը նշում է, որ անգամ 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանցիների վերաբերմունքը հայերի նկատմամբ չի փոխվել, ավելին՝ ճիշտ հակառակը՝ հայատյացության մակարդակն ավելի է մեծացել: Նրանք, հավելում է, մեզ հետ խաղաղ համակեցություն չեն պատկերացնում մի քանի առումներով:
Թեև 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական հասարակությունը հաղթողի դիրքերից ու ոգևորությամբ է հանդես գալիս, բայց մշտապես վախենում են ռևանշի վտանգից: Իսկ այդ մասին խոսում են ամենաբարձր՝ նախագահ Իլհամ Ալիևի մակարդակով:
Երկու երկրների միջև խաղաղության պայմանագիր կնքելու մասին ղեկավարներ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը խոսում են 44-օրյա պատերազմից անմիջապես հետո, սակյան Հայաստանի արտաքին գործերի նախարարության պնդմամբ՝ այս պահին որևէ գործընթաց չի ընթանում:
Սևակ Վարդումյան, Հովսեփ Հովսեփյան