ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՈՒՇԱԳՐԱՎ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի պաշտոնական հայտարարագրում ուշագրավ տեղաշարժեր են եղել: ArmLur.am-ը ուսումնասիրել է պատգամավորի ներկայացրած հայտարարագրերը՝ սկսած 2017 թվականից: Նշենք, որ նա 2013-2018թթ. ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պլանավորման, հաշվառման եւ վերլուծության բաժնի պետ է եղել, ապա ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ։

 

2017 թվականի պաշտոնը ստանձնելու մասին հայտարարագրում նշված է, որ ունի 15 մլն դրամ: Ի դեպ, այդ տարի նրա ամսական աշխատավարձը կազմել է 805 հազար դրամ: Շարժական եւ անշարժ գույքի մասին որեւէ տեղեկություն չկա: Բայց նույն տարվա պաշտոնը ստանձնելու վերաբերյալ հայտարարագրում նշված է, որ Խաչատրյանն ունի 1986 թվականի արտադրության Vaz 2106 մակնիշի ավտոմեքենա, որը գնել է 2007 թվականին:

Նշենք, որր 2018 թվականին պաշտոնը ստանձնելու վերաբերյալ հայտարարգրում Խաչատրյանի ունեցած դրամական միջոցը կազմել է 5 մլն դրամ, Vaz 2106-ը եւս պահպանվել է: Այս մակնիշի ավտոմեքենան Խաչատրյանն ուներ նաեւ 2019 թվականին, 5 մլն դրամի դրամական միջոցներ:

Բայց, ուշադրություն, 2020 թվականի սկզբին Խաչատրյանի բանկային հաշվին եղել է 53 հազար դոլարի չափով գումար, որը տարեվերջին դարձել է 23 հազար դոլար: Թե որտեղից պատգամավորին այս գումարը, կամ ինչ է արել նա 30 հազար դոլարով, հայտնի չէ, մանրամասները չկան հայտարարագրում: Նրա՝ որպես պատգամավորի ամսական աշխատավարձը 2020 թվվականին կազմել է 750 հազար դրամ:

Խաչատրյանի՝ 2020 թվականի պաշտոնը ստանձնելու վերաբերյալ հայտարարագրում չի բացակայել նաեւ 1986 թվականի սկզբին արտադրության Vaz մակնիշի մեքենան: Այն պահպանվել է նաեւ տարեվերջին:

Բանկային հաշիվներին 2020 թվականի սկզբին Խաչատրյանն ունեցել է 121 հազար դրամ, որը տարեվերջին դարձել է 445 հազար դրամ, 23 հազար դոլար, որը տարեվերջին չի եղել, եւ տարեվերջին ավելացել է 1 մլն 812 հազար դրամ, որը նրա կենսաթոշակն է: Այսինքն՝ բացի աշխատավարձից Խաչատրյանը ստացել է ամսական 151 հազար դրամի չափով կենսաթոշակ: ArmLur.am-ին հայտնի դարձավ նաեւ, որ Խաչատրյանը «Հայբիզնեսբանկ»-ից ստացել է 40 հազար դոլարի չափով փոխառություն: Իսկ ամսական աշխատավարձը կազմել է 675 հազար դրամ:

Պատգամավորի կինը՝ Մարիամ Մինասյանը, հայտարարագրել է ստացած աշխատավարձը, որը ամսական կազմել է 145 հազար դրամ, իսկ ունեցած դրամական միջոցը կազմել է 2 մլն դրամ: Կնոջ՝ 2018 թվականի հայտարարագիրը բացակայում է: 2019 թվականին կնոջ դրամական միջոցը կազմել է 200 հազար դրամ, բանկերից մեկում ունեցած փոխառության չափը կազմել է 1.1 մլն դրամ: 2019-ին նրանք ամսական ստացել են 145 հազար դրամ, որը նա ստացել է Երեւանի զինվորական հերթափոխի պետական մարզային քոլեջ ՊՈԱԿ-ից: Պատգամավորի կինը 2020 թվականին բանկային հաշվին ունեցել է 3 մլն 215 հազար դրամ, որը նրա աշխատավարձն է: Այսինքն՝ մեկ տարվա մեջ պատգամավորի կնոջ աշխատավարձը զգալի բարձրացել է՝ տարեկան 1 մլն 740 հազար դրամից դարձել է 3 մլն 215 հազար դրամ, այսինքն՝ ամսական 145 հազար դրամից դարձել է 267 հազար դրամ:

Կանխիկ գումար եւս ունեցել է, որը կազմել է 500 հազար դրամ: Պատգամավորի կինը «Ֆաստ Կրեդիտ»-ից ստացել է 250 հազար դրամ:

Պատգամավորի որդին՝ կրտսեր Խաչատրյանը, իր 2020 թվականի հայտարարագրում ներկայացրել է, որ ունի 2015 թվականի արտադրության Toyota մակնիշի ավտոմեքենա, որը գնվել է 2019 թվականի հունվարի 1-ին: 27-ամյա տղան՝ Էդուարդ Խաչատրյանը, 2020 թվականին կանխիկ գումար ունեցել է 1 մլն ռուսական ռուբլի, բանկային հաշվին եղել է 1.4 մլն դրամ: Իսկ հայտարարագրած եկամուտը սեփական աշխատավարձն է, որը կազմել է ամսական 200 հազար դրամ. նա այն ստացել է «Գուդկրեդիտ ՈՒՎԿ»-ից: Դստեր կանխիկ դրամը կազմել է 300 հազար դրամ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ  6 ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՈՒՆԵՆ

2010-2021թթ. ՀՀ-ում Ադրբեջանի քաղաքացիների կողմից իրականացվել է անշարժ գույքի իրավունքի պետական գրացման 6 գործարք։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ կադաստրի պետական կոմիտեն: Այսպես, 2012-ին Ադրբեջանի քաղաքացիություն ունեցող անձինք 2 բնակարան են գնել, մեկը` նվեր ստացել։ Դրանից հետո 2018-ին է բնակարանի առքուվաճառքի մեկ պայմանագիր կնքվել։ Իսկ, ահա, 2019-ին 2 պայմանագիր է կնքվել` 1-ը կրկին բնակարանի առքուվաճառքի առնչվող, մյուսը` հասարակական նշանակության գույք ձեռք բերելու։ Իսկ թե ինչ գույք են ձեռք բերել Ադրբեջանի քաղաքացիություն ունեցող անձինք Հայաստանում, մանրամասները հայտնի չեն։ Հավելենք, որ վերոհիշյալ 6 անձանց` Ադրբեջանի քաղաքացիության մասին է խոսքը, այլ ոչ թե ազգության։ Այսինքն` չենք կարող պնդել, որ նրանք ազգությամբ էլ ադրբեջանցիներ են։

 

Միաժամանակ, Կադաստրի կոմիտեից հայտնում են նաեւ, որ 2010-2021թթ. ՀՀ-ում Թուրքիայի քաղաքացիները (ֆիզիկական անձինք) 71 անշարժ գույք են ձեռք բերել։ Թուրքիայում եւ Ադրբեջանում գրանցված իրավաբանական անձանց անվամբ ՀՀ-ում 2010-21թթ. ընթացքում անշարժ գույքի իրավունքի պետական գրացման գործարք չի գրանցվել։

Անշարժ գույքի ձեռքբերման առաջին գործարքը (վերոնշյալ ժամանակահատվածում) կայացել է 2011-ին` ՀՀ-ում Թուրքիայի քաղաքացություն ունեցող անձը բնակելի տուն է գնել։ Իսկ ամենաշատ գործարք կնքվել է 2019-ին, երբ Թուրքիայի քաղաքացիություն ունեցող անձինք 12 բնակարան են գնել, 2 բնակելի տուն, 3 հասարակական նշանակության գույք եւ 1 հողամաս։ Ընդհանուր առմամբ, Թուրքիայի քաղաքացիություն ունեցող անձինք Հայաստանում 2010-21 թվականներին գնել են 53 բնակարան, 1 բնակարան նվեր են ստացել, 1-ը փոխանակել են, 5 բնակելի տուն են գնել, 1 ավտոտնակ, 7 հասարակական նշանակության գույք եւ 3 հողակտոր։ Թուրքիայի քաղաքացիություն ունեցող անձանց հետ վերջին գործարքը կայացել է 2021-ին. 8 բնակարան են գնել։

Հիշեցնենք, որ փետրվարի 3-ին կառավարության նիստից հետո էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, թե Հայաստանում թուրքերն անշարժ գույք, ընկերություններ են ձեռք բերել վերջին տարիներին։ Էկոնոմիկայի նախարարը վստահեցրել էր, որ ռազմավարական կարեւոր օբյեկտներ այդ ցանկում չկան։ Նրա խոսքով` Հայաստանի տնտեսությունն այդ առումով Թուրքիայի համար միշտ բաց է եղել։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՋՐԻ ԽՆԴԻՐ՝ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂՈՒՄ

Նոյեմբերյան խոշոր համայնքի Բարեկամավան գյուղը Տավուշի մարզի ամենահեռավոր,  Ադրբեջանին սահմանամերձ  բնակավայրն է։ Խորհրդային տարիներին եւ Հայաստանի անկախանալուց հետո առավել մեծ չափով Բարեկամավանից արտագաղթ է եղել։ 1970-ական թվականների կեսերին Բարեկամավանի ութամյա դպրոցն ուներ 330 աշակերտ, իսկ բարեկամավանցի 9-րդ եւ 10-րդ դասարանների աշակերտներն ուսումը շարունակում էին Կոթիի, Նոյեմբերյանի միջնակարգ դպրոցներում։ Ներկայումս Բարեկամավանի Մայիս Ղարաքեշիշյանի անվան միջնակարգ դպրոցն ունի ընդամենը 13 աշակերտ, դպրոցում 1-ին, 3-րդ, 5-րդ եւ 6-րդ դասարաններ չկան, կրթօջախն այս տարի ունենալու է մեկ շրջանավարտ։ Ռուսաստանի Ստավրոպոլ քաղաքի բարեկամավանցիների համայնքը հանգանակել է 8,5 միլիոն ռուբլի Բարեկամավանի դպրոցի շենքի տանիքը նորոգելու համար, տանիքի կեսն է նորոգվել, գումարը չի բավարարել նորոգումն ավարտելու համար, գործը 2020թ.   սեպտեմբերից կիսատ է մնացել։

Պետական բյուջեն Բարեկամավանի դպրոցի շենքի տանիքը նորոգելու համար ֆինանսներ չի հատկացրել։ Բարեկամավանի հողերի  մեծ մասը գտնվում է սահմանամերձ, ադրբեջանցիների կողմից գնդակոծվող գոտում եւ  չի մշակվում։ Բարեկամավանցիները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ՝ գյուղի վերին, ադրբեջանական գնդակոծություններից համեմատաբար ապահով հատվածներում։ Բարեկամավանում ոռոգման ջուր չկա, առկա է  խմելու ջրի սուր հիմնահարց։ Բարեկամավանի վարչական ղեկավար Ջոնիկ Միքայելյանը հայտնեց, որ գյուղացիներին խմելու ջուր մատակարարելու համար գործում է  երկու խորքային հոր, որտեղից պոմպերի միջոցով ջուր է մղվում  գյուղի առանձնատներ։ Այդ խորքային հորերից մեկի պոմպն աշխատում է շրջօրյա, մյուսի պոմպը՝ ընդհատումներով։ Ջ. Միքայելյանն ասաց, որ դա պայմանավորված է նրանով, որ  պոմպերից մեկը  ջուր է մղում մեծ թեքության վրա գտնվող առանձնատներին, ուստի պետք է աշխատի ընդմիջումներով։ Փաստացի 160 բնակիչ ունեցող գյուղի առանձնատներ խմելու ջուր է մատարակարվում երկու կամ երեք օրը մեկ։ Գյուղի վարչական ղեկավարն ասաց, որ խորքային հորերի ջուրը խմելու համար անորակ է, գյուղացիներն այն օգտագործում են  իրենց կենցաղային  կարիքների համար, իսկ խմելու  ջուր  կուտակում են գյուղի տարածքում գտնվող մի քանի աղբյուրներից։ Ամռանն այդ աղբյուրները չորանում են, իրենց գործերով, ավտոմեքենաներով գյուղից դուրս եկող բարեկամավանցիները  մեքենայում ունենում են ջրի տարաներ, այլ բնակավայրերի աղբյույրներից խմելու ջուր են տեղափոխում  իրենց տներ։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 




Լրահոս