Ազգային շահերն առաջ տանելու համար «Եվրանեսթը» կարեւոր հարթակ է, ու Արեւելյան գործընկերության շրջանակներում միջազգային այդ կառույցի հետ Հայաստանը պայմանագրային որոշակի բազա ունի: Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի՝ տնտեսական եւ իրավական մոտարկման հանձնաժողովի համանախագահ Տարոն Սիմոնյանի համոզմամբ՝ Արեւելյան գործընկերության հնարավորությունը միշտ պետք է օգտագործել՝ ի շահ Հայաստանի Հանրապետության՝ թե՛ իրավական մոտարկման, թե՛ տնտեսական համագործակցության, թե՛ էներգետիկ ռեսուրսների ճիշտ բաշխման տեսանկյունից: «Եվրանեսթի» պատվիրակների կազմում նաեւ երեք ադրբեջանցի կլինի, ինչի մասին ArmLur.am-ը դեռ օրեր առաջ էր տեղեկացրել: Թեեւ առաջին դեպքը չէ, որ միջազգային կառույցների նախաձեռնած նիստերի շրջանակներում ադրբեջանցիները Երեւան են գալիս, բայց հատկապես 44-օրյա պատերազմից հետո մեր հայրենակիցների վերաբերմունքն այս հարցին խիստ հակասական է: Նախկին պատգամավորը, սակայն, հորդորում է ըմբռնումով մոտենալ նրանց այցին, քանի որ դա լավ առիթ է ադրբեջանցիներին ցույց տալու՝ ի տարբերություն իրենց՝ մենք մեր վարքագծով հիստերիկ գործողություններ չենք կատարում:
Տարոն Սիմոնյանը վստահ է՝ ադդրբեջանցի պատվիրակները նորից են փորձելու բարձրացնել ու քննարկման առարկա դարձնել Մեծամորի ատոմակայանի փակման հարցը, հետեւաբար դրան պատրաստ պետք է լինել ու համարժեք պատասխան տալ: Մեծամորի ատոմակայանի փակման հարցը, հիշեցնենք, 2019-ին Վրաստանում անցկացված «Եվրանեսթի» նիստի ժամանակ հայկական պատվիրակությունը կարողացել էր տապալել:
-Պարո՛ն Սիմոնյան, «Եվրանեսթի» պատվիրակությունը ժամանում է Հայաստան, այդ թվում՝ նաեւ ադրբեջանցիները, եւ սա հայ հասարակության համար արդեն իսկ ալեկոծումներ է առաջացրել: Դուք եղել եք «Եվրանեսթի» հանձնաժողովի կազմում, եղել եք նաեւ կոմիտեի նախագահությունում, ի՞նչ է տալիս, առհասարակ, «Եվրանեսթը», եւ ինչպե՞ս պետք է ընդունել ադրբեջանցիների մուտքը Երեւան:
-«Եվրանեսթի» խորհրդարանական հանձնաժողովը հարթակ է ազգային շահերն առաջ տանելու համար: Մենք Եվրամիության հետ ունենք որոշակի պայմանագրային բազա՝ արեւելյան գործընկերության շրջանակներում եւ այդ գործընկերության հնարավորությունները պետք է օգտագործել՝ ի շահ Հայաստանի Հանրապետության: Դա բխում է իրավական տեսանկյունից, եւ տնտեսական գամագործակցության եւ էներգետիկ ռեսուրսների ճիշտ բաշխման տեսանկյունից օգտակար է: Այն անտեսել չի կարելի, այդ հաթարկը լավագույնս պետք է օգտագործել՝ հայ հասարակության եւ Հայաստանի Հանրապետության խնդիրները բարձրաձայնելու համար: Մենք էլ ժամանակին այնտեղ բարձրաձայնում էինք Ադրբեջանի կողմից թույլ տված իրավախախտումների մասին, պատերազմի ընթացքում ենք շատ խոսել դրա մասին, դրանից հետո նույնպես խոսել ենք: Կարողացել ենք մեր եվրոպացի գործընկերներին քիչ թե շատ ճիշտ տեղեկություններ ներկայացնել տեղի ունեցող իրադարձությունների վրաբերյալ: Հիմա էլ դա պետք է օգտագործվի: Երեւանում պետք է կայանա էներգետիկ հարցերով հանձնաժողովի նիստը: Կարծում եմ, որ Ադրբեջանի պատվիրակության հետ կապված պետք չէ խնդիր առաջացնել, թող գան, տեսնեն, որ մենք քաղաքակիրք ազգ ենք եւ իրենց նման հիստերիկ գործողություններ չենք կատարում: Իրենք էլ հիմնականում, երբ Բաքվում միջազգային համաժողով էր տեղի ունենում, հայերը պետք է գնային, խոչընդոտում էին, մեկ կամ երկու անգամ նորմալ է կազմակերպվել, բայց եղել են դեպքեր, երբ խոչընդոտվել են: Հիմա առիթ է, որ մենք ցույց տանք, որ մենք քաղաքակիրթ ազգ ենք, եւ չպետք է մոռանանք նրանց կատարած գործողությունները, այլ հակառակը՝ հենց լավ առիթ է բարձրաձայնելու եւ պահանջնելու նաեւ մեր եվրոպացի գործընկերներից, որպեսզի ճիշտ գնահատականներ տան:
-Ինչի՞ վրա պետք է հենց շեշտը դնել: Պարզ է՝ պատերազմի հետւանքներ, ռազմագերիներ, բայց, ամեն դեպքում, նրանք Երեւան են գալիս, եւ շեշտադրումներն այլ պետք է լինեն:
-Պետք է ընդհանրապես շրջանակից քննարկվող հարցից շատ դուրս չգալ: Եթե քննարկվում է էներգետիկ տնտեսական համագործակցության եւ այլ հարցեր, պետք է այս հարցերի շրջանակներում դրա միջոցով հղում կատարվի մեր հիմնական հարցերին, իսկ էներգետիկ հարցերի շրջանակներում շատ հարցեր ունենք:
-Մեծամորի ատոմակայանի հարցն են շատ շահարկում, եթե չեմ սխալվում:
-Դե, վերջին անգամ տեղի ունեցած երկրաշարժից հետո Թուրքիայի խորհրդարանում բարձրացվեց Մեծամորի հարցը՝ ասելով որ երկրաշարժի գոտի է, եւ վտանգավոր է: Միջազգային ատոմային կազակերպությունները մի քանի անգամ ուսումնասիրում են եւ տալիս եզրակացություն, որ կարող է շահարկվել, այստեղ անվտանգային հարց չկա: Կտեսնեք, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները նորից չբարձրաձնեն այդ հարցը:
Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ
ՎԱՐՁՈՎ ԱՊՐՈՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆՆԵՐԻՆ ԴԱՏԵԼԸ ԽՐԱԽՈՒՍՎՈՒՄ Է
Երեկ կառավարության նիստում ընդգրկված էր ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին եզրակացություն տալու հարցը: Նախագիծը ներկայացրել էր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը, սակայն նախագիծը ստացավ բացասական եզրակացություն:
Նախագիծը պատգամավորը հիմնավորել էր նրանով, որ պայմանագրային զինծառայողների բնակարանային ապահովության շրջանակներում զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովելու դեպքում դրամական փոխհատուցում հաշվարկել՝ անկախ զինծառայողի կողմից բնակելի տարածության վարձակալության պայմանագիր կնքած լինելու հանգամանքից: Օրենքի ներկա ձեւակերպման արդյունքում առաջանում են որոշակի խնդիրներ, քանի որ զինծառայողները, տարբեր պայմաններից ելնելով, երբեմն իրենց կամքից անկախ հանգամանքներում իրենց վարձակալած բնակարանի համար պայմանագիր չեն կնքում, եւ արդյունքում այդ զինծառայողների հանդեպ քրեական հետապնդում է իրականացվում:
Սակայն ՀՀ պաշտպանության նախարարությունն իր եզրակացության մեջ նշում է, որ առկա կարգավորումն ինքնանպատակ չէ, քանի որ դրամական փոխհատուցումը տրամադրվում է բացառապես բնակելի տարածության վարձակալության համար եւ չի կարող ուղղվել այլ կարիքների բավարարմանը: Կառավարությոնը անընդունելի է համարում առանց վարձակալության պայմանագրի դրամական հատուցում տրամադրելու գաղափարը՝ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ վարձակալության պայմանագիրը հանդիսանում է նաեւ զինծառայողի՝ բնակելի տարածքով ապահոված լինելու երաշխիքը:
Եվ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է ձեռնպահ մնալ օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունների կատարումից: Ստացվում է՝ վարձով ապրող պայմանագրային զինծառայողներին դատելը խրախուսում է կառավարությունը:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՔՈԼԵՋԸ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՎՈՒՄ Է
ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդգրկված էր նախագիծ, որով առաջարկվում էր ԿԳՄՍՆ «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ը վերակազմավորել որպես «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» հիմնադրամ եւ այն միացնել «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամին: Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «Վանաձոր քաղաքում, գործելով երկու գյուղատնտեսական ուղղվածության միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ, պատճառ են դառնում ըստ մասնագիտությունների խմբերի թերկոմպլեկտավորման ձեւավորմանը, որն էլ իր հերթին առաջացնում է ֆինանսական խնդիրներ: Իրականացված միջոցառումների շնորհիվ զգալի ավելացել է երիտասարդների հոսքը դեպի միջին մասնագիտական կրթական հաստատություններ, ինչը հանրապետությունում կփոխի միջին եւ բարձրագույն մասնագիտական կրթությամբ շրջանավարտների հարաբերակցությունը՝ հօգուտ առաջինի: Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մասնաճյուղն ունի փորձառու պրոֆեսորադասախոսական կազմ, հագեցված նյութատեխնիկական բազա, նորագույն տեխնիկայով հագեցված լաբորատորիաներ: Ներկայումս շինարարական աշխատանքներ են իրականացվում «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ում, եւ նախատեսվում է հաջորդ տարի տրամադրել ժամանակակից նյութատեխնիկական բազա: Միավորումից հետո քոլեջը գործելու է որպես «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի Վանաձորի մասնաճյուղի միջին մասնագիտական կրթական ծրագիր: Միացման արդյունքում նոր հաստիքացուցակի հաստատմամբ հնարավոր են հաստիքների կրճատումներ, մասնավորապես վարչական եւ ուսումնաօժանդակ, պայմանավորված նոր ուսումնական տարվա սկզբին արտադրական ծավալների փոփոխմամբ /սովորողների թվի փոփոխություն/:
ՀՈՍԱՆՔԱԶՐԿՈՒՄՆԵՐ՝ ԱՐՑԱԽՈՒՄ ՈՒ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ
Երեկ գիշերը Արցախում ու Հայաստանի Սյունիքի մարզում համատարած հոսանքազրկումներ են եղել, ինչն անհանգստացրել ու հարցեր էր առաջացրել բնակիչների մոտ: ArmLur.am-ի հետ զրույցում թե՛ Արցախի, թե՛ Սյունիքի մարզի բնակիչներն ահազանգում էին՝ ինչպես է պատահել, որ համատարած ու միանգամից հոսանքազրկումներ են եղել: Հարցը փորձեցինք Բարձրավոլտ էլեկտրական ցանցերից պարզել: Ընկերության մամուլի քարտուղար Լուսինե Հարությանը մեզ հետ զրույցում նշեց, որ խնդիրը տեխնիկական է եղել: Նա այլ մանրամասներ չհայտնեց՝ հորդորելով սպասել իրենց հաղորդագրությանը: ԲԷՑ-ի նման պատասխանը, իհարկե, առոչինչ է երեկ գիշերը մթության մեջ անցկացրած սյունեցիների ու արցախցիների անհանգստության դիմաց: