«ՍՊԱՍՎՈՒՄ Է ԳԺԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ». Գ. ՍԵՓԽԱՆՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուտով Արմեն Պետրոսյանը՝ Մենչը, սկսում է նոր նախագիծ, որը կոչվում է «Սիրո հասակ»։ Այն տարբերվելու է մյուս բոլոր նախագծերից. այս անգամ սիթքոմի փոխարեն լինելու է հումորային սերիալ, որը բաղկացած է լինելու ընդամենը 24 մասից:

 

Նախագծում խաղում են Գարիկ Սեփխանյանը, Գրիգոր Դանիելյանը, Գոռ Հակոբյանը, Լուզիա Ներսիսյանը, Աղաս Մանուկյանը, Եվա Բաղդասարյանը, Անիտա Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Էմմա Սապունջյանը, Վահան Թովմասյանը, Էրմինա Զախարովան, Ելենա Բորիսենկոն, Իլոնա Մկրտչյանը եւ այլք։

Նոր նախագծի մանրամասների մասին ArmLur.am-ը զրուցել է սցենարիստ, դերասան Գարիկ Սեփխանյանի հետ, որը մեզ հետ զրույցում ասաց, որ գաղափարն առաջացել է Մենչի մոտ դեռեւս 2018 թվականին, սակայն այդպես էլ կյանքի չի կոչվել:

«Սցենարային աշխատանքներով զբաղվել ենք ես եւ Գրիգորը: Սերիալից փակագծեր շատ չեմ ցանկանում բացել, բայց կասեմ, որ այն մի տարեց կնոջ մասին է, որը սիրահարվում է մի երիտասարդ տղայի, եւ այդտեղից էլ հյուսվում է մնացած ողջ պատմությունը: Վերադառնալով իմ կերպարին՝ կարող եմ ասել, որ այն շատ հետաքրքիր, ակտիվ կերպար է: Մարմնավորում եմ հերոսի ընկերոջը, որը նույնպես ունի սիրային դրվագներ եւ, անկեղծ ասած, մի քիչ անփույթ կերպար է»,- նշեց դերասանը:

Գարիկ Սեփխանյանի խոսքով՝ նախագիծը ժամանցային է, եւ փորձելու են ամեն ինչ անել, որպեսզի հեռուստադիտողի հաճելի ժամանցն ապահովեն. «Կարծում եմ՝ լինելու է գժական, ուրախ սերիալ, եւ մեր բոլոր սպասելիքներն արդարացվելու են: Ամեն սերիային, ամեն րոպեին հանդիսատեսը սպասելու է սրտատրոփ, թե հաջորդ սերիայում ինչ է լինելու: Սերիաները շատ հագեցած են ծիծաղաշարժ տեսարաններով, ինչը դուր կգա ե՛ւ փոքրերին, ե՛ւ մեծերին»:

Հիշեցնենք, որ մինչ այս նախագիծը  դերասան Գարիկ Սեփխանյանը նկարահանվում էր «Դեպի ճամբար» հումորային նախագիծում

«Անցած տարի սիթքոմն ուներ 12 սերիա, իսկ այս անգամ նկարահանվելու է 24 սերիա: Փոփոխություններ են եղել դերասանական կազմում. ունենք նոր դերասաններ՝ Ժաննա Բուտուլյան, Գուրգեն Սարգսյան, Հասմիկ Ասլանյան, Իլոնա Մկրտչյան: Նախագծից դուրս է եկել դերասանուհի Աննա Մանուչարյանը խիտ գրաֆիկի եւ զբաղվածության պատճառով»,-ավելի վաղ այս մասին մեզ հետ զրույցում նշել էր նա:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ԿԱՆԽԵ՛Ք ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՂԱՎԱՂՈՒՄԸ

Հասարակական կազմակերպությունների մի խումբ ներկայացուցիչներ, արցախցիներ, արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական մշակութային հուշարձանների ճակատագրով մտահոգված քաղաքացիներ փետրվարի 16-ին ակցիա իրականացրին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց՝ պահանջելով կանխել Արցախում հայկական մշակութային ժառանգության վերացումն ու նենգափոխումը:

 

Lրագրողների հետ զրույցում ՀՀ ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնի ներկայացուցիչ Գայանե  Աբրահամյանն ասաց, որ նախաձեռնությունը մի շարք հասարակական կազմակերպությունների, հասարակական գործիչների կողմից է իրականացվում:

«Ադրբեջանական կողմը պնդում է, որ այն ժառանգությունը, որը դարեր շարունակ կա Արցախում, հայկական չէ: Դա սուտ է, սակայն այն գործողությունները, որոնք նրանք տասնամյակներ շարունակ իրականացնում են, մտավախություն են առաջացնում, որ մի օր մենք որեւէ կերպ չենք կարողանա հակազդել այդ ստերին: Դա է պատճառը, որ շեշտում ենք՝ ունենք ամիսներ: Եթե այս օրերին մենք սրա դեմ չպայքարենք ու միջազգային բոլոր հնարավոր կառույցներին, հիմնականում՝  ՅՈՒՆԵՍԿՕ-ին չդիմենք, ուղղակիորեն կկորցնենք Արցախի հայկականությունը, որովհետեւ մեր հետքը փորձում են ջնջել: Հայկականության հետքը ջնջելով՝ ձգտում են բացառել հայկական կողմից ինքնորոշման իրավունքի եւ առհասարակ Արցախում որեւէ հավակնության մասին»,-շեշտեց Աբրահամյանը:

Նա հիշեցրեց, որ 2021-ի դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հրապարակել էր «Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի համատեքստում քննվող «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» եւ «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» դատական գործերի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից ներկայացված հայցերի հիման վրա հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշումները:

 

 

 

ՀԱՋՈՐԴ ՄՐՑԱՇՐՋԱՆՈՒՄ

«Ռոմայի» եւ Իտալիայի հավաքականի պաշտպան Ալեսանդրո Ֆլորենցին ցանկանում է հաջորդ մրցաշրջանում էլ հանդես գալ «Միլանում»: Նա 2021թ. օգոստոսին է հեռացել պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմից։ Այս մրցաշրջանը նա վարձակալությամբ է խաղում «Միլանում», որն ունի ամռանը Ֆլորենցիի տրանսֆերային իրավունքը 4,5 միլիոն եվրոյով գնելու իրավունք։ 30-ամյա Ֆլորենցին «Միլանում» մասնակցել է 22 հանդիպման բոլոր մրցաշարերում, խփել 1 գոլ։ Նրա պայմանագիրը «Ռոմայի» հետ նախատեսված է մինչեւ 2023թ. հունիս։ Transfermarkt-ը Ֆլորենցիի տրանսֆերային արժեքը գնահատում է 7 միլիոն եվրո։

 

 

 

ՉԵՄՊԻՈՆԸ՝ ԿԱՆԱԴԱՆ

Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերի կանանց հոկեյի չեմպիոնը Կանադան է: 24-րդ ձմեռային օլիմպիական խաղերի հոկեյի կանանց եզրափակչում մրցեցին ԱՄՆ եւ Կանադայի թիմերը: Առաջին քառորդից հետո կանադացիները երկու տափօղակի առավելություն ունեին, իսկ երկրորդ քառորդում ԱՄՆ-ն երկու անգամ գրավեց մրցակցի դարպասը, կանադացիները` մեկ: Սակայն օլիմպիական խաղերի չեմպիոն դարձավ Կանադայի ընտրանին` առավելության հասնելով 3:2 հաշվով: Պեկինի օլիմպիական խաղերի մեդալների ոչ պաշտոնական հաշվարկի առաջատարը Նորվեգիան է, որն ունի 13 ոսկե, 7 արծաթե եւ 8 բրոնզե մեդալ` ընդհանուր 28 մեդալ:

 

 

 

ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀԱՋՈՂ ԵԼՈՒՅԹՆԵՐԸ

Հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը շարունակում է հաջող ելույթները Դոհայի մրցաշարում: ATP Doha open-ի երկրորդ շրջանում Խաչանովն ուժերը չափեց Ֆինլանդիայի ներկայացուցիչ  Էմիլ Ռուուսուվուորիի հետ: 1 ժամ 31 րոպե ձգված մրցախաղի արդյունքում նա հաղթեց 7:6 (7:4), 6:3 հաշվով: Դոհայի մրցաշարի քառորդ եզրափակիչում Խաչանովը կփորձի գերազանցել խորվաթ Մարին Չիլիչին: Կարեն Խաչանովը պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում 30-րդն է: Նա 4 անգամ հաղթել է միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարում: Նա Տոկիոյի 32-րդ ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է: Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստի լավագույն արդյունքը եղել է 2019 թվականին, երբ նա հասել է Rolan-Garros-ի քառորդ եզրափակիչ եւ 2021 թվականին՝ դարձյալ քառորդ եզրափակիչ Ուիմբլդոնում:

 

 




Լրահոս