Կապույտ մզկիթն իրանական արվեստի խորհրդանիշն է. Իրանի դեսպանության արձագանքը ադրբեջանցի պատգամավորների հայտարարությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունն արձագանքել է Երևանի Կապույտ մզկիթ այցելած ադրբեջանցի պատգամավորներին, ովքեր իրանական ճարտարապետական կոթողն անվանել էին «ադրբեջանական հուշարձան»:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, դեսպանությունը «Թվիթեր»-ի իր էջում հայերեն, պարսկերեն և անգլերեն գրություններով հրապարակել է մզկիթի և այնտեղ պարսկերենով արված պատմական արձանագրությունների լուսանկարը: «Իրանական արվեստի խորհրդանիշը՝ կապույտ մզկիթը վերջին երեք տասնամյակներում ակտիվորեն գործել է՝ որպես Հայաստանում բնակվող մուսուլմանների աղոթատեղի և հավաքատեղի, ինչպես նաև զբոսաշրջային գրավչություն»,- նշվում է դեսպանության էջում անգլերենով արված գրառման մեջ:

Իսկ հայերեն գրառման մեջ ասվում է. «Պատմությամբ հետաքրքրվողները շատ լավ ընկալում են ավելի քան երկու հարյուրամյա վաղեմությամբ պարսկական արձանագրություններ ունեցող Կապույտ մզկիթի ճարտարապետության բարձր մշակութային արժեքը և ինքնությունը: Մեծ բարեբախտություն է, որ այս պատմական արձանագրությունները պահպանվել են»։

Բոլոր գրառումներում դեսպանությունը հատուկ նշել է Ադրբեջանում Իրանի դեսպանության, ինչպես նաև համաշխարհային մշակութային ժառանգության պահպանության հարցերով զբաղվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի էջերը:




Լրահոս