«Դաշնակցության»՝ մարտին կայանալիք ընդհանուր ժողովը հերթական հաշվետու ընտրական ժողովն է»,- ArmLur.am-ի դիտարկմանը, թե դաշնակցականներն ամենայն պատասխանատվությամբ ուժերը լարելով են պատրաստվում առաջիկայում կայանալիք ընդհանուր ժողովին, այսպես արձագանքեց դաշնակցական, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը:
Մեզ հետ զրույցում Մանուկյանը վստահեցրեց, որ ՀՅԴ ընդհանուր ժողովներից առաջ մամուլը միշտ էլ ինչ-որ սենսացիա է փնտրել, իրականում սակայն դա սովորական կուսակցական ժողով է:
«Այսինքն՝ մութ սենյակում կատուներ պետք չէ՞ փնտրել»,- հարցրեցինք: Պատգամավորը խիստ լակոնիկ արտահայտվեց՝ ոչ:
Ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը, կրկին հղում անելով Մանուկյանի խոսքերին, տեղեկացրել էր, որ ՀՅԴ ընդհանուր ժողովին ազգային, ռազմավարական, պետական, համայնքային, սփյուռքին, արտաքին քաղաքական հարցերին, ուղեկից միություններին, Հայ առաքելական եկեղեցու երկու կաթողիկոսություններին վերաբերող հարցեր են քննարկվելու:
Ս.Վ.