ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանը երեկ հերթական պարզաբանումն է տարածել «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակված լուրի կապակցությամբ, ըստ որի` ինքը ժամանակին դեմ չի արտահայտվել ԵԽԽՎ բյուրոյում Լեռնային Ղարաբաղի խնդրով ենթահանձնաժողովի վերականգնմանը, որի դեմ պայքարում էր Հայաստանը: Արդյունքում հարցն անցել է միաձայն: Բայց տիկին Նաղդալյանը երեկվա պարզաբանումով հերքել է երեք օր առաջ իր իսկ տարածած հաղորդագրությունը, որտեղ ասում էր, թե ԵԽԽՎ բյուրոյում ենթահանձնաժողովի վերականգնման հարցն ընդհանրապես չի քվեարկվել: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթն առաջին պարզաբանումից հետո հրապարակեց ԵԽԽՎ մամուլի ծառայությունից ստացված տեղեկությունը, համաձայն որի` քվեարկություն իրոք տեղի է ունեցել, միայն թե դրա արդյունքները հրապարակման ենթակա չեն, գաղտնի են: Հիմա Նաղդալյանն այլ բան է պնդում: «Որպես կանոն, բյուրոյում այդ հարցերը չեն քվեարկվում, եւ տվյալ դեպքում նույնպես ԵԽԽՎ նախագահ Չավուշօղլուն ճշտել է` կան արդյոք այլ առարկություններ, եւ բացի հայ պատվիրակության առարկությունից, այլ առարկություն չի եղել,-երեկվա հաղորդագրության մեջ գրել է նա, ապա եւ հավելել,-կանոնադրության «գիտակների» համար ավելացնենք նաեւ, որ ԵԽԽՎ բյուրոյում հարցերն ընդունվում են ոչ թե կոնսենսուսով, այլ ձայների մեծամասնությամբ, եւ որոշման արձանագրության մեջ որեւէ նշում միաձայնության մասին չկա»: Փաստորեն, տիկին Նաղդալյանն ընդունում է, որ ինքն անձամբ չի առարկել ԵԽԽՎ բյուրոյի նիստում, այլ միայն բավարարվել է Դավիթ Հարությունյանի ընթերցած հայտարարությամբ, որի տակ ստորագրել է նաեւ ինքը (այս մասին էլ է «Ժողովուրդ»-ը գրել): Բայց մյուս կողմից նա ընդունում է, որ ԵԽԽՎ-ում հարցերն ընդունվում են քվեարկությամբ, ձայների մեծամասնությամբ, միայն թե ձայների հարաբերակցությունը չի նշվում արձանագրությունների մեջ: Այսինքն` երկու օր առաջ ասում էր, որ քվեարկություն չի եղել, բայց երբ ԵԽԽՎ-ից ասացին` եղել է, հիմա էլ ասում է` քվեարկվել է, բայց միաձայն չի անցել: Այդ դեպքում անհասկանալի է, թե ով է դեմ եղել, եթե ինքը` որպես բյուրոյի անդամ, հրապարակավ չի առարկել:Ինչեւէ, լավ կլիներ, եթե տիկին Նաղդալյանն այս բացահայտումներից հետո պարզապես ընդուներ սեփական սխալն ու լռեր, այլապես իր յուրաքանչյուր հայտարարությամբ նա ավելի է խորացնում իր վիճակը: Թեեւ Նաղդալյանին էլ կարելի է հասկանալ. հավանաբար ժամանակին այս կապակցությամբ լուրջ «ռազբորկաներ» են եղել իշխանական ամենաբարձր մակարդակներում, հետո որոշել են պատմությունը ծածկադմփոց անել: Իսկ երբ այս ամենը կրկին բացահայտվել է թուրք պատվիրակի հայտարարությունից հետո, «Ժողովուրդ»-ն էլ գրեց այդ մասին, Նաղդալյանը հայտնվել է անհարմար իրավիճակում: Բայց, ցավոք, տիկնոջը ոչնչով օգնել չենք կարող: Նա անձամբ պետք է հասկանա իր գործի լրջությունը:ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ
ՆԱՂԴԱԼՅԱՆԸ ՀԵՐՔԵԼ Է ԻՆՔՆ ԻՐԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ