«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Խորհրդարանը երեկ մերժեց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախագիծը, որով նա առաջարկում էր հեշտացնել զինծառայողներին վարձավճարի փոխհատուցում տրամադրելու կարգը: Այսօրվա դրոթյամբ վարձով ապրող զինծառայողներից 81-ը խարդախության հոդվածով դատապարտվում են, քանի որ վարձավճարի պայմանագիր կնքել են մեկի հետ, բայց ապրել այլ բնակարանում:
Պատգամավորի նախագիծը կօգնի այսուհետ խուսափել քաշքշուկից և վերջապես ազատել վարձով ապրող զինծառայողներին դատապարտվելու հեռանկարից: Եվ չնայած այն մերժվեց, կային իրականում իշխանական պատգամավորներ, որոնք ընդամենը կուլ գնացին համընդհանուր որոշմանը, ու դա պարզ երևաց դահլիճում:
Օրինակ՝ Սերգեյ Բագրատյանը նիստի ընթացքում խոսեց, խիստ կարևորեց նախագիծը, սակայն չմասնակցեց քվեարկությանը և իր կողմ դիրքորոշումը չամրագրեց քվեարկությամբ: Գուրգեն Մելքոնյանը ևս կողմ էր նախագծին, հանձնաժողովի նիստում էլ կողմ էր քվեարկել, երեկ դեմ քվեարկեց դահլիճում: Հետաքրքիր էր, որ ՔՊ-ականներից ոմանք՝ Տրդատ Սարգսյանը, Ռուստամ Բաքոյանը ու էլի որոշները, կողմ քվեարկեցին Թագուհի Թովմասյանի նախագծին, ապա շտապ փոխեցին իրենց դիրքորոշումը՝ դարձնելով դեմ:
Սոնա Ղազարյանն ու Լուսինե Բադալյանն էլ ձեռնպահ էին քվեարկել, ապա հայտարարել, թե դեմ են: Հայկ Սարգսյանը, Շիրակ Թորոսյանը, Քրիստինե Պողոսյանը, դահլիճում լինելով, չմասնակցեցին քվեարկությանը։ Արդյունքում նախագիծը ստացավ 22 կողմ, 62 դեմ, 2 ձեռնպահ ձայն:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում