Այսօրվանից մեկնարկում է Ազգային ժողովի հերթական նստաշրջանը, որը բավականին հագեցած է. սպասվում է երեք ընտրություն եւ պարտադիր քննարկման քսանից ավելի հարց, այսինքն՝ օրակարգը ուշ կսպառվի։ Այսպիսով, ՀՀ նախագահ կընտրեն վաղը՝ մարտի 2-ին, իհարկե՝ երկրորդ փորձից, քանի որ առաջին փորձի համար անհրաժեշտ 80 ձայն ՔՊ խմբակցությունը չունի։ Թեկնածուն Վահագն Խաչատրյանն է՝ ՀԱԿ նախկին անդամ, ԲՏԱ նախարար: Այսօր կընտրեն նաեւ Վերաքննիչ հանձնաժողովի ժողովի նախագահ. թեկնածուն Ատոմ Ջանջուղազյանն է՝ նախկին ֆիննախարար։ Իսկ, ահա, մարտի երեքին էլ կընտրեն ԿԲ անդամ։ Նշենք, որ զինծառայողների վերաբերյալ միանգամից երկու հարց է օրակարգում՝ մեկը՝ ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանի, մյուսը ՔՊ ական Հայկ Սարգսյանի հեղինակած։ Վերջինս առաջարկում է ամրագրել, որ զոհված զինծառայողների եղբայրները չծառայեն բանակում, իսկ ընդդիմադիր պատգամավորն էլ առաջարկում է հեշտացնել պայմանագրային զինծառայողներին որպես փոխհատուցում տրվող վարձով ապրելու գումարի տրամադրման կարգը։ Երկու նախագծերն էլ հանձնաժողովում դրական եզրակացություն են ստացել։
Ադրբեջանցիներն ու թուրքերն անգամ հայ գիտնականների աշխատանքն են խոչընդոտում. «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ահազանգում է թուրքագետ Քրիստինե Մելքոնյանը: «Միջազգային հարթակներում թուրքերի ու ադրբեջանցիների համակարգված աշխատանքի հետեւանքով մեր հոդվածների վրա արգելք է դրվում: Միջազգային հարթակներում պարտվել ենք ադրբեջանական քարոզչությանը: Հայաստանի գիտնականներն այս առումով իհարկե քայլեր ձեռնարկում են, բայց պետական աջակցություն ու հայեցակարգ է անհրաժեշտ հաջողության հասնելու համար»,- նշում է նա: Պետության կողմից հստակ ռազմավարության ու հայեցակարգի բացակայության մասին է բարձրաձայնում նաեւ պատմաբան Գեւորգ Ստեփանյանը: «Ադրբեջանի գիտնականները վերջին մեկ տարվա ընթացքում մեր դեմ 60 ավելի գիտական աշխատություն են հրապարակել, հիմնականում՝ օտարալեզու: Իսկ մենք ի՞նչ ենք արել. ցավոք՝ ոչինչ, որովհետեւ այդ քաղաքականությունը պետական անվտանգության մաս չի կազմել, հստակ ուղենիշներ չեն եղել: Ինչ էլ արվել, ակադեմիական մակարդակով է արվել, բայց չկա այն հայեցակարգը, որ իմանան՝ մեր գրած նյութն ինչ հայեցակարգում պետք է տղավորենք»,- ընդգծում է Ստեփանյանը:
Ուշագրավ իրավիճակ է ստեղծվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի քրեական գործով: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քրեական գործով մեղադրյալ, Զինված ուժերին զենք մատակարարող Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավոն, նախաքննական մարմնին «գործարք» է առաջարկել: Վերջինս, ասել է՝ եթե ԶՈւ-ին վաճառած հրթիռը անորակ է, ապա թող հետ տան իր հրթիռները, ինքը պետությանը հասցված վնասը կփոխհատուցի, սակայն նրա հայտարարությունը մնացել է օդից կախված: Եւ կարելի է եզրակացնել, որ ՊՆ գեներալներին կալանավորելը առաջնահերթ քաղաքական հրահանգ է, այլապես իրավապահներին առաջարկված «գործարքը» ընդունելի կլիներ: Նշենք, որ Ազգային անվտանգության ծառայությունում քննվող գործը, ըստ այս կառույցի տարածած հաղորդագրության, վերաբերում է Զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում ենթադրյալ չարաշահումներ եւ առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերին, մասնավորապես` ՊՆ-ի կողմից անպիտան հրթիռներ գնելուն:
Տեւական ժամանակ է, ինչ ձվի շուկայում նորմայից դուրս գնային տատանումներ են: Պատճառը շուկայում որոշ ընկերությունների սահմանած ցածր գներն են, որոնց չեն դիմանում փոքր տնտեսվարողները: Չի բացառվում, որ նրանք առաջիկայում փակվեն: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ փակման եզրին է կանգնած նաեւ թռչնամսի, հավկիթի արտադրությամբ զբաղվող «Լուսակերտի թռչնաֆաբրիկան»: Մեզ հայտնի դարձավ, որ այսօր ընկերության ղեկավարությունը բողոքի ակցիա է իրականացնելու եւ թվով 8000 հավ նվիրվելու բոլոր ցանկացողներին՝ հույս ունենալով, որ հավերն օրեր շարունակ չկերակրման հետեւանքով չեն սատկի: Բացի այս, «Լուսակերտ»-ից մեզ փոխանցեցին, որ հնարավոր է՝ ընկերությունը փակվի, իսկ թվով 88 աշխատակից դառնա գործազուրկ: Նշենք, որ ձվի մեկ հատիկն այսօր վաճառվում է 35-36 դրամով: Ստեղծված իրավիճակի միակ պատասխանատուն, ըստ թռչնաբույծների, «Շիրակ» թռչնաֆաբրիկան է: Բանն այն է, որ «Շիրակ» թռչնաֆաբրիկան ձու է հանել վաճառքի, որը ինքնարժեքից էժան է: Այս ընկերությունը սկսել է ձվի շուկայում գնային տատանումներ անել: Նույնը կրկնում են մյուս խոշոր ընկերությունները, որոնք այլընտրանք չունեն, պետք է էժանացնեն: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Գեղամ Գեւորգյանը մատը մատին չի տալիս իրավիճակը կարգավորելու համար, մինչդեռ այս կառույցը տեւական ժամանակ է, ինչ դիմում-բողոք է ստացել «Աշտարակ ձու» ընկերության կողմից եւ կասկածահարույց դանդաղկոտությամբ դեռ ուսումնասիրում է այն: Դժվար չէ կռահել, թե ինչու է դանդաղում անգործության մատնված կառույցի ղեկավարը. չէ՞ որ, ըստ շրջանառվող լուրերի, «Շիրակ» թռչնաֆաբրիկան պատկանում է իշխանությունների սիրելի Նարեկ Նալբանդյանին, որն, ի դեպ, վերջերս դարձավ թանկարժեք հյուրանոցի՝ «Գոլդեն Փելիս»-ի սեփականատերը: